«Գլխավոր շտաբն իր լիազորություններից, Սահմանադրությունից բխող հայտարարություն է արել»

«Գլխավոր շտաբն իր լիազորություններից, Սահմանադրությունից բխող հայտարարություն է արել»

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ  ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 
Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», - նշվում էր հայտարարության մեջ:

Սահմանադրության հոդված 14-ի համաձայն՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: 

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով ու իմքայլական իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանին է անցել Արցախի մեծ մասը, Հայաստանից հատվածներ, իսկ սկսված սահմանազատումները հիմնականում լուծվում են ի օգուտ ադրբեջանական կողմի, անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվել սահմանային բնակիչների համար։ Ստացվում է, որ զինված ուժերն առաջին հերթին ՀՀ տարածքային ամբողջականությունը և երկրի անվտանգությունը պաշտպանում են հենց իմքայլականներից։

«Հայտարարությունն ըստ էության նշանակում է խախտել չեզոքությունը։ Քաղաքական հայտարարություն է արել, բայց դա չի նշանակում ռազմական հեղաշրջման փորձ։ Ռազմական հեղաշրջման հարցին ոչ թե տեսականորեն պետք է մոտենալ, այլ կոնկրետ փաստերով։ Փորձի դեպքում պետք է ցույց տրվեն փաստեր։ Հիմա եթե փողոցում զինվորականներ չկան, և իշխանությունների վրա ճնշում չի գործադրվում, դա ռազմական հեղաշրջում չէ։ Բայց, այո, Գենշտաբը խախտել է քաղաքական չեզոքությունը՝ բայց ընդամենը կատարելով հայտարարություն», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ էր»։

Ըստ Ղազարյանի՝ հեղաշրջման փորձը պետք է լիներ իշխանությունը զավթելու ակտիվ գործողություններով։ 

Ճշգրտող հարցին՝ պետք է ձերբակալվեի՞ն իշխանական պատգամավորները, վարչապետը, պատասխանեց. «Ի՞նչ կարևոր է։ Գործողությունները կարող էին տարբեր լինել, բազմաթիվ դեպքեր կան աշխարհում օրինակներ բերելու համար։ Դե իշխանության զավթումը ռազմական միավորումների կողմից, ասենք՝ գործադիր իշխանության»։

Հարցին՝ կա՞ իրադրություն, օրինակ՝ ռազմական դրության պայմաններում, որ այսպիսի հայտարարությունը չեզոքության խախտում չէ, պատասխանեց. «Չկա, ցավոք, չկա»։

Փաստաբան, Երևանի զինվորական կայազորի նախկին դատախազ Հովսեփ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ԳՇ հայտարարությունը Սահմանադրության խախտո՞ւմ էր, թե նորմա՞լ էր ստեղծված իրավիճակում։ 

«Իհարկե Գլխավոր շտաբի հայտարարությունը միանգամայն օրինական է և իրավական բոլոր չափերի մեջ տեղավորվում է։ Առավելևս, որ Գլխավոր շտաբը պատճառաբանել է, թե ինչու է այդպիսի հայտարարություն տարածում։ Այսինքն՝ հստակ սահմանում է, որ վարչապետի գործունեությունը հակահայկական է եղել, հակասահմանադրական է եղել։ Եվ այն պահանջները, որոնք Գլխավոր շտաբի կողմից դրվել են վարչապետի առջև, չեն իրականացվել։ Եվ ակնհայտորեն հակաազգային, հակահայկական հրահանգները կամ հրամանները, որոնք տրվել են ու հետագայում ունեցել են իրենց հետևանքները, Շտաբն իրեն իրավունք է վերապահել, որպեսզի դրսևորի քաղաքական կամք և պահանջի վարչապետի հրաժարականը», - ասաց իրավաբանը։ 

Սարգսյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ԳՇ-ն ակնհայտ քաղաքական դիրքորոշում է հայտնել։ «Սա ընդամենը քաղաքացիական պարտքի դրսևորում է։ Եվ Գլխավոր շտաբն իր լիազորություններից, ազգային-պետական քաղաքականությունից և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող հայտարարություն է արել։ Իսկ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը միանշանակ ասում է, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ գործում է իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում», - ընդգծեց նա։ 

Հարցին՝ «Շտաբի հաջորդ քայլերը, որո՞նք պետք է լինեն, որ համապատասխանեն Սահմանադրությանը, օրենքներին ու ստեղծված իրավիճակին», պատասխանեց, որ ԳՇ-ն իր հայտարարության մեջ նաև այդ հարցի պատասխանն է տվել։ 

«Որ շարունակում է իր լիազորությունների սահմաններում գործառույթների իրականացումը։ Այնպես որ, այստեղ խնդիր չկա բացարձակ։ Իր հայտարարությունը վերաբերում է բացառապես վարչապետի անձին։ Իսկ ԳՇ-ն շարունակում է իր գործառույթներն իրականացնել, ինչն ակնհայտորեն երևում է իր իսկ հայտարարությունից։ Երեկ վարչապետը մի հայտարարություն արեց, թե պաշտպանության նախարարը և այլն շարունակում են մնալ։ Տպավորություն էր, որ ինքը դիմում է զինվորներին, սերժանտներին, ոչ հրամանատարական կազմին։ Որովհետև շատ լավ գիտենք, քիչ թե շատ զինվորականության հետ շփվել ենք, որ ամբողջ հրամանատարական կազմը գտնվում է Շտաբում, Շտաբից է կառավարվում զորքը, բանակը և այլն։ Հիմա պաշտպանության նախարարն ընդամենը քաղաքական ղեկավար է, տվյալ գերատեսչության քաղաքական ղեկավարն է, բայց ոչ զինվորական ղեկավարը։ Եվ վարչապետի հայտարարությունը, թե Պաշտպանության նախարարը կառավարի զորքը և բանակը, սա ակնհայտորեն չի համապատասխանում Սահմանադրությանը։ Վարչապետն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությանը չի տիրապետում։ Եթե լավ կարդար կամ ընդհանրապես կարդար ու տիրապետեր իրավիճակին և օրենքներին, կհասկանար, որ Պաշտպանության նախարարը նման լիազորություն չունի։ Նա քաղաքական դեմք [Պնախարարի պաշտոնը] է ընդամենը։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչն է ՊՆ-ում, ընդամենը, ոչ ավելին։ Բայց ոչ ռազմական ղեկավարը, շտաբի ղեկավարի ֆունկցիա չի կարող վերցնել իր վրա», - եզրափակեց իրավաբանը։