«Հրապարակ». Պետությունը մեծ ծախսեր է արել` ոչինչ չստանալով. դատախազության ներկայացրած թվերը «փուչիկ» են
Գլխավոր դատախազությունն օրերս հաղորդագրություն էր տարածել, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն իր ձեւավորման օրվանից մինչ այսօր ինչ է արել: Իսկ դա տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին: Դատախազությունն ինչ-որ թվեր է գրել, որ տպավորություն ստեղծվի, թե մեծ գործ են արել, եւ այդ օրենքը լիարժեք գործում է, ու նախկին «թալանչիներից» էլ «կոպեկ առ կոպեկ հետ են բերել» թալանածը` պետությանը վերադարձնելով: Սակայն ուշադիր ընթերցողը կտեսնի, որ ճիշտ հակառակ վիճակն է: 4 տարում, իհարկե, «553 ուսումնասիրություն» են իրականացրել, ինչը հսկայական թիվ է, բայց սա եւս պետական միջոցների ահռելի վատնում է, ընդ որում` չարդարացված։
Փաշինյանի խոստումները` պատժել պետությունից թալանած անձանց եւ հետ բերել թալանածը, չեն իրականացվել: Դատախազությունում 2020-ին ստեղծված վարչությունը, իհարկե, նախկին պաշտոնյաներին, նրանց հետ փոխկապակցված անձանց դրեց խոշորացույցի տակ` ուսումնասիրելով նրանց ունեցվածքը, ընդհուպ մինչեւ 90-ական թվականները, եւ խախտելով մարդու բոլոր իրավունքներն ու պահանջելով ներկայացնել իրենց ունեցած ողջ գույքի հիմքերը, որոնք հաճախ օբյեկտիվ պատճառներով չեն պահպանվել: Բայց անգամ նման դրակոնյան օրենքով չեն կարողացել «թալանը հետ բերել»:
Նշված վարչության իրականացրած 553 ուսումնասիրության արդյունքում 172 անձի վերաբերյալ դատարան է ներկայացվել 116 հայցադիմում, որոնցով պահանջել են հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1300 անշարժ եւ 251 շարժական գույք, ինչպես նաեւ 335 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Դատախազությունը հայտարարում է՝ ապօրինի գույքի ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է ավելի քան 587 միլիարդ դրամ։ Բայց այս թիվը հրապարակվում է զուտ անգրագետ մարդկանց վրա տպավորություն թողնելու, այսպես կոչված` փիառի համար։ Իսկ իրական պատկերը լրիվ հակառակն է, դատախազության ներկայացրած հաշվարկների ու հայցադիմումների հետ պատասխանողների մեծ մասը համաձայն չէ։ Միայն 8 հոգի, հավանաբար, հոգնելով քաշքշուկներից, համաձայնություն է կնքել դատախազության հետ, եւ Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է 7 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաեւ՝ շուրջ 937 միլիոն դրամ։
Դատախազության տեղեկանքում գրված է նաեւ, որ իրենց ներկայացրած հայցադիմումներից այս տարիների ընթացքում դատարանը բավարարել է միայն 4-ը։ Ուշադրություն․ 2 տարվա ընթացքում դատարանը բավարարել է 4 հայցադիմում, որոնցից ոչ մեկը դեռեւս օրինական ուժի մեջ չի մտել, որովհետեւ բողոքարկվել է վերադաս ատյան:
Ստացվում է, որ դատախազության ներկայացրած թվերը՝ միլիարդների, հարուցված վարույթների եւ միջնորդությունների վերաբերյալ, «օդ» են, քանի որ ռեալ որեւէ գումար, գույք դատարանով պատասխանողներից չի բռնագանձվել։ Մինչդեռ պետբյուջեից այս վարչության աշխատակիցները կլորիկ գումարներ են ստացել` որպես աշխատավարձ, բազում այլ արտոնություններից են օգտվել, եւ իրենց ղեկավարն էլ` Սրբուհի Գալյանը, որպես լավ աշխատող, նշանակվել է արդարադատության նախարար: Եթե նաեւ գումարենք, թե քանի քննիչ, դատավոր քանի տարի է այս գործերով զբաղվել, կստացվի, որ դա բազմիցս գերազանցում է այն գումարին, որը մինչ օրս մուտքագրվել է բյուջե` որպես ապօրինի գույքի բռնագանձում: Իսկ եթե հավելենք, որ իրական հանցագործությունները մնում են չբացահայտված, իսկ մեղավորները՝ չպատժված, որովհետեւ քննիչ-դատավորները Փաշինյանի` նախկիններից ունեցած «վրեժը» լուծելով են զբաղված, պարզ կդառնա, թե ինչքան պետական միջոց է քամուն տրվել:
Փաստաբան Վահագն Գրիգորյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով բավարարված 4 հայցադիմումին, ասաց՝ վարչությունը թեպետ ձեւավորվել է 2020-ին, սակայն գործերը դատարան են գնացել 2 տարի առաջ․ «Վարչությունն ուսումնասիրությունները սկսել է 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց սկսելու պահից եւս 2 տարի անցել է, մինչեւ հայցերը ներկայացրել են։ 2 տարին այն ժամկետն է, որում միջին քաղաքացիական կամ վարչական գործը չի լուծվում, այսինքն՝ երբ մենք խոսում ենք ռեսուրսների վատնման մասին, դրան ես այն տեսանկյունից եմ նայում, որ եթե նույնիսկ բոլոր հնարավոր անձանցից բոլոր հնարավոր գույքերը, որոնց նկատմամբ վարույթները հարուցել են, բռնագանձեն, ու այդ թվից հանենք բոլոր դատավորների աշխատավարձերը, այն գումարները, որոնք ծախսել են դատարանի վերանորոգման վրա, որովհետեւ այդ դատարանում մշտապես վերանորոգման աշխատանքներ են, եթե հանենք դատավորների, դատախազների վերապատրաստման համար ծախսերը, կստանանք պատկեր, որ, այո, այս ամեն ինչն արդյունավետ չէր։ Օրինակ, պայմանական, բռնագանձեցինք 20 միլիոն դոլար, բայց պարզվի, որ այս ամբողջ ընթացքում վերանորոգումների, դատախազների, դատավորների վերապատրաստման վրա ծախսեցինք 10 կամ 15 միլիոն: Եթե պարզվի, որ այս ընթացքում պետությունը շահում է 5-10 միլիոն դոլար, դա խայտառակություն է, դա ամոթ է։ 5 միլիոն դոլարի համար այս ամեն ինչը խառնել իրար, սարքել թշնամանք, այսքան մարդկանց ժամանակն այդքան վատնել, այս մասշտաբի պրոյեկտի համար 5 միլիոն դոլարը ճղճիմ թիվ է»։
Սակայն նորմալ է, որ 2 տարում 4 վճիռ է կայացվել, որովհետեւ ծանրագույն ու մեծածավալ գործեր են դրանք․ «Ես այդ հարցում չեմ հասկանում վարչապետի լարվածությունը, որ սպասում ենք, բայց չկա։ Մարդն իրավաբանությունից հեռու պետք է լինի, որ այդպիսի բան ասի»։
Կարծիքներ