Սև ցուցակից դուրս բերելու համար համագործակցություններ են դիտարկում և որակավորման դասընթացներ անում

Սև ցուցակից դուրս բերելու համար համագործակցություններ են դիտարկում և որակավորման դասընթացներ անում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 2020 թվականի մարտի 20-ից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2020 թվականի մարտի 23-ի թիվ 422-Ա հրամանի՝ հիմնված անաշխատունակության թերթիկի վրա ։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեից․

«Համաձայն նախարար Սուրեն Պապիկյանի հրամանի՝  Ռևազյանը հղիության և ծննդաբերության արձակուրդում կլինի մինչև 2020 թվականի օգոստոսի 6-ը ներառյալ։ Մինչև արձակուրդի տրամադրելը Ռևազյանը նախարար Սուրեն Պապիկյանի 16.03.2020 թվականի թիվ 399-Ա հրամանով 2020 թվականի մարտի 16-ից մինչև մարտի 19-ը ներառյալ համաձայն իր դիմումի գտնվել է արձակուրդում՝ օգտագործելով իր ամենամյա արձակուրդի օրերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2020 թվականի հուլիսի 29-ի թիվ 1015-Ա հրամանով կոմիտեի նախագահ Ռևազյանին 2020 թվականի օգոստոսի 7-ից  մինչև 2020 թվականի սեպտեմբերի 14-ը ներառյալ տրվել է երեխայի խնամքի համար արձակուրդ՝ հիմք ընդունելով Ռևազյանի 28.07.2020 թվականի գրված դիմումը։ Համաձայն Սուրեն Պապիկյանի 16.03.2020 թվականի թիվ 399-Ա, 25.03.2020 թվականի 436-Ա, և 29.07.2020 թվականի թիվ 1015-Ա հրամանների Ռևազյանի պարտականությունների կատարումը վերապահվել է կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին»,- ասված է ՔԱԿ-ի պատասխանում։ 

Կոմիտեից փորձել էինք ճշտել, թե ի՞նչ գործողություններ են կատարվում մեր քաղավիացիան EASA-ի սև ցուցակից հանելու համար։ Կոմիտեից պատասխանել են՝ համագարծակցություններ են դիտարկում և որակավորման դասընթացներ են անցկացնում․

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կոմիտեն սերտ համագործակցում է Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության հետ (EASA), քննարկվում և դիտարկվում են մի շարք եվրոպական առաջատար երկրների ավիացիոն իշխանությունների հետ համագործակցելու հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվում են շարունակական որակավորման դասընթացներ Կոմիտեի աշխատակիցների համար, ինչի արդյունքում հնարավոր կլինի ՀՀ Քաղաքացիական ավիացիային և Հայաստանում գրանցված և շահագործման իրավունք ստացած ավիաուղիներին դուրս բերել թռիչքային անվտանգության սահմանափակումների ցանկից և համապատասխանեցնել օդային անվտանգության միջազգային կազմակերպությունների նորացված ստանդարտներին»։