Անիծվա՞ծ հայրենիք

Անիծվա՞ծ հայրենիք

Չգիտեմ, թե ուրիշներն ինչպես, բայց ինձ համար չափազանց ծանր էր կարդալ այս բառերը. «Իմ ԱՇԽԱՐՀ Աշխարհս քանդվեց ... Ու չասեք որ էս ԱՆԻԾՎԱԾ հայրենիքը ՀՈՐԻՑՍ ԹԱՆԿ ԷՐ... »:  Հեղինակը ադրբեջանական հերթական ագրեսիայի զոհ դարձած պայմանագրային զինծառայողներից մեկի դուստրն էր: Ցավակցում եմ այդ աղջկան, պատկերացնում եմ, թե ինչ է նշանակել հայրն իր համար: Այնուամենայնիվ, չեմ կարող համաձայնվել «անիծված հայրենիքի» գաղափարին: Հայրենիքը չի կարող լինել անիծված, որովհետև չի կարող անիծված լինել այն տունը, բակը, բնակավայրը, երկիրը, որտեղ ծնվել, հասակ առել, ընտանիք ենք կազմել ու զավակներ դաստիարակել մենք: Սակայն հայրենիքի նկատմամբ իրենց վարքով ու գործով նման վերաբերմունք են սերմանել նրանք, ովքեր հասարակության նկատմամբ ունեցել են ազդեցության լծակներ և կամ եղել են իշխանավորներ՝ լինի այն տեղական իշխանություն, թե Երևանի կենտրոնում տեղակայված: Անկախության տարիներին մենք չկարողացանք ձևավորել այնպիսի իշխանություն, որն այդ աղջկա հորը չէր դիտարկի որպես օտար մի անձի: Որին կարելի է միայն շահագործել և բանի տեղ չդնել: Այլ կդիտարկեր որպես Հայաստանի քաղաքացու, որը մնացած քաղաքացիների հետ միասին ապահովելու էր մեր երկրի զարգացումը: Եվ հասարակության մեջ համապատասխան վերաբերմունք կձևավորեր նրա և նրա նմանների նկատմամբ: Իշխանություն ասելով նկատի ունեմ թե՛ նախկիններին և թե՛ հատկապես նորերին: Հատկապես, քանի որ միայն նրանց ուղեղում կծագեր կամ նրանց ուղեղը կընդուներ բազմահազար զոհերի գնով Արցախը հանձնելու սատանայական գաղափարը: Հիշենք 2019-ին Փաշինյան Նիկոլի կամակատարների խոսակցությունը, որն ակամա լսել էր լրագրող Ն. Հոխիկյանը, թե մի քանի հազար զոհի գնով ժողովուրդը կհամակերպվի Արցախի կորստի հետ:

Հիշենք նաև երեք տարի առաջ մեր բնակավայրերի փողոցներում փակցված անհեթեթությունը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: Փաստորեն, երկմասանոց կարգախոսից մարդկանց հիշողության մեջ մնաց աղավաղված մեկ մասանի տարբերակը՝ «Հայաստանն իմ ընտանիքն է»: Ինչն, ի դեպ, նորմալ հոգեբանական երևույթ է՝ մարդկային ուղեղը մտապահում է այն, ինչը, նախ, ավելի հեշտ է մտապահելը, ապա, ավելի սրտամոտ է իրեն: Իսկ «ժողովուրդ» և «ընտանիք» հասկացությունների միջև, բնականաբար, շահելու էր մեր ժողովրդին առավել բնորոշը՝ «ընտանիքը»: Ի դեպ, «ժողովուրդ» հասկացությունը հիմնականում օգտագործվում է քաղաքական գործիչների և հատկապես՝ պոպուլիստ գործիչների կողմից: Որովհետև, ի տարբերություն անորոշ «մարդիկ» հասկացությության, «ժողովուրդը» հոգեբանորեն ավելի որոշակի և հասցեական հնչեղություն ունի: Բայց նույն այդ ժողովուրդը, ինչպես ասվեց, հատկապես Նիկոլի դաստիարակչական մենախոսությունների շնորհիվ, հայրենիքն իջեցրեց ընտանիքի մակարդակին: Հիշում եք, չէ՞, պատերազմի խայտառակ պարտությունից հետո զորակոչիկ երիտասարդների ծնողների բողոքի ցույցերն ընդդեմ իրենց զավակների զորակոչի: Ընտանիքն է, չէ՞, այն բջիջը, որ պետք է բազմաթիվ կապերով միանալով իր նման միավորների հետ՝ ձևավորեր ամբողջական օրգանիզմը: Իմա՝ հասարակությունը և հասարակության միջոցով՝ պետականությունը: Հայաստանում, դժբախտաբար, այդպես չստացվեց, և այդ պատճառով էլ մեկ տարաի առաջ 700 հազար մարդ ձայն տվեց հայրենիքն անդունդ գլորողին, իսկ 800 հազարն էլ ընդհանրապես թքած ունեցավ այդ երևույթի վրա: