Փաստորեն, մեկ անձի կասկածելի ցուցմունքի հիման վրա էին ձերբակալել մարդկանց

Փաստորեն, մեկ անձի կասկածելի ցուցմունքի հիման վրա էին ձերբակալել մարդկանց

Արտակարգ իրավիճակների պայմաններում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները ուղղակի հետևանքն են այն ձախողված քաղաքականության, որը իրականացվում է մարզում։ Մեղքի մեծ բաժինը մարզային իշխանություններինն է: Քաջարանում տեղի ունեցած ձերբակալությունները, ապա Կապանի միտինգը ցույց տվեցին, որ Հունան Պողոսյանը ոչ միայն ապաշնորհ մարզպետ է, այլ նաև սպառել է իրեն որպես ոստիկան՝ գոնե աշխատում է հին մեթոդներով: 
Բռնության կիրառմամբ ձերբակալվել էին 4 երիտասարդ: Նրանցից մեկին սխալմամբ էին ձերբակալել, երեքի ձերբակալությունները հաջորդ օրը դատարանի կողմից ճանաչվեցին ոչ իրավաչափ, իսկ ավելի ուշ մամուլը գրեց, որ ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Վերջինս ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ իր ներկայացրած մեղադրանքները: Արդյունքում պարզվեց, որ Սյունիքյան աղմկահարույց ձերբակալությունները կատարվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա: 

Հունան Պողոսյան մարզպետը, որն այս գործի կնքահայրն էր, փորձեց դուրս գալ ցուցարարների մոտ եւ նրանց հանգստացնել, սակայն հավաքվածները ոչ միայն ամոթանք տվեցին, այլ ցույց տվեցին, որ նա չի վայելում իրենց վստահությունը, ինչի արդյունքում մարզպետն արագ հեռացավ: Հետաքրքիր է այս ամենին իշխանական բուրգի արձագանքը, արդյոք համարժեք գնահատական կտրվի՞ մարզային իշխանության կողմից տարվող ապիկար քաղաքականությանը, որի արդյունքում օր օրի գահավիժում է վստահությունն՝ իշխանությունների հանդեպ առհասարակ: Արդյոք Կապանում մերժված և սյունեցիների նկատմամբ քինախնդրությամբ լցված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը դասեր կքաղի, որ նման եղանակով հարցեր չի կարելի լուծել: Սակայն հստակ է մեկ փաստ, որ մարզային իշխանությունների կողմից ստեղծված շիլաշփոթը շարունակում է հյուծել ժողովրդի վստահությունը, մարզային իշխանություններին այդպես էլ չհաջողվեց մարզում ստեղծել համերաշխության մթնոլորտ: 

Նարեկ Դաջունց
Կապան