Ճոպանուղու հարակից տարածքը թուրքե՞րն են վարձակալել. ի՞նչ գործունեություն են ծավալում այնտեղ

Ճոպանուղու հարակից տարածքը  թուրքե՞րն են վարձակալել. ի՞նչ գործունեություն են ծավալում այնտեղ

Hraparak.am-ի ձեռքի տակ է հայտնվել Ծաղկաձորի ճոպանուղու տնօրենի եւ մի քաղաքացու հեռախոսազրույցը, որն ուշագրավ է նրանով, որ քաղաքացին փորձում է համոզել տնօրենին ճոպանուղու հարակից տարածքը վարձակալությամբ տրամադրել իրեն, այլ ոչ թե թուրքերին: Հեռախոսազրույցից  հասկանալի է, որ ճոպանուղու տնօրենը որոշումից հետ կանգնելու մտադրություն չունի. տարածքն արդեն հանձնել է զրուցակցի կողմից նշված անձանց:

Թե ովքեր են այդ թուրքերը եւ ինչ գործունեություն են ծավալում հանրապետության ձմեռային զբոսաշրջության կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքում, փորձեցինք նոր տեղեկություններ հայթայթել: Ծաղկաձորի քաղաքացիներից տեղեկացանք, որ այլազգի 3-4 լուսանկարիչներ մոտ մեկ ամիս է՝ շրջում են քաղաքով եւ լուսանկարելով զբոսաշրջիկներին՝ գումար են վաստակում:  Եղան նաև դժգոհություններ, որ ծաղկաձորցիների գումար վաստակելու շրջանը ձմեռային սեզոնն է, եւ տեղացիներն իրենք էլ անհամբերությամբ սպասում են, թե երբ է զբոսաշրջության սեզոնը բացվելու: Մինչդեռ դրսից եկածները, այն էլ՝ օտարազգիներ, հացը ձեռքներից խլում  են: Ծաղկաձորցիները պնդում են, որ իրենց հանդիպած լուսանկարիչները չեն տիրապետում հայերենին, խոսում են թուրքերեն, հաղորդակցվում են ռուսերենով, եւ բոլորը գիտեն, որ նրանք ազգությամբ թուրք են: 

Ստեղծված իրավիճակի հետ կապված`  հraparak.am-ը զրուցեց ճոպանուղու տնօրեն Հայկ Պողոսյանի հետ: «Ես ինչ անում եմ, օրինական, փաստաթղթերով է, անօրինական ոչինչ չկա, պայմանագիր ունենք: Էդ մարդը Թուրքիայից եկած հայ է, հեղափոխությունից հետո վերադարձել է Հայաստան, իմ իմանալով` մոտ մեկ տարուց ավել է՝ այստեղ է, բայց մեկ ամիս է, ինչ մեզ մոտ վարձակալել են եւ լուսանկարչությամբ են զբաղվում: Մարդիկ անշնորհք ոչինչ չեն անում, իրենց համար աշխատում են, ի՞նչ անենք, հո՞ չենք վռնդելու»,-մեզ հետ զրույցում ասաց ճոպանուղու տնօրենը՝ անտրամաբանական համարելով բարձրացված աղմուկը:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Հայկ Պողոսյանի եւ քաղաքացու հեռախոսազրույցն ավարտվում է նրանով, որ քաղաքացին ընդգծում է, թե խնդիրը կարգավորելու համար ստիպված կլինի դիմել Գագիկ Ծառուկյանին: 

Նշենք, որ 2004-ի ապրիլին, կառավարության որոշմամբ, ճոպանուղին վերցվել է «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ից ու հանձնվել սպորտպետկոմիտեին, որն էլ իր հերթին պետության անունից գույքը նվիրել է ՀԱՕԿ-ին՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առեւտրային կազմակերպության կողմից ճոպանուղին վերակառուցելու եւ շահագործելու պայմանով: 2009-ից էլ ճոպանուղին կառավարման է հանձնվել այլ ընկերության՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ին, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ): Կոմիտեի նախագահը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, իսկ ընկերության մնացած 50%-ի սեփականատերը «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն է, որը գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։

Ձայնագրությունը՝ ստորև։