«Պատիվ ունեմ» դաշինքի 9 անդամ ձերբակալել են. խուզարկություններ են ընթանում բոլոր գրասենյակներում

«Պատիվ ունեմ» դաշինքի 9 անդամ ձերբակալել են. խուզարկություններ են ընթանում բոլոր գրասենյակներում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի Գյումրու եւ Հրազդանի շտաբներ ու խուզարկություն անցկացրել։

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Արտակ Ավետիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ ոչ միայն Գյումրիում ու Հրազդանում,այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակներում այս պահին խուզարկություն է ընթանում, ավելին՝ Վայոց Ձորի մարզից դաշինքի 9 անդամի ձերբակալել են։ Հարցին, թե ինչ պատճառաբանությամբ՝ ասում են, թե ահազանգ են ստացել, որ դաշինքի անդամները փորձում են միջամտել ընտրությունների ելքի վրա, նաև իբրև թե գումար են բաժանում։ 

«Ասում ենք՝ եթե գումար բաժանելուց տեսել եք, ո՞վ է, ու՞ր է, չկա կասկածյալ։ Այս պահին մեր բոլոր ձերբակալվածները կասկածյալի կարգավիճակում են, փաստաբանները գնում են բոլորի հետքերով»,-ասաց Ավետիսյանը։

Նա նաեւ նշեց. «Իրենց բան չմնաց, ընդամենը մի քանի ժամ համբերենք, հուսով ենք՝ էս ամեն ինչին վերջ է տրվելու։ Իրենց նպատակը հասկանալի է, փորձում են ամեն կերպ խոչընդոտել, որպեսզի ընդդիմադիր ուժերը նորմալ արդյունք չգրանցեն»։