Արամ Պաչյան. Հիշելով Ժանտախտի տարվա օրագիրը

Արամ Պաչյան. Հիշելով Ժանտախտի տարվա օրագիրը

Օր երկրորդ

Դահիճը:
Նա թափանցիկ է, լուռ: 

Հին աշխարհում հանդիպող դահիճներից ոչնչով չի տարբերվում: Ե՞րբ են վերջին անգամ հիշատակվել աղմկող դահիճներ: Արդեն ասում են, թե նրանք բոլորն էլ կատարողներ էին, իրենց բանուգործի մարդիկ: Դու ակամա դահիճ ես: Դահիճ՝ անզգուշաբար: Կսպանես ձերոնց, կսպանես ընկերներիդ, քեզնից դեղ ու լավաշ խնդրող դրկից տատիկին: Ակամա կսպանես: Հենց այնպես: Դու ասիմպտոմ դահիճ ես: Այսինքն՝ քնքուշ, քաջառողջ դահիճ: Կառափնարանդ մանրամասնորեն ես խնամում: Օրական 3-4 հատ նարինջ ես խեղդում, մի ժամ մարզվում ես, մի ժամ՝ յոգա, մի ժամ՝ մեդիտացիա: Սենյակային ծաղիկներն ես ջրում: Խեղճերն ապշել, ջրխեղդ են եղել: Առաջ երեք ամիսը մեկ էիր ջրում, հիմա՝ ժամը մեկ. հալից ընկել են, պատուհանագոգով հանդերձ՝ ջրասուզվել: Բանի տեղ չես դնում. քո գործը ջրելն է` ջրում ես: Բիբդ որսաց՝ ջրում ես: Հիշողությունդ կծեց՝ ջրում ես: Քիչ հետո սեղմում ես վայրկենաչափը, սկսում երազել: Ուշադիր ես, որ հանկարծ րոպե ավել չերազես: Դու վայելքներ շռայլելու տարիքում չես: Իսկ վայրկենաչափով երազելը լուրջ վայելք է: 

Երբեք այսքան առույգ, այսքան կենսուրախ չես եղել: Իրոք որ՝ «հոգի» անունով մարմինդ զարթոնքի մեջ է: Կենցաղդ համր ֆիլմերով, «Ժանտախտի տարվա օրագրով», ֆիններենի դասերով ես հագեցրել: Ֆիններենը - մի քանի բառատնազ ընկերոջդ՝ Հելվեին զվարճացնելու համար: Թեպետ քեզ համար տնային աքսորը խաղուպար է, ավելի ճիշտ՝ ձեռառնոցի, մեկ է՝ դուրս գալ պետք է ու ոչ միայն առեւտրի, այլեւ կարճ զբոսանքի՝ ասենք, բանտային ոճի պտույտներ շենքի կամ ագռավի՝ ջարդած ընկույզի շուրջբոլորը: Ձեռնոցներից մի քանի օր առաջ ես հրաժարվել, դիմակը պարանոցիդ կախազարդն է: Կայուն շփվում ես մարդկանց հետ, մինչդեռ, ըստ քեզ, դա շփում չէ: Ակնթարթային հպումները, անհրաժեշտություններով փոխանակվելը շփման հետ ի՞նչ աղերսներ ունեն: 

Առաջին հավանական զոհը մայրդ կլինի: Բայց դա էլ հոգ չէ՝ նրա հետ արդեն պայմանավորվել ես: Դուք ռուսսոյավայել դաշինք եք կնքել: Մայրդ ասել է․ «Ոչինչ, կսպանես՝ կսպանես, ես իմ կյանքն ապրել եմ: Բան չկա - մահից չեմ վախենում»: Մայրդ երբեք իր կյանքը չի ունեցել, որ մի հատ էլ ապրեր ու մեռներ: Քեզ ավելի շատ վախեցնում է ոչ թե նրա մահը, այլ մահվան հանդեպ նրա անվախությունը: Հաշիվ-հաշվարկդ արել ես, վերջը՝ սոցիալական էակ մըն ես՝ գլխիդ գալիքը պիտի իմանաս՝ կողքի դրած քիչումիչ գումար ունես, տեղը կա, դագաղի ու սգո արարողության ծախսերին ձգում ես, թեկուզ նեղվես՝ գիտես, թե ումից ես պարտքով գումար խնդրելու: Շատ էլ գործնական ես, նույնիսկ պարտքով գումար խնդրելու տեքստն ես պատրաստել, դիմելաձեւի քո ուզած հնչերանգը ստանալու համար մի երկու անգամ բարձրաձայն փորձարկել ես - վատ չի ստացվում: Ու նաեւ մի մոռացիր՝ պետությունը կորոնավիրուսին (տեր) է: Առաջին անգամ մարդու մահվան պաշտոնական տերն է պետությունը՝ մենակ թե դու մեռիր: Իրենց հերթին դաշինքի մեջ են վիրուսն ու պետությունը, սահուն ապահովել են մարդու բարեհաջող անհետացումը: Վիրուսի ու պետության ձեռքին Հուքասայի (1) բաց թողած հավի ճուտն ես, միայն թե՝ անհետք, բնազուրկ: Ցատկ օդանավի բորտից, սուրճի սեղանից, տան պատշգամբից - ցատկ ուղիղ դեպի հյուրանոց, ցատկ՝ վերակենդանացման բաժանմունք, ցատկ՝ թոքերի արհեստական շնչառություն, ցատկ՝ մորգ, ցատկ՝ դագաղ, ցատկ՝ փոս: Ամեն ինչ սեղմվել-համառոտվել է՝ կաս-չկաս, լինում է, չի լինում: 

Վերջին օրերին տարօրինակ հայացքով ես նայում մորդ, ասես ուր որ է՝ կանհետանա: Դահճի քո թեթեւ ձեռքով դու կճանապարհես նրան դեպի ցատկոտումների առեղծվածային սահմանները, ու նա կթափանցի, կմիանա մոլեկուլների ու արագության հեքիաթին: 

Լավ ես, Souvenirs d'égotisme -ի (2) քո իմիտացիան հարթ է գնում: 

Դրսերում թափառում, կայտառ վերադառնում ես տուն՝ գարունով ոտքից գլուխ օծյալ: Գինու նոր շիշ ես բացում: Ինքդ քեզ գոհացնում, ինքդ քեզ հպարտացնում ես: Գրքերում համաճարակը վերապրած բացառությունները քաջալերում են քեզ: Բնության շեղումը բնության պարգեւն է, ոնց պտտվում, (արտոնյալների) դեպքերն ես որոճում: Առանց մազաչափ քաշվելու՝ իր կյանքի վրա դողացող գիտակցությանդ լաթը խցկում, տեղավորում ես բնության հակաօրենքների, դրանց չարաճճի ինքնաժխտման ապաստարանը: Կհիշես՝ Օրանի պատմիչը մի վերապրողի էր ակնարկում՝ կինը բնակվում էր ժահրով բռնկված պարսկական քաղաքում՝ դիակ էր լողացնում: Միայն ինքը ողջ մնաց: Խոլերայից մեռածներին լողացնում, հուղարկավորմանը նախապատրաստելով՝ պատշաճ տեսքի էին բերում Անժելոն ու միանձնուհին: Ախտը խնայում էր նրանց: Հոգ տանելով, կերակրելով, մխիթարելով մեկուսացված հիվանդներին, նրանց հետ ամեն օր շփվելով՝ Կարդինալ Ֆեդերիգոն՝ ինքը զարմացավ, թե ինչպես շրջանցեց ժանտախտը: 

Եվ, անշուշտ, կհիշես՝ H.F.-ն վկայաբերում էր այն աղքատ ամուսիններին, որոնցից հաղթվել էր անպարտելի Black Death-ը՝ Լոնդոնի մեծ ժանտախտը: Ամուսինը հաց էր հայթայթում այսպես՝ շալակում էր վարակակիրների դիակները, տներից դուրս էր բերում, տեղավորում էր սայլերի մեջ: Նա ծխում էր, բերանի մեջ սխտոր ու փեգենա էր պահում, շարունակում իր գործը: Կինը, որ քացախի մեջ թրջած գլխաշոր էր կապում՝ գրոշներ էր ստանում՝ խնամելով քայքայվող վերքերով, մահամերձ հիվանդների: Աղքատները կյանքից բացի կորցնելու ոչինչ չունեին, անգամ կյանքի կորուստն այլ բան չէր, քան տներում մեռած, այդպես էլ չշալակված, սայլերի մեջ չտեղափոխված մարդկային մի քանի մարմին կամ մեռյալ, որին հողը դնելուց առաջ տեսքի չէին բերել՝ մարդուն վայել - գոնե մի փոքր: 

Ինչ-որ մեկն իր թղթերում գրառել էր՝ քանի կա աղքատությունը, հենց հաջորդ օրը ավարտին կհասցվեն ամենածանր գործերը, կհուղարկավորվեն ամենավտանգավոր մեռյալները, կխնամվեն ամենալքյալ, հիվանդները, կջախջախվեն ամենամահացու համաճարակները: Քանի կա աղքատությունը, աշխարհը կարգի կբերվի նրա գոյությունից: Ու դարձյալ ոչինչ չեն կորցնի ու չեն գտնի ոչինչ միայն աղքատները:

Առավոտյան արթնանալուց հետո առաջին բանը, որ անում ես՝ վիճակագրությանը ծանոթանալն է: Մեկ-մեկ նույնիսկ տխրում ես, քեզ ու քեզ կրկնում՝ չէ, մահերը շատ են, կորը չի հարթվում: Առաջադիմել ես՝ վայրկենաչափ տխրություն է առանց վայրկենաչափի: Որպես դահիճ՝ նրբանկատ ես, երբեմն վերելակի կոճակն անձեռոցիկով ես սեղմում: Սուպերմարկետում հրաժարվում ես մանրադրամից՝ չմոռանալով ժպտալ դահճի քո քաղցրիկ, շրթեզրային ժպիտով: Սաղ մի կողմ, երբ քեզ հայտնեն, իսկապես հայտնեն, որ դահիճ ես, միանգամից կհիստերիկանաս, առանց հապաղելու՝ հակընդդեմ կհարձակվես: Պարզ է՝ դահիճ լինել չես ուզի - այն էլ՝ ակամա, այն էլ՝ անզգուշաբար, գոնե զգայիր, գոնե գիտակցեիր փոքր-ինչ: Ժամեր կանցնեն, երեկոյան ինքնարդարացումդ օգնության կհասնի, ու դու կպայծառանաս, իսկ եթե ակամա-ն ու անզգուշաբար-ը փրկանավեր են: Պատրաստվիր, այսուհետ քո բոլոր որոնումներն ակամա-ն դիտավորյալից չտարորոշող պայմանականություններ են լինելու, իսկ նրանց միջեւ առկա կապերը, խզումները, նրանցից բխող սահմանումները, կացութաձեւերը՝ ուղղակի քո ներսում մխող դատարկ մտավարժանքներ:

Դահիճ ես - ակամա
Դահիճ ես - անգիտենալի
Դահիճ ես - ինքնորոշյալ

Ամեն դեպքում՝ դահիճ ես ու դահիճ ես ամեն դեպքի համար, քանի որ «էլ չես իմանա՝ ով է հիվանդ, ով՝ առողջ»,- վարակի գողտուկությունն ակնարկող մի զրույցից հիշատակում էր  H.F.-ն: Այսպիսով, եթե քո գալիքում ընտրելու հնարավորություն դեռ կա (իսկ այն միշտ կա), ուրեմն որոշում ես ու ընտրում չարյաց ոչ թե փոքրագույնը, այլ չարյաց հարմարագույնը՝ դահճի - ակամայությունը: Ակամա դահիճ լինելը քեզ հուսադրում է, անմեղացնում քո թշվառ կյանքը: Մտքերդ չքմեղական են - ի՞նչ անես, երբ քո ներսում կորոնավիրուսը լուռ է, համարյա Տեր Աստծո լռությամբ: Ո՞նց անես, երբ կիսալիբերալ վարակը քեզ խաղարկում է որպես սպանության գործիք, անխնա բանեցնում է, հարստահարում դաժանորեն: Վերջապես՝ կամազրկում է քեզ, խլում վճռելու քո իրավունքը: Եվ հետո՝ դու «Նեմեսիսի» (3) Բաքին չես՝ քավության նոխազի բախչեքն ընկնելով՝ հետագա ողջ կյանքում ինքն իրեն չարի մարմնացում համարող ակամա դահիճներից երեւի ամենաանբախտը՝ երեխաների ամառային ճամբարում մարմնամարզության ու բեյսբոլի մարզիչը: Նա պոլիոմիելիտի վարակն իր ներսում անգիտենալի կրել, ասիմպտոմ ընթացքի միջով տարածել էր սիրելի աշակերտների շրջանում ու սպանել նրանց: 

Կանգ առ, շունչ քաշիր, համենայնդեպս՝ քո պարագայում դեռեւս ապացույցներ չկան: Քեզ չեն ասել՝ ահա այն մարդը, հետն էլ՝ սիրելի, ում անզգուշաբար վարակել, սպանել ես, ասել են․ հավանական է՝ վարակես, հավանական է՝ սպանես, բնավ հաշվի չառնելով կամ գուցե մոռանալով, որ նրբերանգների հարցում դու մանրախնդիր ես, մանավանդ՝ փոփոխամիտ ու հյուծիչ ածականների: 

Ինչ էլ ասեն, միեւնույն է՝ շարունակ տարօրինակ հայացքով ես նայում մորդ - անհետացածին նայողի հայացքով: Ժանտախտե քաղաքներում միջօրեին ու իրիկնալույսին դիահավաքների զանգակները քեզնմանների համար էին ղողանջում, որ դուրս նայեիր, տեսնեիր պատուհանիդ տակով անցնող սայլերը, որոնք լեցուն էին մեռյալներով, որպեսզի գոնե տեսածիդ հավատայիր, իբրեւ ճշմարտություն ընդունեիր համաճարակի ու մահվան իրականությունը: 

Թոքային կոլապս, ալվեոլյար հիպօքսիա, սեպտիկ շոկ - դահճիդ ականջին որպես գրքային դարձվածքներ են լսվում սրանք, անդրաշխարհային ուտեստների անուններ են մի տեսակ: Վիդեոներ վերակենդանացման բաժանմունքից, բուժաշխատողների կճպված հայացքներ, մերթ մեղրագույն, հանկարծ սրճափայլ դագաղներ, մահափոսեր՝ արբանյակներից արված լուսանկարներում - բոլորն էլ սոսկ կրկնությունից զգայազրկված տեսապատկերներ են դիտվում. երազներ, որոնց չես ափսոսա, եթե կեսօրին մոռացվեն, լրիվ, լրիվ անշառ հեռաստան՝ ո՛չ քո, ո՛չ մեկի մասին: 

Վաղուց է այսպես, ճիշտ էին նրանք՝ ինչին ասես սովորում ես: Գիտակցությունդ է ինքնապաշտպանվում. գիտակցությունդ, որ դու չես: Քանի հազարերորդ անգամ ապրումակցես, խղճաս, զարհուրես, ընկալունակ լինես կուտակել-գումարելու, մարմնիդ մեջ կրելու, հետդ ճամփորդեցնելու այն բոլոր լուսանկարները, տեսաձայնագրությունները, որոնք բռնության, Սինջարի լեռան սպանդի, Էբոլայի, Covid -19-ի, սիրիական փլատակների տակ խաղաղ բնակչության պոկոտված մարմնամասերի պատկերներ են ի ցույց դնում: Եթե ապրումակցում մարզելու ջիմեր բացվեն, իսկական ժամանակակից արդուզարդով հագեցված թոփ ջիմեր՝ առաջին հաճախորդներից մեկը դու կլինես: Ի՞նչ կա որ, գիտության աշխարհի օբյեկտիվ կայսրությունում մկանները մարզելուն զուգընթաց կմարզես նաեւ կարեկցանքդ, սրտակցությունդ, հույսդ: Ավելին, հատուկ «չէ» ասելու վարժանքի համար հավելյալ ժամեր կվերցնես, կվարձես իր իմացական կյանքը «չէ»-ին զոհաբերած ու դրանում մոկշայի հասած գուրու-մարզիչ: 

Եվ երբ ստացվի՝ վարձքդ կատար, մեջդ վերաճի, ուժգնանա հոգեւոր ու ֆիզիկական ցավազգացության աստիճանը, երբ նստած լինես բռնության, վիրուսի ու մահվան պատկերաշարի առջեւ ու գիտակցես, որ զգում ես ներսումդ վաղուց լռած կորի հարափոփոխ տեղաշարժը, ուրեմն նա, ով ընդհանրապես ունակ է վերաբերելի լինել, հետեւապես նաեւ քեզ է վերաբերում, այն աշխարհին, որում ապրում ես - աշխարհին, որն ապրեց քեզ - ուրեմն նա դեռ կա, գոյություն ունի՝ միլիոն, միլիոն տարեկան սառցալեռների խորքերում պախկված՝ միլիոն, միլիոն տարեկան փոքրիկ մանրէն՝ աշխարհի ու քո, ուղղակի ու անուղղակի դահիճ լինելուդ միջեւ թափառող հակասության օրհնյալ զավակը: 

------------------------------

1. Ճապոնացի Էդո ժամանակաշրջանի ուքիյո-է ոճի նկարիչ (1760-1849): Ըստ լեգենդի՝ Հուքասայն իր նկարներից մեկը ստեղծելիս հավի ճուտ է վերցրել, ոտքերը թաթախել է կարմիր ներկի մեջ, ապա բաց է թողել, որպեսզի թռչունը քայլի ու հետքերը դրոշմի կապույտ ներկաշերտի վրա:

2. «Էգոիստի հուշերը» (1892), ֆրանսիացի գրող Ստենդալի ինքնակենսագրական երկը:                                                    

3. Ամերիկացի արձակագիր Ֆիլիպ Ռոթի (1933 - 2018) համանուն վեպի հերոսը: «Նեմեսիսում» պատմվում է 20-րդ դարասկզբին Նյու Յորքում բռնկված պոլիոմիելիտի վարակի ու դրա հետեւանքների մասին: 

Լուսանկարը` Եվա Մուրադյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ