Վերջ տվեք տուն- տունիկ խաղալը, անցեք իրական քայլերի

Վերջ տվեք տուն- տունիկ խաղալը, անցեք իրական քայլերի

Մի անգամ չեղավ, որ պատասխանատու անձը կամ պաշտոնյան մի հարցում էլ փորձի տեսնել հենց իր մեղքը։ Երկու տարի է՝ հոգնեցինք նախկինների վրա ամեն ինչ բարդելու ու տեղում դոփելու քաղաքականությունից, հիմա էլ զգում եք, որ մարդիկ արդեն հոգնել են հազար անգամ նույն երաժշտությունը լսելուց, անցել եք նոր կատարումների։ Մեղավոր է ժողովուրդը։ Ստորև բերված գրառումն առաջին հայացքից թվում է անկեղծ մտահոգություն և մարդիկ, առանց արմատների մեջ խորանալու, մեղադրում են իրենց նմաններին, երբևէ չխորանալով՝ որտեղ է թաքնված արմատը։

Ինչու՞ են մարդիկ անպատասխանատու դարձել, ինչու՞ չեն լսում համավարակի մասին իշխանության ահաբեկումները՝  «տներում չեն նստում» կամ համապատասխան պարագաներով  «զինված չեն» փողոց դուրս գալիս։ Դա մի պարզ պատճառ ունի՝ չեն հավատում։ Ոչ թե չեն հավատում համավարակին, այն այն պատասխանատուներին, ովքեր իրականացնում են այդ գործողությունը։ Չհավատալու հիմքերը բազում են, ու դա ամեն օր է գրվում՝ բա որ ասում էիք, բա դուք ինչու՞ եք․․․ 

Պատասխանատուները շարունակում են իրենց ձևացնել կույր ու քայլեր անել, որ մարդիկ հավատան, որ համավարակ կա։ Սկսել են արդեն տալ ճանաչված մարդկանց անուններ, որ ինքնամեկուսացված են, շփվել են վարակակիրների հետ, հաջորդ օրը համացանցը հրապարակում է այդ ճանաչված մարդու լուսանկարը հանրային վայրում՝ առանց դիմակի։ Կհավատա՞ն։

Եթե առաջ չէր կարելի, հիմա արդեն ասում են, թե ճանաչվածներից ովքեր են վարակակիր, անգամ նրանց պատմություններն են հանրայնացնում, մեկ է , չի օգնում։ Անգամ Առողջապահության նախարարի «ահաբեկչական»  հայտարարությունը, որ հարյուր հազարավոր վարակակիրներ ենք ունենալու, հազարավոր մահեր», էլի չի ազդում։ Ասեմ, որ ինչքան էլ սարսափազդու բաներ պատմեն, ողջ համացանցը հեղեղեն վարակի հետևանքով մահացածների անուններով, էլի չի օգնելու։ Որովհետև պատճառը դա չէ, պատճառը անպատասխանատվությունը չէ, պատճառը այն չէ, որ երիտասարդները չեն սիրում իրենց ծնողներին և դրսում  ազատ շփումներ են ունենում։ Պատճառը այնքան պարզ է, որ պատասխանատուները, վարակի դեմ պայքարողները չեն ուզում տեսնել, կույր են ձևանում։

Մարդիկ չեն հավատում ձեզ։ Երբևէ ձեր մտքով անցե՞լ է, թե ինչու՞ մարդիկ կուրորեն եկան ձեր հետևից։ Որովհետև հավատում էին։ Հիմա ինչու՞ չեն լսում։ Որովհետև ձեզ չեն հավատում։ Վարչապետն առանց երկմտելու փոփոխություններ պետք է կատարի, եթե այն ինչ կատարվում է, պարտադրված քաղաքականության ընդունում չէ իր կողմից։ Առողջապահության բնագավառում ղեկավար  նշանակեք աշխարհաքաղաքական շահերից զերծ, քաղաքականությունից դուրս մի սրտացավ, անբասիր  բժշկի․․․ Նույնը բոլոր բնագավառներում։ Նորից եմ կրկնում, եթե նման մարդկանցով շրջապատելը պետական քաղաքականություն չէ և հեռահար պլանների իրագործման ծրագիր։

Հիմա այս ֆոնի վրա մեջբերենք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․

Grigor Yeritsyan

Քիչ առաջ իջա Տերյան փոցոցի «Պարմա» սուպերմարկետ և այն ինչ կիրակի օրը գիշերով կատարվում է քաղաքի կենտրոնում ինձ այլևս թույլ չի տալիս հույս դնել մեր քաղաքացիների անձնական պատասխանատվության վրա։ Կյանքը գիշերային Երևանում ընթանում էր սովորականի պես՝ լիքը սրճարաններ, առանց դիմակի ու ձեռնոցների լիքը մարդիկ, բազմաթիվ տարեցներ ու երեխաներ, ամենուր բարձր երաժշտություն ու որ ամեն ինչ տեղը ընկնի, կեսգիշերին էլ հրավառություն․ կարծես բան էլ չի եղել։

Եթե այսպես շարունակվեց, վստահ եմ նորից անցնելու ենք խիստ սահմանափակումների։

Խիստ սահմանափակումներ եղել են՝ օգնե՞լ է։ Ավելի է վատթարացել վիճակը։ Վերջ տվեք տուն- տունիկի խաղալը, անցեք իրական քայլերի։