Դեսպանի «լայքը» հեռացվեց, բայց նստվածքը մնաց
Նախօրեին համացանցում մեծ աղմուկ բարձրացավ՝ Թվիթերում Շուշիի գրավումը տոնող ադրբեջանական քարոզչական գրառման տակ մարդիկ նկատել էին Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի «լայքը»։ Այժմ այդ «լայքն» արդեն հեռացված է՝ մեզ տեղեկացրեց ԱԺ նախկին պատգամավոր, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան նախկին քարտուղար Արման Աբովյանը։ Նա ասում է, որ տեսնելով դեսպանի «լայքը»` պարզապես աչքերին չի հավատացել ու վերապահումով է մոտեցել, որ սոցիալական ցանցերում տեխնիկական ինչ-որ հնարքների կիրառմամբ գուցե հնարավոր են նման բաները, որ դեսպանն անձամբ չի «լայքել»։
«Ես անմիջապես ասել եմ, որ պետք է պարզաբանում ստանանք դեսպանից կամ ԱԳՆ-ից, որովհետեւ այդ էլեկտրոնային համակարգերը` իրենք, կարող են կառավարվել կողքից։ Որովհետեւ պարզապես հավատս չէր գալիս, աչքերիս չէի հավատում, որ կարող է ՀՀ դեսպանը տենց բան լայքի: Սակայն առավոտյան այդ թվիթի տակ այդ լայքը չկա, թե հիմա տեխնիկական խնդիր է, թե այդ լայքը հանել է՝ չգիտեմ»,- ասաց Արման Աբովյանը։ Բնական է, որ նման բանի դժվար է հավատալ, անգամ եթե քո աչքով ես տեսնում։ Օրինակ, մի պահ պատկերացնենք, որ վրացի որեւէ դիվանագետ, այն էլ՝ դեսպան, այն էլ՝ իրենց համար ամենակարեւոր երկրում, «լայքում» է Աբխազիայի կամ Օսիայի գրավումը խորհրդանշող ինչ-որ մի կոլաժի տակ։ Մի ահավոր բոլոլա ու դիվանագիտական սկանդալ կարող է դա առաջացնել։ Նշենք, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան էջում այս մասին ոչ մի խոսք չկա։
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանն էլ դեռեւս պարզաբանում չի ներկայացրել, իսկ ավելի ուշ խորհուրդ տվեց ծանոթանալ սկզբնաղբյուրին։ Թե ինչ նկատի ուներ՝ անհայտ մնաց, որովհետեւ չպարզաբանեց։ Ոչ էլ պատասխանեց այն հարցին, թե, այնուամենայնիվ, տիկին դեսպանի հետ խոսե՞լ են, գուցե ասել է, որ մա՞տն է կպել, կամ այլ բան։ ԱԳՆ խոսնակը մեր հարցին ի պատասխան միայն գրել էր․ «Եվ մի՞թե կարծում եք, որ ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան որեւէ մեկը կարող է «հավանել» որեւէ «ադրբեջանամետ» գրառում»։ Մինչդեռ սյուրռեալիստական այսօրվա Հայաստանում, այո, ամեն ինչ էլ հնարավոր է։
Հաշվի առնելով Հասմիկ Տոլմաջյանի երկարամյա դիվանագիտական փորձը (նա շատ հաճախ թարգմանում էր նաեւ Սերժ Սարգսյանի եվրոպական հանդիպումների ժամանակ տեղի ունեցող առանձնազրույցները) ու նաեւ նախկին գործընկերների կարծիքը, թե հաստատ սխալմունք է, մենք էլ ենք ուզում դրան հավատալ։ Նման կարծիք հայտնեցին նաեւ ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հայրապետյանը, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը։
Ինչեւէ, Արման Աբովյանը կոչ է անում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագետները, պաշտոնյաները սոցիալական ցանցերում շատ զգույշ լինեն, որովհետեւ անգամ այդ անզգույշ «լայքերը» ադրբեջանական ու թուրքական կողմից մեծ թափով «պտտացվում են» տարբեր քարոզչական նյութերում ու անգամ՝ եվրոպական ատյաններում։ Բազմաթիվ են նախադեպերը․ Ռուբեն Ռուբինյանի «կողմ» կոճակսեղմումը՝ Նավալնու հարցով հակառուսական բանաձեւի տակ, ինչը, ի դեպ, ուռճացվեց եւ տիրաժավորվեց ադրբեջանական եւ թուրքական շրջանակների, նաեւ՝ մեդիայի կողմից։
Հիշեցնենք, որ «լայքը» դրվել էր հայկական անուն-ազգանունով գրող, քաղաքագետ, Բաքվի ADA համալսարանում դասախոսություններ կարդացած (նաեւ պատերազմից հետո) ոմն Վիգեն Չեթերյանի գրառման տակ, ով իր էջում տեղադրել էր ադրբեջանցի մի լուսանկարչի կոլաժ, որում 1992 թվականի դեռ չազատագրված Շուշիի նկարն է, հետո՝ 2020 թվականի նկարը՝ արդեն գրավված Շուշիից, եւ «ադրբեջանական ռազմական ոգու հաղթանակը» գրառումը։ Նաեւ գովեստի խոսքեր, որ «Ռեզան իրական արվեստագետ է, ով ֆոտոխցիկ է բռնում, բայց Կալաշնիկովի էֆեկտով»։ Եվ Շուշիի գրավումը տոնող այդ լուսանկարի տակ էլ հայտնվել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի «լայքը»։
Ինչ վերաբերում է Չեթերյանին, ապա Եվրոպայում բնակվող այդ մարդը տարբեր խաղաղասիրական ծրագրերի անվան տակ պարբերաբար այցելում էր Հայաստան եւ կազմակերպում իր գրքերի տպագրությունը։ 2014-ին, օրինակ, պատրաստել է «Լռության 100 տարի` թաքնված հայեր» գիրքը, որը պետք է հրատարակվեր Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում։ Նա նաեւ պարբերաբար տարբեր եթերներում, առավել հաճախ՝ Առաջին լրատվականի, հանդես էր գալիս տարբեր քաղաքագիտական վերլուծություններով։
Կարծիքներ