Ինչու էինք 90-ականներին հաղթում, իսկ այժմ՝ պարտվում

Ինչու էինք 90-ականներին հաղթում, իսկ այժմ՝ պարտվում

Վերջերս իր ելույթներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ 1988 թ. ղարաբաղյան շարժումը յուրօրինակ համալսարան էր շուրջ երկու սերունդների համար: Վերջինս կարծիք հայտնեց նաեւ, որ 2020 թ. սկսած իրար հաջորդող պարտությունները պայմանավորված են արդի սերնդի՝ համալսարան չունենալու հանգամանքով:

Առաջին նախագահի այլաբանությունը հասկանալի է: Իմ կողմից ավելացնեմ, որ, բացի այլաբանական համալսարաններից, լինում են նաեւ իրական համալսարաններ: Նոր սերունդը չունի ո՛չ այլաբանական, ո՛չ էլ իրական համալսարաններ:

Այժմ, հասկանալու համար այդ ամենը, տեսնենք, թե ով է այսօր ղեկավարում մայր համալսարանը:

1. Բուհի ռեկտորի ԺՊ Հովհաննիսյան Հովհաննեսը․
ա. Կասկածվում է գրագողության մեջ: Հովհաննիսյան Հովհանների դոկտորական ատենախոսության պաշտպանության իրավաչափությունը վիճարկվում է վարչական դատավարության կարգով:
բ. Կասկածվում է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձին հետեւելու մեջ: 2014 թ. հուլիսի 15-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 16.44-ին, անձամբ ես նրան խնդրեցի պարզել, թե որ խաղատուն է այցելում ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նույն օրը՝ Երեւանի ժամանակով ժամը 18.05-ին, Հովհաննիսյանն ինձ տեղեկացրեց, որ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը լինում է «Շանգրիլա» խաղատանը:
գ. Կասկածվում է հարազատ երեխաների նկատմամբ պարտավորությունները չկատարելու մեջ: Դրա վերաբերյալ ծանոթանում ենք թիվ ԵԴ/41349/02/19 եւ ԵԴ/41548/02/19 քաղաքացիական գործերից:
դ. Չեմ ցանկանում անդրադառնալ Հովհաննիսյան Հովհաննեսի այլ հետաքրքրություններին (օրինակ՝ հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ նա կողմ է դիակիզմանը): 
2. Բուհի պրոռեկտորներից մեկը՝ Իսրայելյան Արթուրը․
ա. Հայտնի է որպես նախկին ԿԳՄՍ նախարար, այժմ Փաշինյան Նիկոլի գլխավոր խորհրդական Հարությունյան Արայիկի մտերիմ:
բ. Հայտնի է որպես ԵՊՀ-ից նոութբուք տանելու անհաջող փորձ իրականացնող անձ: 
3. Բուհի պրոռեկտորներից մեկը՝ Ասրիյան Էլինան․
ա. Հայտնի է որպես թիվ ԵԱՆԴ/0065/04/17 սնանկության գործի կարեւոր դերակատար: Գործից պարզում ենք, որ Ասրիյան Էլինայի ամուսինը միայն ՀՀ տարբեր բանկերից եւ վարկային կազմակերպություններից ստացել է խոշոր չափի վարկ՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ, այն չի վերադարձրել, դիմել է սնանկության դատարան եւ դատարանի վճռով սնանկ ճանաչվել: Իսկ սնանկ ճանաչվելուց առաջ ամուսնալուծվել է:

4. Բուհի պրոռեկտորներից մեկը՝ Բարխուդարյան Ռաֆայելը, ոչնչով հայտնի չէ, ինչն ավելի տագնապալի է:

Այժմ վերադառնանք Տեր-Պետրոսյանի՝ նոր սերնդի, պարտությունների եւ համալսարանի մասին արտասանած մտքերին: Արդյո՞ք ԵՊՀ-ի այսօրվա ղեկավարները կարող են նոր սերունդ դաստիարակել, որը հաղթանակներ կպարգեւի մեզ: Երիցս ճիշտ է առաջին նախագահը՝ իհարկե ո՛չ: Իսկ գիտե՞ք, թե ինչու:

Այդ հարցին պատասխանելու համար հիշենք մայր բուհի ղեկավարներին եւ հայտնի համալսարանականներին: Ռեկտորներ Յուրի Ղամբարյանին, Հակոբ Մանանդյանին, Մկրտիչ Ներսիսյանին, Սերգեյ Համբարձումյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, նախկին համալսարանականներ Վիկտոր Համբարձումյանին, Մանուկ Աբեղյանին, Հրաչյա Աճառյանին, Կոստան Զարյանին, Ռաֆայել Իշխանյանին, Լեոյին, Սերգեյ Մերգելյանին, Արտաշես Շահինյանին, ներկա համալսարանականներ Վահրամ Դումանյանին, Սաղյան Աշոտին, Ղազինյան Գագիկին: Կպատկերացնե՞ք, որ վերջիններիցս որեւէ մեկը մեր երկրում հավատարմագրված դեսպանին հետեւի, հարազատ երեխաների նկատմամբ պարտավորությունները չկատարի, գրագողության մեջ կասկածվի, դիակիզման քարոզ իրականացնի, էլ չեմ ասում՝ նոութբուք տանելու անհաջող փորձ իրականացնի կամ բանկերի նկատմամբ պարտավորությունները չկատարի: Այդպիսի բան լինել չի կարող: Դա է պատճառը, որ 90-ականներին մենք հաղթող էինք, իսկ այժմ՝ պարտվող:

Կարեն Հեքիմյան