«Հրապարակ». Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ

«Հրապարակ». Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ Սերժ Թանկյանի միջեւ

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ առաջիկա հունիսին Սերժ Թանկյանը կրկին համերգով հանդես կգա Հայաստանում: Հիշենք, որ Սերժ Թանկյանի System of a Down ռոք խումբն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ 2015-ի ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակի առիթով, եւ շշմեցուցիչ համերգ ստացվեց, որի համար նա 1,2 միլիոն դոլար հոնորար է ստացել (ռուսահայ գործարարից)։ «Ինչպես կասեր Վանոն` պատմական հայրենիքն անգամ այլեւս «հեշտ» չեն սիրում»,- ասաց իշխանական մեր աղբյուրը՝ հավելելով, որ այս անգամ եւս Սերժ Թանկյանը մեծ հոնորարի դիմաց կերգի Հայաստանում։

«Պարզապես նրբությունն այն է, որ արանքում Ամուլսարի խնդիրը կա։ Նկատեք` համերգի մասին հայտարարությունից հետո Թանկյանն այլեւս չի խոսում Ամուլսարի շահագործման անթույլատրելիության մասին։ Սա համերգ-բարտեր է հայաստանյան իշխանությունների եւ նրա միջեւ»: Փորձեցինք ճշտել լուրի իսկությունը․ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանին հարցրինք` մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Թանկյանի հունիսյան համերգը հայաստանյան բյուջեի վրա կնստի մոտ 1 միլիարդ դրամ։ Որտեղի՞ց են տրամադրվելու համերգի միջոցները։ Խոսնակը գրավոր արձագանքեց․ «Բյուջեի մասով Ձեր գրածը չեմ հաստատում։ Միջոցների տրամադրման հարցը պետք է ուղղել կազմակերպիչներին»: