Անգրագիտությունը վերադառնում է թավշյա իշխանության կամքով
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձեւով վերադառնում է մեր հանրություն: Նույն Նիկոլ Փաշինյանը նույն կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում մոտ կես ժամ դատափետեց կրթական համակարգը, բազմաթիվ խնդիրներ ներկայացրեց, խոստացավ ակադեմիական քաղաք կառուցել ու հիշեցրեց Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի իր իսկ տարածած ռազմավարության մի միտք. «Կրթությունը միակ գործիքն է, որ հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները եւ գտնել դրանց լուծումները»:
Սա խոսքն է, թավշյաների գործը սրա հետ ոչ մի կապ չունի: Երեք փաստ գործի մասին:
1. Թավշյաների ստեղծած պետական նոր օղակում՝ ոստիկանության պարեկային ծառայությունում, կարելի է աշխատանքի անցնել առանց բարձրագույն իրավաբանական կրթության: Ճանապարհային երթեւեկության կարգավորման հարցերով զբաղվող պարեկը կարող է իրավաբան չլինել: Առանց կրթության ինչպե՞ս է ճանաչելու խնդիրները եւ տեսնելու լուծումները՝ Նիկոլ Փաշինյանը չի ասում:
2. Խորհրդարանական հանրապետություն Հայաստանի խորհրդարանի իշխանական անդամների մի մասը բարձրագույն կրթություն չունի՝ Հռիփսիմե Հունանյան, Գայանե Եղիազարյան եւ այլք: Թավշյա Վահագն Հովակիմյանը միայն պատգամավոր դառնալուց հետո՝ 47 տարեկանում, ավարտել է մի մասնավոր բուհ՝ բակալավրի աստիճանով: Գայանե Եղիազարյանի կենսագրականում անգամ նշված չէ՝ դպրոց հաճախե՞լ է, թե՞ ոչ: Վահագն Ալեքսանյանը դուրս է մնացել Սլավոնական համալսարանից՝ վատ առաջադիմության պատճառով։ Այս մարդիկ առանց կրթության ինչպե՞ս են ճանաչելու խնդիրները եւ տեսնելու լուծումները՝ Նիկոլ Փաշինյանը չի ասում:
3. Թավշյաները, կրթական չափորոշիչներն անտեսելով, տարբեր բուհերի ռեկտորներ նշանակեցին իրենց մտերիմներին՝ Դիանա Գալոյան, Գոռ Վարդանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Լիլիթ Արզումանյան եւ այլք: Խորհուրդների նախագահներ կարգեցին ՔՊ բարձրաստիճաններին՝ Սուրեն Պապիկյան, Տիգրան Ավինյան, Վահագն Խաչատուրյան եւ այլք։ Աղմուկով եւ անառողջ մոտեցումներով կրթօջախի ղեկավար դարձած մարդն ինչպե՞ս է ճանաչելու այդ խնդիրները եւ տեսնելու լուծումները՝ Նիկոլ Փաշինյանը չի ասում:
Ուրեմն Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե անգրագիտությունը սողացող ձեւով վերադառնում է մեր հանրություն, խոստովանություն է, որ թավշյաներն ասել են մի բան ու արել հակառակը, խաբել են ՀՀ քաղաքացիներին, կրթությունը չեն կարեւորել ու չեն կարեւորում: Անգրագիտությունը վերադառնում է հենց թավշյա իշխանության կամոք:
Արեգ Մարգարյան
Կարծիքներ