Դադարեցնել փոխադարձ մեղադրանքների և դավաճանական խոսակցությունների այս աղմուկը. Գոռ Հակոբյան

Դադարեցնել փոխադարձ մեղադրանքների և դավաճանական խոսակցությունների այս աղմուկը. Գոռ Հակոբյան

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի 44/45-օրյա պատերազմին հաջորդած իրողություններն էլ ավելի խորացրին Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։ 

Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների լուծման, ներքաղաքակական կայունության, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ, ցույց կտա ժամանակը։
Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ կուսակցությունների ներկայացուցիչների, հանդիպել էր (30․12․2020) «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Սուրեն Սահակյանի և Գոռ Հակոբյանի հետ։Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը»: 

Թեմայի շուրջ «Հրապարակի» հարցերին է պատասխանել ՔՈ կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, պատրաստվո՞ւմ եք հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հնարավո՞ր է, որ դաշինք կազմեք իշխող ուժի հետ կամ այլ քաղաքական ուժերի հետ, ինչպիսիք են «Հանրապետություն»,  «Հանուն Հանրապետության», «Միավորված աշխատանքային» կուսակցությունները։

- Մենք միշտ պատրաստվում ենք մասնակցելու ընտրություններին։ Առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ դեռևս չունենք կուսակցության որոշում։ Նշեմ, որ մեզ մոտ այդպիսի որոշում կայացնելը կախված չէ միայն կուսակցության Գործադիր մարմնից, այն ենթադրում է կուսակցության մյուս անդամների ներառողական մասնակցությունն ու նրանց դիրքորոշումը։ Նույնը վերաբերում է որևէ դաշինք կազմելուն։ Կուսակցությունը դեռևս չունի նման որոշում։ Բայց դաշինքներ կազմելու համար մենք ունենք համագործակցության սկզբունքներ՝ գաղափարական կամ ապագայի ընդհանուր տեսլականի համընկնումներ, փոխադարձ վստահություն ու հուսալիություն։

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ ճանապարհներով։

- Լեռնային Ղարաբաղի խնդրի հիմնարար և արմատական լուծումը հնարավոր է, եթե արդարությունը վերականգնվի, և լուծումը ենթադրի փոխադարձ շահերի կոնսենսուսային մի համակարգ, որտեղ ներկայացված կլինեն կոնֆլիկտի ուղղակի և անուղղակի հիմնական դերակատարները։ Պատերազմը չի փոխել լուծման մեր սկզբունքները, որոնք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, անվտանգության ու զարգացման երկարատև երաշխիքներն են։

- Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային խնդիրներ են ստեղծվել, որո՞նք են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ուղիները։

- Կարծում եմ, առաջին՝ ընդունել, որ մենք ունենք անվտանգության ներքին համակարգային լուրջ խնդիրներ, դադարեցնել փոխադարձ մեղադրանքների և դավաճանական խոսակցությունների այս աղմուկը և անցնել գործի։ Երկրորդ՝ քննարկենք ու գանք որոշակի հավաքական կոնսենսուսի, թե մենք ինչպես պետք է ապահովենք մեր անվտանգությունը մեր ուժերով։ Սա միայն կառավարող ուժի որոշելիքը չէ, սա պետք է լինի հավաքական կոնսենսուսի արդյունք։ Երրորդ՝ գնահատենք ու հասկանանք արտաքին անվտանգության հավելյալ մեխանիզմների և հնարավորությունների ներգրավումը՝ այն դարձնելով ավելի բազմաշերտ ու կանխատեսելի։ Այս գործողություններին զուգընթաց պետք է կամաց-կամաց զարգացնենք մեր երկրում քաղաքական միտքը՝ ստեղծելով դրա համար համապատասխան մարդկային ռեսուրս ու հետազոտական-վերլուծական ինստիտուտներ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում աշխարհում, աշխարհն ուր է գնում, ու մենք որտեղ ենք։ Անվտանգության հարցերի շուրջ գաղտնիության այս կեղծ և արատավոր մշակույթը պետք է վերանա, որ մենք տեղյակ լինենք մեր երկրի կարողության ու հնարավորության մասին։

- Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար ի՞նչ նախադրյալներ եք տեսնում, և ի՞նչ միջոցներով է դա հնարավոր։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք և ի՞նչ պայմաններում եք դա հնարավոր համարում։

- Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, եթե ուզում ենք՝ այն լինի իրապես համագործակցային ու խաղաղ, ապա արդարությունը հիմնական կարգավորման սկզբունքն է։ Առանց դրա մեր հարաբերությունները հարևանների հետ լինելու են մրցակցության և ուժի շրջանակներում, որը ենթադրում է մեկը մյուսի արդարացի պահանջների ճնշում ու ստվերում։ Տարածաշրջանում մինչև այժմ  այս սկզբունքն է աշխատել, որը հանգեցրել է պատերազմների, և, ցավոք, այս քաղաքականությունը շարունակվում է։ Վառ օրինակ է Իլհամ Ալիևի՝ Հայաստանի անվտանգության նկատմամբ սպառնացող կոչերն ու գործողությունները։ Եվ պատասխանելով հարցի մյուս մասին՝  տարածաշրջանի ապաշրջափակումը նման հռետորաբանությամբ ոչ թե համագործակցություն է, այլ՝ պարտադրանք, որը կամ իրականություն չի դառնա, կամ եթե դառնա, ապա միառժամանակ հետո պայթելու է։

- Ի՞նչ ճանապարհով է հնարավոր ունենալ ուժեղ, կրթված ու ոչ կոռումպացված իշխանություն ու հասարակություն։

- Այն պահից երբ իշխանությանը կանվանենք Կառավարող ուժ, իսկ հասարակությունը կդառնա հանրություն կամ ժողովուրդ, կարող ենք ասել, որ ունենք քաղաքական միտք ունեցող, բանիմաց ու պատասխանատու ծառայողներ։ Մեխանիզմները կրթական ու քաղաքական ու պետական համակարգի ամբողջական փոփոխություններն են, որպեսզի հաջորդ սերունդն իրապես պետականամետ ու պետականաստեղծ լինի։
Իսկ մինչ այդ, իմ կարծիքով, ճանապարհը հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի արդար պետություն, սոցիալական արդարությունը եւ արժանապատվությունը պետք է գերակայեն։ Անցնող 30 տարիները մեր այս սահմանադրական նպատակների համար չեն ծառայել։ Հայաստանում իրապես երկրի տեր պետք է դառնա ժողովուրդը։ Ժողովրդի սուվերեն իշխանությունը խոսքից պետք է վերածել գործի։
Կան բազմաթիվ մեխանիզմներ դրան հասնելու։ Մենք ունենք մեր տարբերակները, բայց  հանրային կոնսենսուսը կարող է այլ տարբերակ առաջարկել։ Այստեղ ամենակարեւորը սկզբունքի ամրագրումն է՝ ինչպես ենք մենք կարող անել, որպեսզի ժողովրդի իշխանության հռչակագրային սկզբունքը՝ ժողովուրդն է երկրի տերը, դառնա իրականություն։ Եվ մարդիկ իսկապես կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանն ու որոշումների կայացման գործընթացին։ Սրանք առաջնային քայլեր են, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է ապրում այս երկրում, ինչու է կռվում եւ ինչու են իրենց երեխաները զոհվում։
Սա է մեր մոտեցումը, և սա հսկայական աշխատանք է։ Այն պահանջում է բարեփոխումներ անվտանգության, սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական ոլորտներում, ինչու չէ, նաեւ մշակութային ու համակեցություն ձեւավորող ոլորտներում։ Այս ամենը պետք է հիմք հանդիսանա նոր սահմանդրական կարգի և Սահմանադրության մշակման համար։