Հեռվից հայրենիքը կսիրե

Հեռվից հայրենիքը կսիրե

Ֆեյսբուքում մի քանի տարի է՝ կարդում եմ իրեն հրապարակախոս հռչակած մի տարեց կնոջ գրառումները․ 70-ն անց է, ապրում է Բելգիայում, թոռնատեր է, ակտիվ ֆեյսբուքիստ՝ օրական մի քանի ստատուս է գրում, անգամ դրանց տեսատարբերակներն է տեղադրում։ Բացառապես փառաբանում է Նիկոլ Փաշինյանին եւ լուտանքներ տեղում նախկինների հասցեին։ Որոշում եմ էջն ուսումնասիրել, որ հասկանամ այս տեսակին։ «Հասնում» եմ գրեթե 2015 թվական՝ իսկ ամենօրյա ռեժիմով գրելու դեպքում, հասկանում եք, որ դա հեշտ գործ չէ։

Բելգիա է տեղափոխվել մոտ 22 տարի առաջ, ատում է նախկիններին։ Այդ ատելությունը ես կապում եմ հայրենիքից զրկվելու ցավի ու կարոտի հետ, ուստի ներելի է։ Տարին տարվա վրա գրել է․ «Սերժ Սարգսյան, հրաժարական տուր», մի առիթով բացատրել՝ «հրաժարական տուր, որ վերադառնամ հայրենիք»։ Բայց, չգիտես ինչու, հրաժարականից հետո չի վերադարձել՝ շարունակել է հեռվից սիրել հայրենիքը։ Բնական է այն ցնծությունը, որով հեռավոր եվրոպաներում ապրող կինն ընդունել է 18-ի հեղափոխությունը եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։

Փորձում եմ հասկանալ, թե հիմնականում ինչից է դժգոհ եղել տիկինը, եւ ուշագրավ բացահայտումներ եմ անում։ Մինչեւ 2018 թվականը նոն-ստոպ ռեժիմով գրել է՝ «Ձեռքերդ հեռու Արցախից», հայհոյել է Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Արցախը «տալու» մտադրության համար, իսկ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո անեծքների տարափ է տեղացել Սերժ Սարգսյանի գլխին, որը տարավ, «մեր երեխեքի գլուխը կերավ» ու Արցախը վտանգեց։ Շարունակում եմ ընթերցել, որ տեսնեմ, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինչ է գրել այս հայրենասեր կինը։ Պարզվում է՝ պատերազմի ու պարտության մեջ էլ «ռեւանշիստներն» են մեղավոր, Արցախի գեներալները, դաշնակցականները, իսկ Նիկոլ Փաշինյանը նրա վերջին ու միակ սերն է։