Ի՞նչ անել
Եթե ուզում ես հավերժացնել քո իշխանությունը, կրկին ու կրկին վերարտադրվել, եթե իշխանություն ունենալն ավելի կարեւոր է քեզ համար, քան երկիր-պետություն ունենալը, ընդամենը 2 բան պետք է կարողանաս անել: Նախ` ջլատես, պառակտես, ճնշես ու հալածես քո դեմ պայքարողներին, նրանց ապացուցես-համոզես, որ անիմաստ է քո դեմ պայքարելը` «դու գնացողը չես»: Ցույց տաս, որ քո դեմ պայքարելն իրենց կյանքը դժոխքի է վերածելու, եւ իրենք ոչ միայն զրկվելու են նորմալ ապրելու հնարավորությունից, այլեւ` ամեն ինչից: Զրկվելու են նաեւ նրանց զավակները, մերձավորները, կուսակիցները: Իսկ մերձավոր շրջապատի ճնշումն ամենազորեղ գործոնն է հայկական միջավայրում: Շրջապատ, որն ուզում է ապրել եւ պատրաստ չէ զանազան զրկանքների:
Եվ երկրորդ բանը, որ անում է նման իշխանությունը, հանրությանը քաղաքականությունից, իր երկրից օտարելն է, անտարբեր զոմբիների վերածելը, որոնց համար միեւնույն է` Տավուշի՞ց հողեր կտան, թե՞ Արարատից, սահմանազատումն այսօ՞ր կանեն, թե՞ վաղը, երկիրը զենք-զորք կունենա՞, թե՞ ոչ: Շուշիի Ղազանչեցոցն ու Ամարասը կմնա՞ն, թե՞ մզկիթ կդառնան: Ստեփանակերտում հայեր կապրե՞ն, թե՞ զտարյուն թուրքեր: Սյունիքով ադրբեջանցինե՞րը կերթեւեկեն, թե՞ հայերը: Եվ, առհասարակ` Հայաստանը Հայաստան կմնա՞, թե՞ Ադրբեջանի կամ Թուրքիայի մարզ կդառնա, Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյա՞նը կլինի, թե՞ Պետրոս Ղազարյանը:
Մարդու պահանջների սանդղակը պետք է այնքան իջեցնես, նրան այնպիսի ապատիայի մատնես, այնքան հուսահատեցնես, որ համոզվի` ցանկացած պայքար, միեւնույն է` մատնվելու է անհաջողության, ուրեմն անգամ չարժե փորձ անել իշխանություն փոխելու: Որ մարդը գնա եւ ռոբոտի նման ընտրի երկիրը վարի տված իշխանությանը: Համարի, որ ոչինչ կախված չէ երկիրը կառավարողներից:
Կարծիքներ