Ինչ ճակատագրի են արժանացել Գանձասարի ձեռագրերը, ավետարանները

Ինչ ճակատագրի են արժանացել Գանձասարի ձեռագրերը, ավետարանները

Սեպտեմբերի 19-ին Ադերբեջանի կողմից սանձազերձված պատերազմի հետեւանքով Արցախում կան ոչ միայն մարդկային, տարածքային կորուստներ, այլ նաեւ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության ահռելի կորուստ։ Դրանց թվում է նաեւ Գանձասար վանական համալիրը, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ տեղակայված Գանձասար լեռան վրա:  

Նկատենք, որ 2015 թվականին այստեղ կառուցվեց Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, որտեղ ի թիվս այլնի, ցուցադրված են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում և եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր, Երևանի Մատենադարանում պահվող ձեռագրերի կրկնօրինակներ։

Մենք կապ հաստատեցինք Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հիմա Երեւանում է, քանի որ մայիսի 30-ին եկել է ժողովի՝ Մայր Աթոռ եւ այլեւս չի կարողացել վերադառնալ Արցախ։ 

Տեր Հայրը նշեց, որ ընդամենը րոպեներ առաջ է կարողացել կապ հաստատել եւ որեւէ տեղեկություն իմանալ Գանձասարի մասին․ «Միայն կարող եմ ասել, որ 4 օր առաջ, երբ թուրքերը մտել են այնտեղ, Գանձասարում մի հոգի մարդ է եղել ու ինքն էլ է դուրս եկել․․․»։ 

Հասցրե՞լ են որեւէ բան դուրս բերել Գանձասարից՝ ավետարաններ, ձեռագրեր․ «Հիմա դա եմ ճշտում, ավետարաններ, ձեռագրեր չկան, որովհետեւ մատենադարանը փակ էր, այնտեղ մարդ չէր գնում․․․։ Այս պահին գիտեմ, որ նա, ով այնտեղ էր՝ կարողացել է փրկվել ու հիմա գալիս է Երեւան, մինչեւ վերջ այնտեղ է եղել, բայց երբ թուրքերը վերեւի կողմից՝ առյուծը որ կա՝ Լեւոն Հայրապետյանի հանգստյան գոտին, այդտեղից սկսել են իջնել, հասկացել է ինչը ինչոց է եւ իջել է ինչ որ մի ձեւով, բայց մանրամասներ չեմ կարող ասել, որովհետեւ հենց նոր եմ ճշտել՝ 10 րոպե առաջ, որ այդ մարդը ողջ է»։ 

Թե ում մասին է խոսքը՝ հոգեւոր հա՞յր է եղել Գանձասարից դուրս եկող վերջին հայը, Տեր Սահակը նշեց, որ սովորական քաղաքացի է, իսկ հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւորականները հիմնականում Ստեփանակերտից էին գալիս-գնում մեքենայով։ 

Ինչ վերաբերում է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնին եւ այնտեղ պահվող հարյուրավոր ձեռագրերին, ի՞նչ է եղել դրանց ճակատագիրը, Տեր Սահակը կրկնեց, որ տեղյակ չէ եւ չի կարող ոչինչ ասել։ Թե քանի միավոր գրականություն եւ ձեռագիր էր պահվում Գանձասարում, նկատեց․ «Ես չեմ կարող հիմա ասել, որովհետեւ 2-րդ հարկում մենք մի ամբողջ գրադարան ունեինք, մեր սուրբ սեղանին դրված խաչն է, մեր խաչքարերը, մի բան չի, որ ասեմ, ամբողջը ինչ կար, մեր ողջ գույքը մնացել է այնտեղ, ոչ մի բան չենք կարողացել հանել․․․, մարդիկ հազիվ կարողացել են իրենց փրկել․․․ ես հիմա կապի մեջ եմ, փորձում եմ հասկանալ գոնե մի բան կարողացե՞լ են հանել, թե ոչ․․․կապերն էլ, գիտեք, ինչ վատ վիճակում է, միայն կարող եմ ասել, որ շատ ցավալի է, ուղղակի ամոթ մեզ․․․։ Արցախի պատմության մեջ նման բան չի եղել, որ արցախցին լքի իր հայրենիքը, իր բնօրրանը եւ Արցախը միշտ եղել է Հայաստանի Արեւելքի դարպասը, հիմա այդ դարպասը ջարդել են, ի՞նչ են անելու, մինչեւ ո՞ւր են գալու հասնեն»։