Ես լուծում չեմ տեսնում նրա հրաժարականը պահանջելու մեջ

Ես լուծում չեմ տեսնում նրա հրաժարականը պահանջելու մեջ

Նախօրեին ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, ցրեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ հավաքված երիտասարդներին, որոնք պահանջում էին նախարարի հրաժարականը։

Եթե փողոցում ավելի շատ ուսանողություն պահանջեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այդ փաստը որեւէ բան կփոխե՞ր․ ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Ավետիսյանը նախ նկատում է․ «Ուսանողներ չեն եղել, ՀՅԴ երիտասարդական թեւն էր, մեր ուսանողները հիմա դասի են եւ առայժմ ակնկալում են հանդիպումներ, քննարկումներ թե՛ համալսարանում, թե՛ համապատասխան օղակներում»։ Այն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ ԵՊՀ-ում, հատկապես բանասիրականի ուսանողները, առիթից օգտվելով, նորմալ դասերի չեն հաճախում, Ավետիսյանն ասաց․ «Չէի ասի, դասերը նորմալ կազմակերպվում են, օրինակ՝ երեկ, այսօր բոլորը դասի են մեզ մոտ՝ բանասիրականում, էլ չեմ ասում՝ մյուս ֆակուլտետներում»։    

Մի կողմից օրինագիծը թվացյալ ազատություն է տալիս բուհերին՝ ասելով, որ իրենք են որոշում, թե ինչ ժամանաքանակով կանցնեն հայոց լեզուն եւ հայ գրականությունը, մյուս կողմից՝ օրինագիծը սահմանափակում է բուհերի ինքնավարությունը։ «Ես էլի եմ ասել, որ բուհի ինքավարության չափը բավարար չէ այդ որոշումն ինքնուրույն կայացնելու համար՝ սկսած կառավարման խորհրդի կազմի ընտրությունից, մնացած հարցերով պայմանավորված»,-ասում է նա ու նկատում, որ օրինագծի աշխատանքային տարբերակը հետ կանչվեց, եւ նախագծի նոր տարբերակն ընդամենը մի քանի օր է, ինչ դրվել է քննարկման։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի հետ դասախոսների հանդիպմանը, Յուրի Ավետիսյանն ընդգծում է, որ նա նախընտրել է ոչ թե գալ համալսարան, այլ իր մոտ կազմակերպել հանդիպումը՝ իր նախընտրած ձեւաչափով, մի բան, որը, ըստ նրա, հնարավորություն չի տվել դասախոսներին, ըստ էության, արտահայտվելու, որովհետեւ վերջին խոսքը վերապահեց իրեն եւ ժամուկես տեւած հանդիպման մի ժամն ինքն է խոսել․ «Այն խնդիրները, որ բարձրաձայնել էինք, քննարկման առարկա չդարձան, ավելի շատ մասնավոր հարցեր քննարկվեցին։ Ինքը նախընտրեց իր տանը հանդիպում կազմակերպել, մենք հյուր էինք գնացել, եւ այդ իմաստով ես, իհարկե, վատ տպավորություններ ունեմ, որովհետեւ ոչ բարյացակամ տանտիրոջ պես պահեց իրեն, ես կասեի՝ ապաշնորհ տանտիրոջ պես, կառուցողական եւ բովանդակային քննարկման համար երեւի թե այլ դիրքորոշում պետք է որդեգրեր ինքը։ Ամեն դեպքում՝ հույս ունեմ, որ այս քննարկումները դեռ կշարունակվեն, որովհետեւ նախագիծը վերստին դրվել է քննարկման»։     

Յուրի Ավետիսյանը հարցի լուծումը տեսնում է նրանում, որ մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրվի խնդիրը լուծելու համար․ «Այս հարցին կարելի է անդրադառնալ, ասենք, 6-7 տարի հետո, երբ դպրոցներում կարգավորվի վիճակը, նոր դասագրքեր, նոր չափորոշիչներ, դասավանդման նոր կարգ կունենանք։ Երբ ավագ դպրոցն ի վերջո կկատարի իր դերը, կարելի է մտածել նաեւ բուհում փոփոխություններ անելու մասին։ Բացի այդ, տարիների ընթացքում բուհի համապատասխան՝ հայոց լեզվի ամբիոններն իրենց գործը կանեին՝ պատրաստելով մասնագիտական լեզվի դասագրքեր, ձեռնարկներ, դրանից հետո կարելի կլիներ քննարկել՝ պե՞տք է, թե՞ ոչ։ Ի վերջո, կարելի է, չէ՞, համբերել մի քանի տարի, պահանջներ, պայմաններ դնել, վերահսկել, սպասել արդյունքների եւ նոր քննարկման առարկա դարձնել հարցը։ Էական փոփոխություններ պետք է կատարել ավագ դպրոցում, որն այսօր իր դերը չի կատարում բոլոր առումներով․ ե՛ւ դասագրքերն են անհաջող, ե՛ւ ծրագրերը, որովհետեւ ավագ դպրոցը դարձել է նախորդ 3 տարիների պարզունակ կրկնություն ու գրեթե բոլոր առարկաների գծով։ Այս դեպքում նկատի ունեմ հենց հայոց լեզուն, որը, ցավոք, իր դերը չի կատարում, 3 տարի շարունակ այդ ավագ դպրոցի երեխաները զբաղված են ժամավաճառությամբ եւ եկել են՝ բուհի առաջին կուրսում ընդամենը 60-100 ժամի համար քննարկումներ են ծավալում։ Դա առնվազն ազնիվ չէ»։

Նախարարին փոխելով՝ կրթական համակարգի խնդիրները կլուծվե՞ն, հատկապես որ վարչապետն ուսանողներին ասաց, որ ոչ թե Արայիկ Հարությունյանն է իրականացնում կրթական քաղաքականությունը, այլ՝ կառավարությունը․ Յուրի Ավետիսյանը չի կարծում, որ նախարարի փոփոխությամբ էապես կփոխվի հարցի բովանդակությունը․ «Չեմ կարող ասել, որ ճիշտ լուծում է՝ հիմա պահանջել նրա հրաժարականը կամ դրա համար փողոցները փակել, ես դրա մեջ լուծում չեմ տեսնում, եւ մեր ուսանողներին էլ խորհուրդ ենք տալիս այդ ճանապարհը չընտրել։ Առայժմ նախընտրում ենք քննարկումներն ու բանավեճերը»։