Մենք չենք իմացել Արցախի կառավարությունն ինչ բանակցություններ է վարում. Ռուստամ Բաքոյան

Մենք չենք իմացել Արցախի կառավարությունն ինչ բանակցություններ է վարում. Ռուստամ Բաքոյան

Իշխանություններն այսօր նոր ռեկորդ սահմանեցին` ցինիզմի, անամոթության ու անտակտության մրցաշարում։ Արցախի վերջնական հանձնումից հետո հրավիրված խորհրդարանական առաջին նիստի ընթացքում ՔՊ-ական խմբակը կատարվածի մեղավորներ «նշանակեց» ընդդիմությանը եւ Արցախի՝ 17 օր պաշտոնավարած վերջին նախագահին։ Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը,  խեղաթյուրելով իրականությունը, հայտարարեցին, որ Արցախը հանձնել ու կապիտուլացիոն ակտը ստորագրել են Արցախի իշխանությունները, ՀՅԴ-ականները, նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը եւ, իհարկե, ՀՀԿ-ականներն ու քոչարյանականները, որոնք ողջունել են Շահրամանյանի ընտրությունը։ ՔՊ-ականների կարծիքով, մարդիկ անասունից չեն տարբերվում` չունեն ոչ հիշողություն, ոչ մտածելու կարողություն, ոչ տարրական տրամաբանություն: 

Մոռացել են` ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում. «Արցախի հարցով ինչ ուզում եմ, այն էլ բանակցում են», որ բանակցությունները սկսել է իր` զրոյական կետից, որ Ստեփանակերտի հրապարակում բղավում էր. «Արցախը Հայաստան է եւ վերջ»` սադրելով ադրբեջանցիներին, մեդալներ էր բաժանում Տավուշի օպերացիայի մասնակիցներին, հայտարարում, որ հայկական բանակն ապացուցեց, որ տարածաշրջանում ամենահզորն է, իսկ հիմա նույն զինվորականներին բանտերում է պահում եւ հայտարարում է, որ մենք բանակ չենք ունեցել:

2020-ի պատերազմի նախօրեին հոխորտացող Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խայտառակ կապիտուլյացիան ստորագրեց, ապա առաջինը ձեռքերը լվաց Արցախից ու հրաժարվեց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` Արցախի երաշխավորի կարգավիճակից: Հետո փորձեց ամբողջ պատասխանատվությունը դնել նոյեմբերի 9-ի հայտարարության երրորդ կողմի` Ռուսաստանի վրա, ապա հայտարարեց, թե` միջազգային հանրությունը ստիպում է «Արցախի թեմայով բանակցությունների նշաձողն իջեցնել», ավելի ուշ ընդհանրապես հրաժարվեց «Արցախ» անունից եւ ասաց, որ Արցախը ոչ մի շանս չուներ անկախ լինելու` այդ հարցը լուծվել է 1991 թվականին: Իսկ  մեկ տարի առաջ՝ Պրահայում փաստացի Ադրբեջանին հանձնեց Արցախը՝ այն ճանաչելով Ադրբեջանի մաս։ 

Իսկ այսօր ՔՊ-ական ԲՏՌ-ներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը խորհրդարանի ամբիոնից կատարվածի մեղավորներ էին հռչակում ընդդիմությանը՝ հայտարարելով` կապիտուլանտն էլ եք դուք, ազգակործանն էլ, Արցախ հանձնողն էլ։ Պարզվեց, որ ՔՊ-ն առաջնորդի կողմից հրահանգված է եկել խորհրդարան` մի մասը ապուշության հասնող ցինիզմ են դրսեւորում, մյուսներն ավելի նրբորեն են կատարում հրահանգը: Թիմի  քիչ, թե շատ ինտելեկտուալ համարվող Վլադիմիր Վարդանյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ Արցախն այս վիճակին հասավ, ովքեր են մեղավոր, նա կարճ-կոնկրետ պատասխան տվեց․ «Գնացեք Արցախի իշխանություններին հարցրեք՝ ինչու»։

Սյունեցի Նարեկ Ղահրամանյանը, որն ԱԺ ամբիոնից հատուկ ընդդիմության համար ընթերցեց կապիտուլանտ բառի վիքիպեդիայի բացատրությունը՝ փորձելով ցույց տալ, որ Արցախի իշխանությունների վերջին քայլերն այդ տերմինով կարելի է կոչել, այն հարցին, թե` ով Արցախը բերեց հասցրեց այս օրվան, մեզ լավ տրամադրություն եւ ուրախ ժամանց մաղթեց: Երբ հակադարձեցինք, թե միայն ՔՊ-ականները կարող են այս օրերին բարձր տրամադրություն ունենալ, խորհրդարանի միջանցքում ՔՊ-ի անվտանգությունը պահող ՊՊԾ աշխատակիցներին կանչեց, թե` «թույլ մի տվեք, տեսնում եք` չեմ ուզում, որ իմ հետ քայլի»։ 

ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, փոխնախագահ Ռուստամ Բաքոյանն էլ սլաքներն ուղղեց բոլորի կողմը, բայց ոչ իրենց իշխանության։ Հարցրեցինք՝ մոռացե՞լ եք, որ Փաշինյանն էր հայտարարում նշաձող իջեցնելու մասին, նա է Պրահայում պայմանավորվել Ալիեւի հետ, ստացանք հետեւյալ պատասխանը․

«Նշաձող իջեցնելու մասին հայտարարություններն ամենեւին չէին նշանակում ԼՂ-ն լուծարել, մենք, այո, չենք պատկերացրել, որ մի օր ԼՂ-ն կլուծարվի։ Մենք չենք իմացել Արցախի հանրապետության կառավարությունն ինչ բանակցություններ է վարել, մեզ համար դա անսպասելի էր», -ասաց Բաքոյանը:

Ինչ բանակցություններ պետք է վարեր Արցախի իշխանությունը` երբ նրան միջազգային հարթակներում որպես սուբյեկտ չէին ճանաչում, այդ Փաշինյանն էր ամիսը մեկ մեկնում Պրագա, Բրյուսել, Մոսկվա եւ Արցախի հարցով բանակցում: 
Բաքոյանը համաձայն չէ, թե Արցախի լուծարումը հետեւանքն է նրա, որ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախն` Ադրբեջանի կազմում․ «Ես խնդրում եմ Պրահայի վերաբերյալ ռուսական թեզը չտարածել...Որովհետեւ երրորդ երկրի ագենտուրան այստեղ այդ թեզն է տարածում, որպեսզի լրիվ այլ ուղղությամբ տանի գործընթացը»։

Բայց պարզ չէ՞ր՝ երբ Արցախը ճանաչում եք Ադրբեջանի կազմում, մի օր Ալիեւը ինչ ուզի` անելու է իրեն պատկանող տարածքի հետ, ինչպես արգելափակեց Լաչինի միջանցքը․ «Մենք Պրահայում չի, որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը 91 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատել է, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք նոր ասելիք չենք ունեցել»:

Լավ, եթե Արցախը նախկիններն են ճանաչել Ադրբեջանի մաս, ինչու Նիկոլ Փաշինյանն իր որդուն ուղարկեց այնտեղ ծառայելու․ «Ես չունեմ մեկնաբանություն, ես հստակ ասում եմ հետեւյալը, որ 91 թվականին հստակ ճանաչել են միմյանց տարածքայինամբողջականությունը եւ դրա մասին է խոսել վարչապետը»։

Հարցրեցինք՝ Արցախն այլեւս չկա, Հայաստանի ժողովուրդը կարո՞ղ է խաղաղ ապրել․ «Ես ձեր հարցի տրամաբանությունը չեմ հասկանում․․․»:

Մարդիկ ձեզ լսելով ասում էին՝ Արցախը տանք, հանգիստ ապրենք...․«Խնդրում եմ պրովոկացիա մի արեք։ Ցանկացած իշխանություն, ժողովուրդ ուզում է խաղաղ երկրում ապրել, մեր ամբողջ նպատակը Հայաստանում, տարածաշրջանում երկարատեւ խաղաղ ապրելն է»:

Այո` լավ ցանկություն է, իսկ իշխանությունն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է անում․ «Դա ցանկություն չէ, դրան ուղղված իշխանությունը ջանքեր ու աշխատանքներ է անում»: