Մարդկային տեսակների պայքար Փաշինյանի եւ Քոչարյանի շուրջ

Մարդկային տեսակների պայքար Փաշինյանի եւ Քոչարյանի շուրջ

Եվ այսպես, նախընտրական մարաթոնն ավարտված է: Ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացան շահել ընտրողների վստահությունը՝ ով որքան կարող է, եւ ով որքան համապատասխանում է ընտրողների քաղաքական եւ ոչ քաղաքական ճաշակին: Ընտրողները, հասարակությունը շատ բազմաշերտ է իր ճաշակով, իր սպասելիքներով ու իր՝ ապագայի տեսլականով: Շատերին հետաքրքիր չէ, թե ով ինչ ծրագրով է հանդես գալիս, կամ՝ ով իր կենսափորձով ինչ է ապացուցել, որքանով է ընդունակ երկիրն առաջ տանելու, զարգացնելու գործում: Շատերն առաջնորդվում են զուտ բնազդով. երբ հարցնում ես, թե ինչու է այս կամ այն ուժին կամ անհատին ընտրում, չի կարողանում պատասխանել, հիմնավորել, սկսում է ինչ-որ տեղից լսած ինչ-որ բաներ ասել, հետո չի կարողանում հիմնավորել իր ասածը: Վերջում մնում է խոստովանել, որ այդ թեկնածուի ուղղակի սիրում է…Այս ընտրապայքարում իրար դեմ պայքարում են նաեւ մարդկանց տարբեր տեսակներ, որակներ, որոնք միմյանց տարբեր վիրավորական պիտակավարումներ են տալիս: Այո, սա տեսակների պայքար է, եւ ինչպես երկբեւեռ է ընտրապայքարը, այնպես էլ երկբեւեռ է ընտրող հասարակությունը: 

Մի մասը մտածում է կոնկրետ փաստերի, հնարավորությունների, ծրագերի շուրջ, որոնք հիմնականում Ռոբերտ Քոչարյանի ընտրողներն են: Այս մարդիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ չեն խոնարհվում, չեն ծնկում նրա առաջ, չեն համբուրում նրա ձեռքերը, սիրո խոստովանություններ չեն անում: Այսպիսին է նաեւ հենց ինքը՝ Քոչարյանը. նա նույնպես ընտրողների առջեւ չի խոնարհվում, չի ծնկում, չի համբուրում, սիրո խոստովանություններ չի անում: Քոչարյանին ընտրողները հետեւում են նրա առաջադրած ծրագերին: Քոչարյանը իր կյանքում կայացած ու հաջողակ մարդ է: Այդպիսին են նաեւ նրա հիմնական համակիրները՝ նպատակասլաց եւ ռեալիստ: Իհարկե,  Քոչարյանին ընտրողների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր ժամանակին ունեցել են լավ, եկամտաբեր պաշտոն եւ ուզում են վերադարձնել իրենց երանելի տարիները: Իսկ դա երբեք չի կարելի թույլ տալ: Քոչարյանն ունի նաեւ չսիրողներ, որոնք տարբեր՝ արդարացված կամ չարդարացված պատճառներով վախենում են նրա վերադարձից: Այդ մարդիկ հիմնականում սատարում են Փաշինյանին: 

Փաշինյանի համակիրներն ու ընտրողները նույնպես նման են իրեն. Փաշինյանը սիրում ծնկել, խոնարհվել մարդկանց առաջ, սիրո խոստովանություններ անել, թեեւ այդ սերը բացի բառերից այլ կերպ չի դրսեւորվել: Այդպիսին են նաեւ նրա հիմնական ընտրողները՝ ծնկում են նրա առաջ, խոնարհվում, անկեղծորեն սիրում եւ արտահայտում են այդ սերը: Փաշինյանի ընտրողների հիմնական մասը իրենց կյանքում մեծ հաջողությունների չեն հասել, նրանք սպասում են, որ ինչ-որ մեկը, տվյալ դեպքում Փաշինյանը, Ռոբին Հուդի նման գա ու հաջողակ, հարուստ մարդկանց ձեռքից խլի նրանց «թալանածը» եւ բաժանի իրենց՝ աղքատներին: Փաշինյանը երբեմն «խլում է» այդ «գողացած-թալանածը», բայց դրանք չի բաժանում աղքատներին…դրանք լավագույն դեպքում «ի պահ են դրվում» իր կնոջ ղեկավարած կամ իր կուսակցության հիմնադրամներում…

Ինչու՞ է Փաշինյանը շատ խոսում ուտելուց. 500 դրամանոց քաբաբներ, տուշոնկաներ, շպրտված կոնֆետներ, ելակ եւ այլն, որովհետեւ գիտի, որ իր ընտրազանգվածի մեծ մասն իր նման կարեւորում է ստամոքսի հարցերը: Շատերը էժան ձեթի ու ձվի դիմաց պատրաստ են Հայաստանի դռները բացել թշնամու առաջ եւ դառնալ նրա կամակատարը:  Պատահական չէ, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված «տուշոնկաները» ավելի ցնցեցին հասարակությանը, քան՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում թաքցված զոհերի՝ անփութորեն իրար վրա լցրած մարմինները…

Փաշինյանը սիրում է խմել. հանդիպումների, քարոզարշավի ժամանակ նա այնքան էլ սթափ չի լինում եւ հայհոախառն ելույթների պատճառներից մեկն էլ խմիչքն է: Նա գինու շշի կողքին, խոտերի վրա իր պառկած լուսանկարը տարածում է համացանցում: Դա դուր է գալիս իր ընտրազանգվածի զգալի մասին, ովքեր նույնպես սիրում են խմել, հայհոյել սրա նրա հասցեին, անհոգ պառկել՝ չհոգալով ընտանիքի սոցիալական եւ մյուս խնդիրները: 

Փաշինյանը խոսում է ագրեսիվ բառապաշարով՝ ծեփել, փռել, պառկցնել, մխել, շինել եւ այլն: Դա հոգեհարազատ բառապաշար է իր էլեկտորատի համար: Անիմաստ է թվարկել, թե այս տարիներին ինչ ստերի շարան, չկատարված խոստումներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը: Շատերը դա նորմալ են համարում, քանի որ իրենք էլ են այդպիսին: 
Փաշինյանն աչքի չի ընկնում իր բարեկրթությամբ, իր ինտելեկտով, բարեվարքությամբ, գեղեցիկ պահվածքով: Դա նույնպես դուր է գալիս նրա ընտրազանգվածին, քանի որ Փաշինյանի մեջ իրենք տեսնում են իրենց: Այս ամենով հանդերձ, կան նաեւ բացառություններ. Փաշինյանին համակրում են նաեւ մարդիկ, ովքեր կայացած են, կարգապահ, պարկեշտ, բայց ինչ-ինչ պատճառներով մոլորված են եւ շեղվել են երկրի զարգացման ու պետականության պահպանման կարեւորությունից եւ մոլորյալի նման գնում են նրա ետեւից: 

Այո. այս ընտրապայքարը նաեւ մարդկային տեսակների պայքար է, մարդիկ ուզում են երկրի ղեկին տեսնել իրենց, իրենց նմանին, իրենցից մեկին: Հունիսի 20-ի քվեարկության արդյունքները կլինեն մեր հասարակության հայելին, արտացոլանքը, ցույց կտան հասարակության իրական դեմքը…