Հերթական անարժանը

Հերթական անարժանը

Մինչ մենք քննարկում ենք Արմեն Սարգսյանի հրաժարականը եւ մրցում, թե ով ավելի օրիգինալ բացատրություն կտա՝ ինչու նա անսպասելի հեռացավ, արդեն նրան փոխարինողների անուններն են քննարկվում։ Լուսանցքում հայտնված քաղաքական ուժերն իրենց առաջնորդներին են առաջարկում՝ անգամ կուսակցական շահը մի կողմ դնելով։ Չէ՞ որ ՀՀ նախագահն առնվազն 7 տարի զրկված է լինելու քաղաքական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն, «Լուսավոր Հայաստանը» կամ «Հանրապետությունը» կուսակցապետերից զրկվելու վտանգն աչքի առաջ են շրջանառում Էդմոն Մարուքյանի կամ Արամ Սարգսյանի անունները։

Հասարակությունը, իհարկե, իր թեկնածուներն ունի․ լիազորություններն ավարտող ՄԻՊ Արման Թաթոյան, ընդդիմադիր շրջանակներից հնչում են Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլ անուններ։ Այս միամիտ քննարկումը, սակայն, բոլորովին անիմաստ է, քանզի ուղենիշն իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն արդեն հռչակել է՝ փորձելու են «քաղաքական ներդաշնակության» հարցը լուծել, քանի որ «ներդաշնակության սակավության պատճառով մենք լուրջ մարտահրավերներ ենք ունեցել եւ անգամ․․․ պետականության կորստի եզրին էինք գտնվում» անցած տարի։ Նկատի ունի Օնիկ Գասպարյանի հրաժարականն ու զինվորականների հայտարարությունը՝ իր հրաժարականի պահանջով։

Մեզ, իհարկե, թվում էր, թե պետականության կորստի վտանգն առաջացել է իրենց ապաշնորհ կառավարման եւ պատերազմում պարտության պատճառով, սակայն իրենք այլ տեսակետի են եւ ուզում են միաձույլ իշխանություն ունենալ, որ «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա»՝ ոչ մեկը կասկածներ չհայտնի եւ իր հրաժարականը չպահանջի։ Այնպես որ, հերթական անարժանը կստանա այդ բարձր պաշտոնը եւ դրա համար մինչեւ մահ-գերեզման երախտապարտ կլինի Նիկոլ Փաշինյանին։