Ուսումը ապրանք է, որի դիմաց պետք է վճարել ժամանակին ու այնքան, որքան պարտավոր ես

Ուսումը ապրանք է, որի դիմաց պետք է վճարել ժամանակին ու այնքան, որքան պարտավոր ես

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոչ շատ պոպուլյար ու հնարավոր է շատ ծամած բան եմ ասելու, բայց պիտի խնդրեմ՝ փորձենք կարդալ ու հասկանալ ինձ:
Որն է ժամացույցի հիմնական ֆունկցիան՝ ժամը ցույց տալը: Մենք արտաքուստ տեսնում ենք ցիֆերբլատն ու սլաքները, ու դա մեզ բավարար է, որպեսզի ժամը իմանանք: Բայց դա չի նշանակում, որ ցիֆերբլատն ու սլաքները բավարար են ժամն իմանալու համար: Դրանց հետևում կան բազմաթիվ դետալներ կամ սխեմաներ, որոնք ստիպում կամ նպաստում են, որ սլաքները պտտվեն, ու որ ամենակարևորն է՝ ճշգրիտ պտտվեն: Այդ դետալներից մեկի խոտանվելը խոտանում է ամբողջ ժամացույցը, ու սլաքների գործողությունները դառնում են անիմաստ:
Ինձ թվում է՝ կհամաձայնեք, որ պետությունը նույն կառուցվածքով մի բարդ համակարգ է, որտեղ ամեն դետալ՝ ֆիզիկական կամ իրավաբանական սուբյեկտ, գերատեսչություն, մասնագետ, պաշտոնյա և այլն, իր դետալային մասնակցությունն ունի, ու էդ ահռելի շղթայի գործունեության արդյունքն է ապահովում պետության ֆունկցիոնալությունը:
Իմ ընկեր Բաբկեն Թունյանն ասում է, որ դրամաշրջանառության մեկ շաբաթվա սառեցումը կարող է այնպիսի էֆեկտ ունենալ, որ ամիսներով խելքի չգանք, իսկ մյուս ընկերս՝ Արտակ Մանուկյանը, թույլ է տալիս «չոբանավարի հաշվարկելով ասել», որ եթե մենք բոլորս ընդամենը մեկ օր ոչինչ չգնենք ու ոչ մի վճարում չանենք, Հայաստանի Հանրապետության բյուջեն կկորցնի մոտ 8 միլիոն դոլար: Կարող եք ինքնուրույն հաշվարկել, թե այդ գումարը որքան աշխատավարձ է, որքան զենք կամ որքան հաց, որը կարող է գնալ բանակին:
Ի դեպ, քանի որ խոսք բացվեց ասեմ նաև, որ այն վճարումները, որոնց դիմաց կտրոն չեն տալիս, համարեք անօգուտ վճարումներ՝ պետությունը դրանից օգուտ չի ունենում, ըստ այդմ նաև՝ բանակը:
Հիմա բուն թեմային՝ ԵՊՀ այսօրվա դեպքերը: Ինքս ԵՊՀ ռեկտորին պաշտպանելու, առավել ևս ուսման վարձը Համահայկականին ուղարկած ուսանողի բարի նպատակների մեջ կասկածելու ոչ մի մտադրություն չունեմ: Առավել ևս, որ մեկ փոքրիկ դեպքը առանձնապես բան չի փոխում: Բայց էն միտքը, որ ինչ-որ բան այլ բանի հաշվին պետք չի անել, ընդհանուր առմամբ ճիշտ է, քանի որ նման դեպքերի համակարգայնությունը արդեն վտանգավոր է: 
Շատ դժվար է հաշվարկել, թե եթե բոլոր ուսանողները մեկ կիսամյակի ուսման վարձերը ուղարկեն հիմնադրամ ու թեկուզ դրանք մի քանի ամիս ուշացումով վճարեն, ինչ ճեղքվածքներ կարող են առաջանալ համակարգում, բայց դրանք հաստատ կառաջանան:
Էսքանից հետո ես ինքս ինձ հարց էի տալիս, իսկ այդ ի՞նչ գումար եմ ես փոխանցել հիմնադրամին, որը այլ տեղ կարող էր ավելի կարևոր լինել: Բնականաբար շատերս ունենք հետ գցած փողեր, կամ իմ պեսի դեպքում՝ որպես վատ խնայողի, հետ գցելու նպատակներ՝ ինչ-որ բան ձեռք բերելու համար: 
Այդ չաշխատող, չպտտվող, այս պահին ոչ շատ անհրաժեշտ փողերը, կարծում եմ, ամբողջությամբ պետք է ուղղել հիմնադրամ: Բայց դրանք չի կարելի կտրել այն տեղերից, որտեղ, կոպիտ ասած, պարտավորություն ունես վճարում կատարելու: 
Չի կարելի խանութից ապառիկ ուտելիք վերցնել ու դրա դիմաց վճարելու փոխարեն այդ գումարն ուղարկել հիմնադրամ: Ես կարծում եմ՝ չի կարելի: Իսկ ուսումը ապրանք է, որի դիմաց պետք է վճարել ժամանակին ու այնքան, որքան պարտավոր ես:
Ես գիտեմ, որ հիմա հարց կառաջանա այդ ապրանքի որակի մասին:) Բայց դրա մասին եկեք խոսենք հաղթելուց հետո»: