Ում «մերժեցին» իշխանությունները 2019-ին, և ով «մերժեց» իշխանություններին

Ում «մերժեցին» իշխանությունները 2019-ին, և ով «մերժեց» իշխանություններին

2019 թվականը, ի թիվս բազում աղմկահարույց իրադարձությունների, լի էր նաեւ ոչ պակաս աղմկահարույց պաշտոնանկություններով եւ հրաժարականներով։ Նիկոլ Փաշինյանի հետ քայլածներից ոմանք այս տարի չցանկացան նրա հետ շարունակել ճանապարհը եւ «կանգ առ»-ի սթափեցնող ազդանշան հնչեցրին։ Նրանցից որոշները պարզաբանեցին իրենց հեռանալու պատճառները, իսկ մյուսները պարզապես լուռ հեռացան։

Որքան անսպասելի էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, նույնքան էլ կանխատեսելի էր դրան հաջորդած աղմուկը։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ ուշագրավ ու աղմկահարույց տեքստ հրապարակելով։ Դրան կոշտ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ հայտարարությունն էլ Վանեցյանն անպատասխան չթողեց, ասաց․ պատկերացնո՞ւմ եք, եթե ես էլ սկսեմ խոսել՝ «առանց հետեւանքների մասին մտածելու»։ Հրաժարականից հետո Վանեցյանը հարցազրույցներ տվեց, բայց այդպես էլ չպատասխանեց ամենակարեւոր հարցերին, թե ինչը ստիպեց իրեն Փաշինյանին «կանգ առնելու» կոչ անել։ Նա լռեց, նոյեմբերին նրան նաեւ ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացրին, թեեւ հեռացավ ողջ ՀՖՖ գործկոմը։ Ի՞նչ է անելու այսուհետ անպաշտոն Վանեցյանը․ լրատվամիջոցները գրեցին, որ առաջիկայում մտնելու է քաղաքականություն։

«Հին Հայաստանից» մնացած Վալերի Օսիպյանը հեղափոխական թիմի առաջնորդի կողմից «Նոր Հայաստանում» նշանակվեց ոստիկանապետ։ Նրա նշանակումը միանշանակ չընկալվեց՝ Օսիպյանին հիշեցնում էին նրա ոչ այնքան «սուրբ» անցյալը, բայց նշանակողը սիրելի վարչապետն էր, եւ հանդուրժեցին։ Օսիպյանը եւս՝ Վանեցյանի հետքերով, սեպտեմբերի կեսին հրաժարականի դիմում ներկայացրեց՝ չբացատրելով հեռանալու կամ հեռացվելու պատճառը։ Հետոն ավելի անկանխատեսելի էր․ Փաշինյանը, առանց Օսիպյանի համաձայնության, նրան նշանակեց գլխավոր խորհրդական, սակայն նախկին ոստիկանապետը գեթ մեկ օր այդ պաշտոնում չաշխատեց՝ հրաժարականի դիմում գրելով հեռվից։ Հետագայում տեղեկացանք, որ նա Ռուսաստանում է՝ «Մոնարխ» ընկերությունում, Արմեն Գինոսյանի պահնորդական ծառայության ղեկավար է աշխատում։

Երկրի արդարադատությունն իր ձեռքն առած «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը երկար չաշխատեց «քայլած» թիմի հետ։ Նա հրաժարական տվեց։ Ինչո՞ւ։ Ոչ ոքի դա հայտնի չդարձավ, խոստացավ խոսել ու այդպես էլ չխոսեց։ Գնալիս միայն մի անհասկանալի միտք արտաբերեց․ վստահ եմ՝ լավ է լինելու, սակայն եթե լավ չլինի, լինելու է շատ լավ:

Իրեն չորկող սյունեցի համարող ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն  իշխանությանը «հյուծելուց» հետո միայն հրաժարական տվեց։ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի պայքարը Սիմոնյանի դեմ հաջողությամբ պսակվեց․ վերջինս  հեռացավ՝ իր պոստը թողնելով իր իսկ կողմից հեռացված պրոռեկտորին, ում այդպես էլ ռեկտոր չեն նշանակում, եւ ում, ակնհայտորեն, իր ուժերից վեր բեռ է բաժին ընկել: Իսկ համալսարանում ոչ մի շոշափելի փոփոխություն չկա եւ չի էլ սպասվում։

Երեւանի քաղաքապետարանի դեմքը պարզերես անող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը եւս հեռացողների շարքում է։ Նա անսպասելիորեն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց եւ հայտարարեց, որ այդ որոշումը չունի քաղաքական դրդապատճառ․ «Քայլս ամենեւին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քաղաքապետը նրան գրավոր նկատողություն է տվել, եւ նրանք բարդ փոխհարաբերություններ են ունեցել, ինչը կարող էր հրաժարականի պատճառ դառնալ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նույնպես աշնանը հրաժարականի դիմում գրեց։ Հեռանալիս մեղադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանին՝ նշելով, որ իր հեռանալու պատճառը «կոռումպացվածության հասնող թայֆայականությունն» է։

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի պահպանությունն իրականացրած Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովը եւս ազատվեց պաշտոնից։ Այս դեպքում էլ չհրապարակվեց պատճառը։ Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, սակայն ԱԱԾ-ական գեներալը չխոսեց, եւ հայտնի չէ՝ երբեւէ կհրապարակի՞ իր պաշտոնաթողության իրական պատճառը, թե՞ ոչ։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը չէր վստահում նրան, եւ Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո Հայրապետովի հեռացումն էլ էր կանխորոշված։

Մեկ հրաժարական էլ ունեցանք պատգամավորական կորպուսից՝ իմքայլական պատգամավոր Էդգար Առաքելյանը լքեց հեղափոխական թիմը՝ վայր դնելով մանդատը։ Հայտարարեց, որ դա դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որեւէ այլ գործընթացի դեմ, թեեւ ժամանակային առումով համընկնել է դրանց հետ: Սակայն քանի որ Էդգար Առաքելյանն իշխող խմբակցության կազմից Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկած պատգամավորներից էր, նրա հավաստիացումներին գրեթե ոչ ոք չհավատաց:

Սկանդալի մեջ հայտնված մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանն օպտիմալացումից հետո չվերանշանակվեց պաշտոնին։ Նրա հեռացումը վերագրվեց օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու որոշմանն ու բարձրացած աղմուկին, որը կոտրեցին Ղարիբյանի վրա։

Նիկոլ Փաշինյանի հետ քայլած Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց հասարակական ճնշման եւ մամուլի հրապարակումների հետեւանքով։ Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ մարզպետի օգնականը դաժան ծեծի էր ենթարկել փոխգնդապետին, մարզպետի հրաժարականի պատճառը դարձավ։ Միջադեպի մասնակիցները պնդում էին, որ նախկին մարզպետը եւս մասնակցել է ծեծին, չնայած նա եւ Քննչական կոմիտեն հերքում էին։  

Հանրային խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը հեռացավ՝ հայտարարելով, որ  անիմաստ է համարում իր գործունեությունը ստեղծված պայմաններում։ Բացատրեց, որ շաբաթներ շարունակ փորձել է հանդիպել վարչապետին՝ մերժվել է։ Նրան փոխարինեց իշխանությունների քարոզիչներից մեկը՝ Ստյոպա Սաֆարյանը։ Մանուկյանն իշխանությանը քննադատող մի զանգվածի հավաքեց հասարակական-քաղաքական ակումբում, որը թումանյանական ոճով անվանեց «Վերնատուն»։

Տարեսկզբին հրաժարական տվեց նաեւ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված, տասնամյակներ շարունակ Սահմանադրական դատարանը նախագահած Գագիկ Հարությունյանը։ Հեղափոխությունից հետո նա այն պաշտոնյաներից էր, որը փորձեց մնալ իր տեղում, սակայն իշխանությունը մտադիր չէր նրա հետ աշխատել, եւ նրան փոխարինեցին Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանով։ Հարությունյանի հետ հեռացան նաեւ ԲԴԽ որոշ անդամներ։

Երիտասարդ պրոֆեսոր, Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւս տարվա ամենաաղմկահարույցներից էր։ Նրա դեմ տեւական ժամանակ պայքարում էին համալսարանի դասախոսները՝ հակառակվելով վերջինիս ձեռնարկած բարեփոխումներին։ Աղմուկն ավելի մեծացավ, երբ երիտասարդ պրոֆեսորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե դասախոսներից մեկը դասի ժամին խաչապուրի է կերել։ Դասախոսները սկսեցին բարձրաձայնել նրա դոկտորական ատենախոսությունում գրագողություն մասին։ Նախարար Արայիկ Հարությունյանի հետ խոսելուց հետո Հայրապետյանն ազատվեց պաշտոնից։

«Անձիս նկատմամբ Ազգային ժողովի առավելագույն վստահության եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 3 անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում»,- հայտարարեց Էդգար Շաթիրյանը, սակայն պարզ էր, որ նա նեղված էր հանձնաժողովի նախագահ չընտրվելու փաստից։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը։

Հայաստանի հավաքականի կողմից Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր չնվաճելու պատճառաբանությամբ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում ներկայացրեց: Սա թերեւս ոչ այնքան անսպասելի հրաժարականներից էր, քանի որ բազմիցս է խոսվել նրա աշխատանքի որակի եւ հեռանալու մասին։

Կենդանաբանական այգում իրական, թե կազմակերպված՝ կենդանիների անկման դեպքերից հետո այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց։ Այգու մի խումբ աշխատակիցներ՝ ինքնաբուխ, թե ուղղորդված, վաղուց էին պահանջում նրա հրաժարականը եւ, ի վերջո, հասան իրենց նպատակին։  

Եվս մեկ պաշտոնանկություն եղավ տարեվերջին՝ առողջապահության փոխնախարար Լեւոն Հակոբյանն ազատվեց պաշտոնից՝ տեղը զիջելով աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանին: Վերջինս համարվում է նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալը։

ՀԳ․ Հրաժարականների առատությունը խոսում է այն մասին, որ իշխանությունը չի ուզում աշխատել ոմանց հետ, բայց այս իշխանության հետ էլ ոմանք չեն ուզում աշխատել։ Եվ ստացվում է, որ կադրերի հարցը հեղափոխությունից հետո ամենալրջագույն խնդիրներից է։