Ի՞նչ պարգեւավճար, մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից

Ի՞նչ պարգեւավճար, մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից

ՀՀ անկախության 30 ամյակի կապակցությամբ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից փոխանցվեց 381,000-ական դրամ պարգևավճար, ինչը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի բնորոշմամբ «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության տոնի կապակցությամբ։ 

Սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշխատող ուսուցչները, սակայն չեն հիշում, թե վերջին անգամ երբ են «սիմվոլիկ պարգևատրում» ստացել։  

Սյունիքի մարզի Աշոտավանի միջնակարգ դպրոցի տնօրեն` Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ պարգեւավճար ոչ ստացել են, ոչ էլ տվել են ուսուցիչներին․ «Ոչ էլ հրահանգ ենք ունեցել, վերջին անգամ էլ չեմ հիշում, թե երբ է տրվել»։ 

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի N1 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Հասմիկ Եղիազարյանն էլ ասաց, որ պարգեւավճարի հնարավորություն ունեցել են անցած տարվա վերջում՝ դեկտեմբերին, երբ բոլոր աշխատողներին՝ պահակից սկսած մինչեւ ուսուցիչ պարգեւավճար են տվել աշխատավարձի 30 տոկոսի չափով, ինչն այս դեպքում իրոք «սիմվոլիկ պարգևատրում» կարելի է անվանել, բայց դա էլ ամեն տարի չէ, որ հնարավոր է լինում տալ։ 

Տավուշի մարզի դպրոցներից մեկում աշխատող ուսուցիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ որեւէ պարգեւատրում չեն ստացել անկախության 30 ամյակի հետ կապված․ «Ի՞նչ պարգեւավճար, մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից։ Ուսուցիչները միշտ եղել են արհամարհված, ընդորում սա միակ բնագավառն է, որն աշխատում է՝ շատ թե քիչ, լավ թե վատ, բայց շարունակում է մնալ ամենաանտեսվածը»,-ասում է զրուցակիցս։ 

«Ամենանվաստացուցիչը գիտեք որն է, երբ ասում են ատեստավորվեք, որպեսզի ձեր աշխատավարձը բարձրանա՝ սկսած 10 հազար դրամից։ Բայց ես ինչո՞ւ պետք է ատեստավորվեմ, երբ 37 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, լավագույնի կոչում, մի շարք դասընթացների եմ մասնակցել ու ամեն անգամ այդ լիցենզիան ստացել եմ, եթե դրա համար են իմ աշխատավարձը 10 հազարով բարձրացնելու՝ շատ շնորհակալ եմ․․․փառք Աստծո, մասնավոր աշակերտներ եմ պահում եւ կարող եմ իմ կարիքները հոգալ»։

Զրուցակիցս չի հիշում, թե վերջին անգամ երբ է պարգեւավճար ստացել եւ ինչ առիթով․ «Պարզապես երբեմն Նոր տարուց առաջ, երբ դպրոցի ֆոնդում լինում է ավելացած գումար, տնօրենը պարգեւավճար է գրում բոլորին աշխատավարձի ինչ որ տոկոսի չափով։ Բայց տեսեք ինչ է ստացվում՝ պարգեւավճարը տալիս են, դա գումարվում է իմ աշխատավարձին ու արդյունքում էլի բավականին շատ պահումներ է արվում։ Իսկ ընդհանրապես լինի անկախության տոն, ուսուցչի օր, թե մարտի 8 որեւէ պարգեւավճար չենք ստացել։ Եղել է օրինակ երբ ուսուցչի օրվան կամ մարտի 8-ին արհմիությունը որոշակի գումար է տվել ընդհանուր միջոցառման համար, բայց դա չի նշանակում որ պետությունն ինձ պարգեւատրեց կամ պարգեւավճար տվեց։ Հիմա ի՞նչ պարգեւավճարի մասին է խոսքը, ամեն պատգամավոր կարող է ամեն կիսամյակում Երեւանի կենտրոնական մասում մի բնակարան առնի, դարձնի անշարժ գույք, վարձով տա ու դրա արդյունքում Իսպանիայում տներ առնի, իսկ ուսուցչի համար փակ են բոլոր դռները»։