Նախքան ականջահաճո թվեր հրապարակելը, հասկանանք` ով ով է

Նախքան ականջահաճո թվեր հրապարակելը, հասկանանք` ով ով է

ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ այս տարվա առաջին քառորդում Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ։ Նախարարը նաեւ ասել է, որ ներկայում ուսումնասիրվում է, թե առաջին եռամսյակում Հայաստան այցելած մեկ զբոսաշրջիկը որքան գումար է ծախսել մեր երկրում։ Սակայն նաեւ նշել է, որ եթե 10 տարի առաջ Հայաստան այցելած 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսել է 800 դոլար, ապա հիմա այդ թիվը մոտ 1200 դոլար է։

Իհարկե, շատ լավ է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է, չնայած ոլորտում առկա որոշ խնդիրներին եւ զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներում առկա բացերին ու թերություններին։ Ամբողջ աշխարհում սա տնտեսության այն ոլորտն է, որով ամբողջ երկրներ են ապրում։ Սակայն կարեւոր է նաեւ հստակեցնել, թե, օրինակ, առաջին եռամսյակին Հայաստան եկած զբոսաշրջիկների մեջ որքան են կազմում Ռուսաստանից եւ Ուկրաինայից այցելածները։ Ապա պետք է հստակեցնել, թե որպես զբոսաշրջիկ Հայաստան մուտք գործած ռուսաստանցիների եւ ուկրաինացիների որ մասն է երկարատեւ այցելությամբ ժամանել, այսինքն՝ համալրել ռելոկանտների շարքերը, որպեսզի վիճակագրությունն առավել հասկանալի լինի, եւ զուտ զբոսաշրջության ոլորտի մասին խոսելիս ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը հնարավոր լինի հանել այդ հաշվետվությունից: Նաեւ` որպես տնտեսական հաջողություն չներկայացնել։

Ի դեպ, արդեն հայտնի է, որ, օրինակ, Հայաստանի տնտեսական «չափազանց մեծ» առաջընթացում, որի մասին խոսեց նաեւ ՌԴ նախագահը՝ ԵԱՏՄ վերջին նիստում, 1/3-ը հենց ռուս ռելոկանտների շնորհիվ է եղել։ Ընդ որում, ոչ միայն մարդկանց ռելոկացիայի, այլ նաեւ բիզնեսի։ Բացի այդ, եթե նախարար Քերոբյանը խոսում է այն մասին, որ 10 տարի առաջ Հայաստան այցելած մեկ զբոսաշրջիկը ծախսել է 800 դոլար, իսկ հիմա՝ 1200, ապա առնվազն, հանուն արդարության, պետք է նաեւ ներկայացնել, թե դոլարը վերջին 10 տարվա ընթացքում ինչ ընթացք է ունեցել որպես համաշխարհային ֆինանսատնտեսական գործարքների արժույթ, եւ ապա՝ 10 տարի առաջ 800 դոլար ծախսելով զբոսաշրջիկը որքան ապրանք եւ ծառայություններ է գնել, իսկ 1200 դոլար ծախսող զբոսաշրջիկն այսօր որքան ապրանք եւ ծառայություն է կարողանում գնել։ Այս համեմատությունն էլ կարեւոր է, որպեսզի դուրս բերվեն գնաճն ու այլ զուտ տնտեսագիտական բաղադրիչներ, եւ ունենանք հստակ պատկեր գրանցած հաջողությունների մասով, եթե այդպիսիք կան։ Այլապես զուտ միայն ականջահաճո թվեր հրապարակելով՝ ոչինչ չի ստացվի «ռեալ գետնի վրա»։