Պատերազմներին լավագույնները զոհվեցին, սերուցքը ոչնչացվել է, մնացել է մրուրը․Շիրակի թեմի առաջնորդ

 Պատերազմներին լավագույնները զոհվեցին, սերուցքը ոչնչացվել է, մնացել է մրուրը․Շիրակի թեմի առաջնորդ

Մենք չենք ընդունում, որ հիվանդ ենք, մի բան էլ պախարակում ենք նրան, ով համարձակվում է նման բան ասել: Մենք էլիտա չունենք, որ մի բան էլ հիվանդ լինի: Չի կարող հիվանդ ժողովուրդն ունենալ առողջ էլիտա և հակառակը. հիվանդ էլիտան չի կարող ձևավորել առողջ հանրություն,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Մեզ բաժին հասած կատակլիզմներին, աղետներին, պատերազմներին լավագույնները զոհվեցին։ Այդ կատակլիզմների հետևանքով սերուցքը ոչնչացվել է, մնացել է մրուրը։ Բնականաբար շատ երկար ժամանակ է պահանջվում, որ մրուրից ձևավորվի նոր սերուցք: Ժամանակի հետ պետք են նաև քաղաքականություն, գաղափարախոսություն, կրթություն. անհույս չէ վիճակը, բայց երբ տեսնում ենք, որ ախտորոշումը չենք ուզում ընդունել, վիճակը դառնում է անհույս։

Ի՞նչ ասեմ սփոփիչ, ասե՞մ՝ ոչինչ, որ Արցախը տանուլ տվեցինք: Վերջին 150 տարում միայն կորցրել ենք, Արցախը չէինք կորցրել, այն էլ կորցրինք: Այսքանից հետո ապաշխարություն չկա, չենք ընդունում, որ մեր սխալով կորցրինք, միշտ ուրիշներն են մեղավոր: Երանի ես սխալվեմ, թող Արցախը վերադարձնենք, բայց չի կարելի փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ։

Սրբազանի գնահատմամբ իշխանության վերընտրվելը վկայում է այն մասին, որ մարդիկ հաշտ են այս իրողություններին. հակառակ դեպքում իշխանությունը վաղուց փոխված կլիներ։

«Հայ ժողովուրդը չի ուզում փոխվել, չի ուզում հեռուն նայել, չի ուզում ոտքի կանգնել, ուզածը միայն փողն է: Հայկական հիվանդությունը փողի, ունեցվածքի նկատմամբ սարսափելի երկրպագության մեջ է. մինչև չձերբազատվենք դրանից, չենք ունենա ուժեղ պետություն»: