Ովքե՞ր են իրական մեղավորները

Ովքե՞ր են իրական մեղավորները

Նախորդ օր կայացած (https://www.youtube.com/watch?v=qK9tLDeWBzs) յութուբյան հարցազրույցում Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը բացել է փակագծերը: Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում ընթացող բանակցությունների մասին է: Պարզվում է, որ արևմտյան երեք երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա) ղեկավարներն են խզել ռուսական կողմի հետ ուկրաինացիների բանակցությունները: Հիշեցնեմ, որ բանակցություններն ընթացել են փետրվար-մարտ ամիսների ընթացքում՝ սկզբում Բելառուսում, շարունակվել են ամենօրյա ռեժիմով տեսակոնֆերանսի միջոցով, հերթական փուլն էլ՝ Ստամբուլում։

Բանակցությունների սկիզբը դրվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խնդրանքով, որն այդ առումով դիմել է Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Բենեթին: Իսրայելի վարչապետն էլ ստանձնել է կողմերի միջեւ միջնորդի դերը։ Զանգահարել է ՌԴ նախագահ Պուտինին և ստացել է նրա համաձայնությունը: Այդ հեռախոսազրույցում Պուտինն իրեն վստահեցրել է, որ ինքը պլաններ չունի վերացնելու Վլադիմիր Զելենսկին, ով այն ժամանակ թաքնվում էր բունկերում։ Տեղեկանալով դրա մասին՝ Զելենսկին վերադարձել է գրասենյակ և այնտեղ տեսանյութ նկարահանելով՝ հանրայնացրել: Հիշեցնեմ, որ դա մեծ ֆուրոր էր առաջացրել Արևմուտքում. շարքային քաղաքացիները և թե պետական գործիչները հիացել էին Ուկրաինայի նախագահի հերոսական անձով: Ի դեպ, հիացած էին նաև մեր երկրում: Իրականությունն, ինչպես միշտ է լինում, այս դեպքում ևս, ինչպես պարզվեց, խիստ պրոզաիկ էր՝ հերոսականությունից կիլոմետրերով հեռու:

Իսրայելի նախկին վարչապետը հայտնել է, որ միջնորդության իր գործողություններն ամենաչնչին մանրամասնությամբ համաձայնեցված են եղել Միացյալ Նահանգների, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ: Շարունակելով խոսքը՝ հայտնել է, որ առաջին զրույցներից մեկի ժամանակ Պուտինն իրեն տեղեկացրել է, որ պատրաստ է հրաժարվել ռազմական հատուկ գործողության հիմնական նպատակներից՝ Ուկրաինայի ապառազմականացումից և ապանացիֆիկացումից: Զելենսկին էլ, իր հերթին, խոստացել է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից։ Ի դեպ, այդ գաղափարն ամրագրված էր ուկրաինական Սահմանադրության մեջ նախքան նախագահի պաշտոնում Զելենսկու ընտրվելը:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստել են գրեթե երկու տասնյակ (17 թե 18՝ ըստ Բենեթի) համաձայնագրերի նախագիծ: Ուկրաինան ներկայացրել է ապագա համաձայնագրի իր գրավոր առաջարկները։ Ընդունելի համարելով դրանք՝ ռուսական կողմն ի պատասխան որոշել է, նախ, զգալիորեն նվազեցնել ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ Եվ երկրորդ՝ Պուտինն առաջարկել է կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների կողմից պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ: Ավելի ուշ, ինչպես հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ուկրաինան հրաժարվել է սեփական առաջարկներից՝ ներկայացնելով նորերը։ Մասնավորապես, փոփոխություն է կատարվել Ղրիմի հետ կապված և զորավարժությունների անցկացման վերաբերյալ կետերում: Ենթադրաբար, դրանք Զելենսկուն «հուշել» են արևմտյան երկրների ղեկավարները՝ տեսնելով բանակցություններով հարցը լուծելու ռուսական կողմի պատրաստակամությունը: Այդ պատրաստակամությունը, ենթադրաբար, նրանց կողմից գնահատվել է որպես թուլության նշան, և նրանք հրահանգել են Զելենսկուն տապալել բանակցությունները՝ որոշելով, ըստ Բենեթի, «ջախջախել Պուտինին»:

Արդյունքում Պուտինը, բնականաբար, չջախջախվեց, սակայն 130 հազար ուկրաինացի, ըստ եվրոպական չինովնիկների, զրկվեց կյանքից: Եվ այդ սպանդը դեռևս շարունակվում է: Եվ որպես սպանդի մեղավոր նույն Արևմուտքի կողմից ներկայացվում է ՌԴ նախագահը: Այնինչ, ապագա անկախ և չեզոք միջազգային դատարանը՝ զինված Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթի վկայություններով, վստահաբար մեղադրելու է հենց վերը նշված երկրների ղեկավարներին: