Նոր ցախավելը

Նոր ցախավելը

Զրուցակիցս նախարարություններից մեկի երկարամյա աշխատակիցն է, ով 5-6 նախարար է փոխել եւ ամեն ինչ տեսել` ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի, ՔՊ-ի լծի տակ աշխատելով: Լիուլի վայելել է կուսակցականացված կառավարման «հաճույքները» եւ գիտի, թե ինչ է նշանակում, երբ մի գիշերում «վլաստը» փոխվում է, եւ իշխանության են գալիս հակառակ ճամբարի ներկայացուցիչներն ու ամեն ինչ սկսում զրոյից` իրենց հագով ձեւելով ե՛ւ աշխատակազմը, ե՛ւ նախարարության կառուցվածքը: Նոր մարդկանց եւ հատկապես` օգնական-խորհրդական-խոսնակների նոր բանակ բերելով: Նոր նախարարը, որպես կանոն, ատում է նախկին ավանդույթները, եւ նրան թվում է, թե ինքը հավերժ է, իսկ իր նշանակած կադրերն ավելի պաշտպանված են, քան նախորդինը: Եվ քաղծառայող համարվող վախկոտ «նապաստակները»` նորանշանակ «սամադուր» նախարարի հրահանգով, րոպեների ընթացքում ազատման դիմումներ են գրում՝ տեղ ազատելով վերջինիս ազգուտակի եւ կուսակից ընկերների համար:

Նախարարության հին աշխատողների համար սկսվում է մղձավանջի շրջանը երբ հայտնի չէ, թե ով կմնա, ով կհեռանա, իսկ նախարարությունը զավթած թիմի համար` էյֆորիայի. մեծ փողեր աշխատելու, աջուձախ հրահանգներ արձակելու, մարդկանց ճակատագրեր որոշելու շրջանը: Ոչ մի նախորդի ճակատագիր դաս չի լինում հաջորդի համար, որ հասկանա. նախ` պաշտոնը հավերժ չէ եւ կարող է շատ ավելի կարճ տեւել, քան կարող ես պատկերացնել: Երկրորդը` պետք չէ մարդկանց ցավեցնել, աշխատատեղից զրկել, պատերին ծեփել` թշնամիներ վաստակելով: Բայց ամենակարեւորը կադրերն ու կոռուպցիան էլ չեն, այլ այն անհեթեթ հրամաններն ու որոշումները, այն վտանգավոր քայլերը, որոնք անում է իր նշանակումից արբեցած նախարարը` համակարգը գցելով ցնցումների մեջ եւ իր հաջորդի կողմից չեղարկման ենթակա լիքը որոշումներ արձակելով: