Սպասելի է, որ էլի կունենանք վաղաժամկետ ընտրություններ․ Արտակ Կիրակոսյան 

Սպասելի է, որ էլի կունենանք վաղաժամկետ ընտրություններ․ Արտակ Կիրակոսյան 

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի հետ։

- Պարո՛ն Կիրակոսյան, թե՛ նախընտրական շրջանում հռետորաբանությունը, թե՛ ընտրությունների օրն ու դրանցից առաջ ընդդիմադիր ուժերի շտաբների ղեկավարների բերման ենթարկելը, տեղամասերում հոսանքազրկումներն ի՞նչ ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա։ Տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են սպաները ուղղորդում զինվորներին, որ իշխանությունների օգտին քվեարկեն։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ամեն ինչը, և այս դեպքերը կարո՞ղ են հիմք հանդիսանալ, որ ընտրությունները չեղարկվեն։

- Կարծում եմ, որ սա ամենաժողովրդավարական ընտրություններն են, որ տեղի են ունեցել մինչև հիմա Հայաստանում։ Դա նրանով էր պայմանավորված, որ, ըստ էության, պայմանները բավականին հավասար էին։ Մեդիայի մասով հիմնական ընդդիմությունը [«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ] պակաս հնարավորություններ չուներ։ Նաև թե՛ ֆինանսապես, թե՛ տարբեր լծաներով և այլն, ըստ էության, համարյա հավասար էին հնարավորություններն իշխանությունների հետ։ Ու այդ իմաստով գուցե ամենամրցակցային ընտրություններն էին։ Մենք կարող ենք ինչ-որ իմաստով 2018 թվականի ընտրությունների հետ համեմատել, սակայն 2018-ին ընդդիմությունը շատ թույլ էր, մրցակցային իմաստով թույլ ընտրություններ էին։ Եթե համեմատականի մեջ գնահատենք երբևիցե Հայաստանում եղած ընտրությունների հետ, երևի թե ամենահաջողված ընտրություններն էին։ Եթե նայում ենք ուրիշ պրոցեսների, իհարկե, կարող էր ավելի լավ լինել։ Հռետորաբանությունը կարող էր ավելի լավ լինել, ծրագրերի ներկայացումն ավելի լավ լիներ, ավելի ընկալելի լիներ հասարակության համար և այլն։ Բայց հաշվի առնենք, որ հետպատերազմյան վիճակում ենք, ու սա ինչ-որ առումով անցումային փուլ էր։ Սպասելի է, որ էլի կունենանք վաղաժամկետ ընտրություններ, որովհետև այնպես չէ, որ այս ընտրություններն ամբողջությամբ լուծեցին քաղաքական ճգնաժամը։ Ինչ-որ իմաստով մեղմեցին, որովհետև ամեն մեկը հասկացավ իր ուժերը, հասարակությունը գնահատեց իրենց ուժերը, թե որ քաղաքական ուժը որքան վստահություն ունի։

- Հունիսի 23-ին 70-ից ավելի տեղամասերում վերահաշվարկներ եղան, և պարզվեց, որ տարբեր կուսակցությունների մոտ ձայները քիչ են հաշվվել, քիչ են արձանագրվել։ Ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայներ հավաքած «Հայաստան» դաշինքին 700-ից ավելի ձայն է վերադարձվել։ Սա արդեն խնդրահարույց չէ՞։ Նաև հաշվի առնելով, որ քվեաթերթիկները հաշվելու ընթացքում միաժամանակ մի քանի խոշոր համայնքներում լույսերը գնացին։

- Չեմ կարծում, որ ազդեցություն կունենան, որովհետև համեմատականի մեջ այնտեղ, որտեղ հոսանքները գնացել էին, և այնտեղ, որտեղ որ՝ ոչ, էական տարբերություններ չկային։ Ամեն դեպքում, Հայաստանի բոլոր ոլորտներում տեխնիկական, մասնագիտական խնդիրներ կան և այլն։ Ու բնական է, որ վարչական լծակներն էլ էին օգտագործվել, բայց անհամեմատ ավելի քիչ, քան մենք ունեինք նախորդ տարիներին։ Այս իմաստով ես չեմ կարծում, որ էական նշանակություն ունեին արդյունքների վրա այս բոլոր տիպի խնդիրները։ Չեմ կարծում, որ որևէ հիմք կա վիճարկելու։ Այնուամենայնիվ, այս ընտրությունները բնորոշում են այն իրավիճակը, այն ընտրողների ցանկությունները կամ գոնե իրենց կամարտահայտությունը, որը որ իրականում կա։

- Տեսեք, «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդել է, որ 100 հազարից ավելի [150 հազար] ձայն իրենցից գողացվել է, փոխվել են քվեաթերթիկները, ու ինքն էլ է պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան։ «Հայաստան» դաշինքն էլ է պատրաստվում դիմել ՍԴ`  իրենց կողմից արձանագրված խախտումների հետ կապված։ Նաև Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք» կուսակցությունը բռնության, ատելության կոչերի [երբ որ Նիկոլ Փաշինյանը մուրճով սպառնում էր քարոզարշավի ընթացքում] հիմքով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։

- Զզվելի էր բառապաշարը, որ օգտագործում էին Նիկոլ Փաշինյանը, որոշ ընդդիմադիր ուժեր, բայց այդ ամեն ինչը պետք է դիտել իրականության մեջ։ Այն գռեհիկ արտահայտությունները, որ Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց՝ «շինել», «կզացնել» և այլն, կամ մուրճ թափ տալը, դրանք այնպիսին չեն, որ դրանցից ուղղակի բխում են գործողություններ։ Այսինքն՝ ինչ-որ իմաստով դրանք սիմվոլիկ տիպի բաներ են, որոնք որ կարող են դիտվել որպես բարոյական։

- Բայց կարո՞ղ էին հոգեբանական ճնշում լինել ընտրողների վրա, օրինակ՝ «Եթե այսպես չանեք, ձեզ հետ այսպես կանենք»։

- Չեմ կարծում, որ այդպիսի արտահայտություններից բխում են ուղղակի գործողություններ։ Մենք մեր իրավական պրակտիկայում էլ ունենք այդպիսի բաներ։ Դատարանի որոշումներով, ասենք՝ վեճի մեջ մեկը մյուսին ասել է՝ «կոկորդդ կկրծեմ», ու դատարանը դա դիտել է որպես մի արտահայտություն, որից ուղղակի չեն բխում գործողություններ։

- Գործողության անելու մասով չեմ ասում։ Ես ասում եմ, որ հոգեբանական ճնշման փորձ լիներ, և որ ընտրողը հանկարծ չհամաձակվի չընտրել իշխանությանը։ Սա դիտարկենք որպես հոգեբանական ճնշում։

- Չեմ կարծում, որ որևէ դատարան դա այդպես կընկալի։ Բայց եթե դա դիտում ենք զուտ իրավական մասով, այդ արտահայտությունները կամ մուրճ թափ տալը, կամ հակառակ ճամբարից «դավաճան», «դատարանի առաջ ես կանգնելու» և այլն, բռնության հետ կապված որևէ իրավական կապ չկա։

- Տեսե՛ք, ես նկատի ունեմ, որ մուրճի սպառնալիքով հոգեբանական ճնշում է գործադրվում, և ընտրողը, վախենալով, որ իր հետ ինչ-որ բան կլինի, գնա-ընտրի իշխանությանը։ Այդ առումով եմ ասում։

- Ճիշտ եք ասում, բայց դրա համար պետք է լինի կոնկրետ մարդը կամ մարդկանց խումբը, որը որ հանդես գա որպես տուժող և ասի՝ «ես այս արտահայտության պատճառով զգացի, որ իմ նկատմամբ այսպիսի գործողություններ կլինեն։ Ու դա ազդեց իմ ընտրության, կամարտահայտության վրա»։ Այդ առումով դատարանը կարող է դիտարկել, որ կոնկրետ անձի վրա կոնկրետ այս գործողությունն ազդել է։ Բայց չեմ կարծում, որ մասսայական կամ թեկուզ փոքր խմբերով դա կլինի, որովհետև շատ հնարավոր է, որ ֆարսի վերածվի։