Բռնելու հարմարություններ ստեղծեք 

Բռնելու հարմարություններ ստեղծեք 

Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մերձակայքում՝ Բագրատունյաց փողոցում բնակվող 94-ամյա Ղազար Անանյանը, ով օրերս զանգահարել էր խմբագրություն, խնդրում էր մի պարզ հարց բարձրացնել եւ նպաստել այդ հարցի լուծմանը։ Բանն այն է, որ տարեց քաղաքացին դժվարություններ ունի տեղաշարժվելիս, քանի որ ստորգետնյա անցումներով անցնելիս, աստիճաններով իջնել-բարձրանալիս ոչ մի տեղ բռնելու հարմարություններ չկան։ Մարդիկ, ովքեր քայլելու փոքր-ինչ դժվարություններ ունեն, պատերից բռնված են իջնում-բարձրանում։

Տարրական հարց է, որի լուծման համար մեծ գումարներ չեն պահանջվի, բայց մեծ թվով մարդկանց կյանքը կհեշտանա։ Տարիներ շարունակ տարեց մարդիկ դիմում են այդ հարցով, բայց նրանց լսող չկա։ Ղազար Անանյանը խնդրում էր քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա՝ ստորգետնյա անցումների, մետրոների ելք ու մուտքերի հատվածներում բռնելու հարմարություններ՝ փայտե ձողեր ամրացնել, որ մարդիկ իջնել-բարձրանալիս դժվարություններ չունենան։