Գեւորգ Նարինյանի հետ առերեսում չի եղել․ նա շարունակում է մեղադրանքը չընդունել 

Գեւորգ Նարինյանի հետ առերեսում չի եղել․ նա շարունակում է մեղադրանքը չընդունել 

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանին կալանքի որոշումը թողել էր անփոփոխ։
Պաշտպանական կողմը դեռ չի ստացել որոշումը՝ հասկանալու համար այն  բողոքարկելու են թե ոչ։ Մեզ հետ զրույցում դատավորի պաշտպան Մհեր Հակոբյանն ասաց, որ տեղյակ չեն նաեւ դատարանի հիմնավորումից։

Մյուս կողմի հիմնական փաստարկը Վերաքննիչում եղել է այն, որ բողոքն անհիմն է ու ենթակա է մերժման։
«Մեր մասնակցությամբ քննչական գործողություններ տեղի չեն ունենում, առերեսում էլ չի եղել որեւէ մեկի հետ»,-ավելացրեց պաշտպանը։
Նարինյանը շարունակում է մեղադրանքը չընդունել։

Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով(ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (Հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ 
Նույն գործի շրջանակում Սնանկության դատարանի եւս մեկ դատավոր Արա Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։