«Հրապարակ»․ Բրենդային խանութներ` թանգարանի շենքում

«Հրապարակ»․ Բրենդային խանութներ` թանգարանի շենքում

ԱOԿՍ-ի շենքի վարձակալության համար հայտարարված մրցույթում Պետգույքի կառավարման կոմիտեն հաղթող է ճանաչել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ին։ Ընկերությունն առաջարկել է շենքի վարձակալութան համար ամսական 16 մլն 200 հազար դրամ վարձավճար` մեկնարկային գնից (15 մլն 450 դրամ) քիչ ավելի: 
Հասկանալի է, որ այսքան բարձր գին դնելով՝ Պետգույքի կոմիտեն ի սկզբանե չի պատրաստվել այստեղ մշակութային օջախ ստեղծել, քանի որ ոչ մի մշակութային օջախ Հայաստանում այսքան գումար չի կարող վաստակել՝ տարածքի նման չափի վարձը տալու համար: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ ի սկզբանե մտադրություն է եղել ԱՕԿՍ-ի շենքը հանձնել խիստ եկամտաբեր բիզնեսի: «Զեթ ընդ Էյ» կամ Z&A ընկերության դեպքում՝ խանութների ցանցի: 

Ի դեպ, այս ընկերությունում է 2009-2013թթ․ աշխատել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ որպես սպասարկող գործակալ եւ մարքետոլոգ: Z&A ընկերությունը Հայաստանում ներկայացնում է մի շարք հայտնի բրենդներ` Burberry, Ermenegildo Zegna, Emporio Armani եւ այլն: Այնպես որ, չբացառենք, որ արվեստի եւ նորաձեւության կենտրոն ասվածը ժամանակի ընթացքում սահուն կվերածվի սովորական բրենդային խանութի ու սրճարան-ռեստորանի, որպիսիք կան ցանկացած մոլում: 

Z&A ընկերությունն ավելի վաղ գնել է ԱՕԿՍ-ի հարեւան «Ալեն-Էլեն» գիշերային ակումբի շենքը, որը նույնպես Աբովյան փողոցում է` նույն հասցեում: Այնպես որ, Z&A-ին շատ հարմար է նույն հասցեում երկու բիզնես-կենտրոն ունենալը: Ու սա դեռ, կարելի է ասել՝ լավ պրծանք: Մեր տեղեկություններով, ըստ նախնական մտահղացման, որը ծնվել էր իշխանական վերեւներում, այստեղ ուզում էին ռեստորան հիմնել, եւ անգամ հավակնորդի անուն էր նշվում` «Երեմյանները», որոնք վերջին տարիներին հաջողված բիզնես գործունեություն են ծավալում` ռեստորանների ցանցից մինչեւ կաթնարդյունաբերություն, սակայն «Երեմյանները» մեզ հետ զրույցում հերքեցին այդ լուրերը, թե նման մտադրություն չեն ունեցել: Գուցե իշխանությունն էլ, աղմուկից զգուշանալով, վերջին պահին հրաժարվել է այդ մտադրությունից: 
Վերադառնանք հաստատված նախագծին, որի շրջանակում 2 տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում, ինչպես հայտնում է Պետգույքի կոմիտեն: Ըստ նախագծի, այստեղ լինելու է արվեստի եւ նորաձեւության կենտրոն՝ ցուցասրահով, արվեստանոցով, սրճարաններով: Նախօրեին անգամ հաղորդագրություն տարածեցին․ ««Կերոն» զարգացման հիմնադրամը, «Զեթ ընդ Էյ» ՍՊ ընկերությունը եւ «Maison Marom» ՍՊ ընկերությունը մեծ ուրախությամբ հայտարարում են Երեւանի հնագույն եւ եզակի շենքերից մեկի՝ Աբովյան 3 հասցեում գտնվող եւ առավել հայտնի որպես «ԱՕԿՍ-ի շենք», վերածննդի նոր նախագծի մեկնարկը։  Նախատեսվում է ունենալ սրահներ, որտեղ կներկայացվեն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական արվեստի լավագույն նմուշներ, լյուքս դասի հագուստի բրենդներ, կգործեն արվեստանոց եւ սրճարան»։ 

Հիշեցնենք․ ԱՕԿՍ-ի շենքը, որն առկա է Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, ապօրինի գույքի բռնագրավման գործընթացի շրջանակում հետ վերցվեց այն ապօրինաբար տնօրինած մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանից եւ Արմեն Սմբատյանից ու հանձնվեց Պետգույքի կառավարման կոմիտեի տնօրինմանը։

Իսկ ի՞նչ է եղել այս շենքում՝ մինչեւ քրեական գործի հարուցումը: Պարզվում է, այն պատրաստի մշակութային օջախ է եղել՝ գորգերի թանգարան, որտեղ անձնական միջոցներից մեծ ներդրում է կատարել «Հայկական գորգի եւ ասեղնագործության ազգային կենտրոն» ՀԿ նախագահ, 2018-ից «Որդան կարմիր» թանգարան-գիտամշակութային հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ նա ծախսել է մոտ 350 հազար դոլար: Վիկտոր Մնացականյանը հրաժարվեց ճշգրիտ նշել ծախսած գումարի չափը՝ ասելով, թե դա էական չէ, բայց ասաց, որ 2017-ին Գորգի ազգային կենտրոնն այստեղ հիմնել է Հայաստանում գորգերի առաջին «Որդան կարմիր» թանգարանը: Նա ԱՕԿՍ-ի շենքը գորգերի ցուցադրության եւ վաճառքի համար իդեալական տարածք է համարում: 

«Մենք վարձակալել էինք նկուղային հարկը, երկրորդ հարկը եւ տանիքը: Մի քանի հարյուր հազար դոլար ես իմ միջոցներից ծախսել էի, որպեսզի Երեւանում լինի իսկական գորգի եւ ասեղնագործության թանգարան: Իհարկե, սա 1-5 տոկոսն է նրա, ինչը մենք կուզեինք աշխարհին ցույց տալ, բայց գորգի հանրահռչակման համար՝ որպես դիսփլեյ, որպես show room, ցուցադրահարթակ, շատ հարմար էր: 3 սրահներ էին: Մեկում հիմնականում գորգերն էին, մեկում՝ ասեղնագործությունը, երրորդն էլ գիտական եւ այլ միջոցառումների համար էր: Այնտեղ պատկերասրահի չափ տեղ կար, որ տուրիստները գան, տեսնեն: Մենք ուզում էինք շենքի նկուղային հարկում, որտեղ առաջ «Թիֆլիս պանդոկն» էր, իսկ հիմա ռեստորան է, կառուցեինք գորգերի եւ ձեռագործ աշխատանքների էքսկլյուզիվ խանութ: Մենք նաեւ տանիքն էինք օգտագործում հետաքրքիր ձեւով, որ այդտեղ միջոցառումներ կազմակերպվեին, եւ թանգարանի համար փող աշխատեինք: Մենք ունեինք նաեւ լավ թիմ, ունեինք որդան կարմիրի լավագույն մասնագետ՝ Անի Ոսկանյանի հետ էինք աշխատում։ Ես գնացել էի Եվրոպա, աշխատել էի լավագույն գորգի փորձագետների, կոլեկցիոներների հետ, որոնց կեսը  հայ են: Նրանք պատրաստ էին համագործակցել, նվիրել մեզ հարյուրավոր գորգեր, ընդամենը պետք էր, որ պետությունը մի թեթեւ աջակցեր, բայց չօգնեցին»,- ասում է Վիկտոր Մնացականյանը: Հայկական գորգն ու գեղարվեստական ասեղնագործությունը, ըստ նրա, այն է, ինչով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին, ինչի մասին պետք է գոռանք, ճչանք աշխարհով մեկ: 

Հետագայում սկսվեց քրեական գործը, եւ բոլոր ծրագրերը կանգնեցին: Երբ քրեական գործընթացներն ավարտվել են, եւ պետությունը վերցրել է շենքը, Գորգի ազգային կենտրոնը դիմել է ԿԳՄՍ նախարարություն` խնդրելով վերադարձնել իրենց տարածքը՝ այնտեղ գորգի թանգարան հիմնելու նպատակով: «Մեզ պատասխանեցին, որ դա մերը չէ, դիմեք Պետգույքի կոմիտեին։ Դիմեցինք, բայց այնտեղից էլ ցրողական պատասխան ստացանք, թե` տվել ենք գնահատման, փոխանակ ասեին՝ եկեք, հետ վերցրեք, սարքեք թանգարան: Հիմա դա դառնալու է կերուխումի տեղ կամ խանութ: Պարզ էր, որ նրանք չեն ցանկանում, որ ԱՕԿՍ-ի շենքում մշակութային օջախ լինի: Էս մարդիկ մշակույթից չեն հասկանում, հայրենիքաճանաչությունից չեն հասկանում, չգիտեն, թե մեր ինքնությունն ինչ բան է»: 
Մնացականյանը համոզված է, որ մի օր ԱՕԿՍ-ը կրկին դառնալու է մշակութային օջախ: «Վերցրեք, ծախեք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը` տարեկան 5 օր է աշխատում, լավ հյուրանոց կարող է լինել, կողքը «Պապլավոկն» է, զբոսանքի տեղեր, այգի: Էլի նման 5-6 շենք կարող եմ ասել, բայց մի կպեք մշակութային օջախներին, Կոնսերվատորիային, համալսարաններին: Երիտասարդներն ու կրեատիվ մասսան պետք է կենտրոնում մնան, մշակութային օջախները պետք է մնան կենտրոնում»,- օրվա իշխանությանը հորդորում է Կենտրոնի նախկին թաղապետը: Իսկ ԱՕԿՍ-ի ներկայիս տերերին խորհուրդ է տալիս շատ գումար չծախսել շենքի վրա, որովհետեւ այն կրկին վերադարձվելու է մշակույթին: Հարցին, թե ինչու չի մասնակցել վարձակալության համար հայտարարված մրցույթին, պատասխանում է հարցով. «Դուք գիտե՞ք մի տենդեր էս վերջին տարիներին, որ մաքուր է անցկացված»: 

Ի գիտություն՝ ԱՕԿՍ-ի շենքը (ռուսական հապավում է՝ Армянское общество культурных связей) կառուցվել է 1914-1917 թթ․՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի պատվերով, ով իր 10 մահճակալով վիրաբուժական բաժանմունքը, որն առաջինն էր Երեւանում, տեղավորել էր առաջին հարկում, իսկ երկրորդում ինքն էր ապրում: 1923-ին շենքը բռնագրավեց Սովետը, եւ մինչեւ 1944 թվականն այստեղ «Մալարիայի հիվանդանոցն» էր։ Հետագայում շենքում տեղակայվեց Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը: