Անհաղթահարելի դժգոհություններ «Իմ քայլում»․ ով է հաջորդ հեռացողը

Անհաղթահարելի դժգոհություններ «Իմ քայլում»․ ով է հաջորդ հեռացողը

Մինչ իշխանության որոշ ընտրյալներ զբաղված են ընդդիմադիրներին շշպռելու, նրանց բերանները փակելու, իրենց ուղղված քննադատությունները կասեցնելու գործով, պարզվում է՝  անհաղթահարելի դժգոհություններ են կուտակվել հենց իշխանության ներսում։ Երեկ հերթական պատգամավորը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին։ Իմքայլական Գայանե Աբրահամյանը, ով, կարելի է ասել, հեղափոխության առաջամարտիկներից էր եւ պատկանում էր սորոսական շրջանակներին, խոստովանեց, որ մանդատից հրաժարվելու որոշումը հեշտ չի կայացրել, սակայն, նրա խոսքով, «չափազանց կարեւոր է սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինելը` պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր օրերի դեմոկրատիայի ջատագովներն իրապես հաշվետու լինեին իրենց ընտրողների առջեւ եւ մանրամասնեին, թե որ հարցերի շուրջ է եղել իրենց եւ քաղաքական թիմի անհաղթահարելի հակասությունը, որի արդյունքում ստիպված են հեռանալ՝ չարդարացնելով ընտրողների՝ իրենց տրված վստահության քվեն, բայց մեր օրերի պատգամավորները թերեւս պարտաճանաչ ու բարեխիղճ են միայն մամուլի հրապարակումները հերքելիս։

Տեւական ժամանակ մենք գրում էինք, որ իշխող թիմում լուրջ խմորումներ կան, դժգոհություններ են հասունացել կառավարության թելադրած կանոնների եւ մասնավորապես՝ վարչապետի բռնապետական նկրտումների հանդեպ, քանզի Նիկոլ Փաշինյանը մանավանդ վերջին շրջանում որեւէ մեկի հետ հաշվի չի նստում, չի լսում թիմակիցներին, միանձնյա որոշումներ է ընդունում, իսկ խորհրդարանը դիտարկում է որպես կառավարության նախագծերի դակիչ մարմին՝ ի հեճուկս իր խոստումների, որ չեն գնալու նախկինների ճանապարհով եւ ԱԺ-ն չեն դարձնելու այդպիսին, այլ ստեղծելու են իրական հակակշիռների ինստիտուտ։ Մինչդեռ այսօր «Իմ քայլում» «հավսար-զգաստ» ռեժիմով կատարում են Նիկոլ Փաշինյանի կամքը, խմբակցությունում հաճախ չեն իմանում, թե ինչ է իրենց սպասվում՝ ինչ օրենք են բերելու, ինչպես են քվեարկելու եւ, ամենակարեւորը՝ ինչու են հենց այդպես քվեարկելու։ Շատ բան իմանում են վերջին պահին՝ մի քանի ընտրյալների շուրթերից, երբեմն՝ նրանց պահվածքից։ Երբեմն էլ ինֆորմացիա են ստանում մամուլից։

Այս մթնոլորտի առաջին «զոհն» Արսեն Ջուլֆալակյանն էր, ով սկզբունքային տարաձայնություններ ուներ ԿԳՄՍ նախարարության, հատկապես սպորտի ոլորտում տարվող քաղաքականության հարցում, բայց նրան լսող չկար, կառավարությունում հրաժարվում էին ընդունել իրենց պատգամավորներին, լսել առաջարկները։ Իսկ միայն այն պատճառով, որ Ջուլֆալակյանը հանդգնել էր մի քանի անգամ հրապարակային խոսել առկա խնդիրների մասին, հայտնվել էր «սեւ ցուցակում» եւ բացահայտ բոյկոտի էր ենթարկվում։ Արդյունքը եղավ այն, որ պատգամավորը հեռացավ թիմից։ Հիմա հերթը մյուսներինն է։ Մենք գրել էինք, որ Ջուլֆալակյանը միայնակ չէ, նա «Իմ քայլում» համախոհների մեծ բանակ ունի, որոնք կառավարություն-խորհրդարան փոխգործակցությունը չեն պատկերացնում տիրոջ եւ ծառայի կամ, ավելի ճիշտ՝ ստրուկի եւ ստրկատիրոջ հարաբերության տեսքով։ Ավելին՝ գրել էինք, որ նրա հետ եւս մի քանի պատգամավոր է ցանկություն հայտնել վերջ դնել այս վիճակին ու հեռանալ։ Իսկ Գայանե Աբրահամյանի մասին մենք անցած շաբաթ էինք գրել, որ նա փորձել է  հակառակվել Նիկոլ Փաշինյանի իջեցրած որոշմանը եւ կողմ չքվեարկել ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը։

Քվեարկության օրը խմբակցության նիստում թեժ քննարկում է ծավալվել այս հարցի շուրջ, Գայանեի կռիվը եղել է անձամբ Խունդկարյանի դեմ, պատգամավորն ասել է, որ նրան գործուղելով ՍԴ՝ դավաճանում ենք հեղափոխական սկզբունքներին, եւ ճիշտ կլինի մերժել աղմկահարույց այդ դատավորին։ Ի դեպ, հետո էլ նա իր հարցազրույցներում չէր թաքցնում անհամաձայնությունը բարձր դատարանի դատարանակազմության գործընթացի հետ կապված։ Խմբակցության նիստում նրան են միացել նաեւ Լուսինե Բադալյանը, Գոռ Գեւորգյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը։ Ավելի ընդլայնել են դժգոհությունների թեման ու շրջանակը՝ ասելով, թե մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի այս ոճը, երբ իրենց փոխարեն մեկ մարդ է որոշումներ կայացնում։ Հենց այդ նիստում էլ խոսել են մանդատները վայր դնելու մասին, ասելով՝ եթե մեկ հոգի է որոշում, մենք այստեղ անելիք չունենք։

Հիշեցնենք, որ Խունդկարյանն ԱԺ-ում փակ քվեարկության ժամանակ երեք դեմ ձայն ստացավ, այսինքն՝ եթե մեկը Գայանե Աբրահամյանն է, ենթադրվում է, որ եւս երկու պատգամավոր պոտենցիալ հեռացող են։

Ըմբոստներից Գոռ Գեւորգյանը Գ․ Աբրահամյանի հեռանալու վերաբերյալ մեկնաբանություն չունի։ «Ամեն մարդ ինքն է որոշում»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է դժգոհություններին, ասաց․ «Որեւէ տեղ, որեւէ կերպ ես նման բան չեմ հայտնել, եթե նմանատիպ որոշում լինի, վստահ եմ՝ հանրությունը տեղյակ կլինի»։ Փորձեցինք ճշտել՝ դժգոհություններ չունի՞։ «Մենք առողջ քննարկումների շրջանում ենք»։ Իսկ առողջ քննադատություն հայտնե՞լ եք։ «Գիտեք, փակ նիստերի ժամանակ հարցեր են քննարկվում, հետո լրագրողը զանգում, եւ ինչ-որ բաներ են ասում․․․ Ձեր աղբյուրները ձեզ խաբում են»,- սա ասելուց հետո Գոռ Գեւորգյանը հրաժարվեց շարունակել զրույցը։
Փորձեցինք զրուցել Լուսինե Բադալյանի՝ Լուլուի հետ, ով, ասում են, հաջորդ հեռացողն է, սակայն նա համառորեն անջատում էր մեր զանգերը։ Լուլուն էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հաճախ «փռում ասֆալտին»։

Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում էր այս վիճակը, իմքայլականները մեզ ասում էին, որ դժգոհությունները լսելու, պարպելու նկատառումներով էլ նա որոշել է ամեն շաբաթ «Քաղպայմանագրի» ընդլայնված ձեւաչափով նիստեր անցկացնել, որին կմասնակցեն բոլորը՝ գործադիրի, օրենսդիրի, կուսակցության ներկայացուցիչները, եւ բաց ու հրապարակային կքննարկեն բոլոր հարցերը, կստանան բոլոր պատասխանները։ Բայց, հավանաբար, դա էլ չի օգնում։