Ընտրություններով իշխանափոխության սցենարն ուտոպիա է

Ընտրություններով իշխանափոխության սցենարն ուտոպիա է

Քաղաքական աշնան գալուստի հետ մեկտեղ՝ ակտիվացել են նաեւ տարբեր ընդդիմադիր կենտրոններ ձեւավորելու, ՏԻՄ ընտրությունները որպես հարթակ օգտագործելու եւ նոր արտահերթ ընտրություն պարտադրելու, ի վերջո՝ փողոցային պայքարը վերսկսելու մասին խոսակցությունները։ Դեռեւս չի նշմարվում ընդդիմադիր այն բեւեռը, որը բացի բովանդակային քննադատությունից՝ նաեւ իշխանափոխության գործունակ ճանապարհային քարտեզ կառաջարկի։

Ինչ վերաբերում է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության հնարավորությանը, մեր հանրությանը հարկ է շարունակաբար հիշեցնել, որ Հայաստանում ընտրություններով իշխանություն փոխվել է ընդամենը մեկ անգամ՝ 31 տարի առաջ՝ դեռեւս մինչեւ անկախության հաստատումը։ Խոսքը 1990-ի մայիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների մասին է, երբ մեծամասնություն կազմեցին ոչ կոմունիստները։ Ուշագրավ է, որ խորհրդային Հայաստանում ընտրությամբ իշխանություն է փոխվել, անկախ Հայաստանում՝ ոչ։

Բանն այն է, որ 1991-ին Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն արդեն մեկ տարի է՝ պաշտոնավարում էր որպես խորհրդարանի խոսնակ, հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններում պարզապես ամրագրեց պետության ղեկավարի իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ նա ոչ թե փողոցից եկավ իշխանության, ինչպես ընդունված է կարծել, այլ խորհրդարանի նախագահի պաշտոնը փոխարինեց հանրապետության նախագահի պաշտոնով։

1996-ի վիճահարույց ընտրություններով Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի պաշտոնը, թեեւ, ինչպես հետո պիտի պարզվեր, բավական ծանր գնով։ 1998-ի փետրվարին նրա հրաժարականի պահին Արցախից ՀՀ հրավիրված Ռոբերտ Քոչարյանն արդեն վարչապետ էր, եւ ըստ Սահմանադրության՝ հենց նա դարձավ նախագահի պաշտոնակատար։ Կարեն Դեմիրճյանի հետ թեժ դիմակայությունում նա հաղթող ճանաչվեց, այսինքն՝ նախագահի պաշտոնակատարից դարձավ նախագահ։

2003-ին արդեն Դեմիրճյանի որդու հետ մրցապայքարում Քոչարյանը վերընտրվեց իբրեւ նախագահ։

2007-ին վարչապետ նշանակված Սերժ Սարգսյանը մեկ տարի անց ընտրվեց հանրապետության նախագահ, 2013-ին վերընտրվեց, այլ կերպ ասած՝ ընդդիմությունից ընտրությունների միջոցով Հայաստանում որեւէ առաջնորդ չի ընտրվել։

Իշխանափոխության անհնարինության կանխավարկածը վերաբերում է նաեւ խորհրդարանական ընտրություններին։ Ե՛վ 1995-ին ՀՀՇ-ի կազմավորած «Հանրապետություն» դաշինքը, ե՛ւ 1999-ին՝ «Միասնություն» դաշինքը, ե՛ւ 2003-ին՝ առաջին կոալիցիոն կառավարության մաս դարձած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, ե՛ւ 2007-ին, 2012-ին եւ 2017-ին Հանրապետական մեծամասնությունն ընդամենը ներքաղաքական ստատուս-քվոյի արձանագրումն էին, այսինքն՝ խորհրդարանում եւս ընդդիմությունը չեկավ իշխանության եւ չձեւավորեց իր կառավարությունը։

Ինչ վերաբերում է վերջին երեքուկես տարիների զարգացումներին, ապա որեւէ բացառություն դարձյալ չի եղել։ 2018-ի մայիսին խորհրդարանով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն են հաղթել ընտրություններում, այսինքն՝ գործադիր իշխանության ղեկավարն իրեն ապահովել է օրենսդրական, ընդ որում՝ սահմանադրական մեծամասնություն։ Ընտրությունների անցկացման պահին Փաշինյանն ավելի քան կես տարի է՝ վարչապետ էր եւ ամբողջապես տիրապետում էր ուժային կառույցներին։

Չնայած որոշ անհիմն լավատեսական կանխատեսումներին՝ 2021-ի արտահերթը եւս ընթացավ սպասելի հունով՝ հաղթեց ընտրություններ կազմակերպող ուժը, այն է՝ իշխանությունը։ Ո՛չ 2018-ին, ո՛չ 2021-ին ընտրությամբ իշխանություն չփոխվեց, այլ ընդամենը ֆիքսվեց գործող ստատուս-քվոն։ Այն ուժերը, որոնք ամիսներ առաջ գլխապատառ նետվում էին ընտրարշավի, թերեւս մոռացել էին, որ անկախ Հայաստանում երբեւէ ընտրությամբ իշխանություն չի փոխվել։

Փաշինյանի կազմակերպած առաջիկա որեւէ հերթական կամ արտահերթ ընտրություն վերոնշյալ պատճառներով այլ ելք չի խոստանում եւ ընդամենը երկարաձգելու է նրա իշխանավարումը։ Այնպես որ՝ ընտրական մեխանիզմով իշխանափոխության մասին հարկ է առժամանակ մոռանալ։

Դավիթ Սարգսյան