Արևմտյան չարդարադատություն

Արևմտյան չարդարադատություն

Համացանցում ընթերցեցի արևմտյան արդարադատությունը բնութագրող մի հետաքրքիր նյութ, որն արտատպված էր, որքան էլ զարմանալի հնչի, ամերիկյան «Բլումբերգ» ընկերության լրատվական կայքից: Զարմանալի, քանի որ 44-օրյա պատերազմի և հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան ԶԼՄ-ների վերաբերյալ իմ կարծիքը փոխվել է 180 աստիճանով՝ դեպի բացասական: Այնքան, որքան արևմտյան ԶԼՄ-ների օբյեկտիվությունն է փոխվել՝ ավելի քան 100 տարի առաջ Ուլյանով-Լենինի բնութագրած ագիտացիայի ու պրոպագանդայի միջոցի:  

Հիմա անցնենք այդ նյութին: 2013 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խնդրանքով Ռուսաստանը միջոցներ է տրամադրել Ուկրաինային տնտեսությանն աջակցելու և սոցիալական նպաստներ վճարելու նպատակով։ Դրա դիմաց Ուկրաինայի կողմից նույն տարվա դեկտեմբերին տեղաբաշխվել են 3 միլիարդ դոլար արժեքով սուվերեն եվրապարտատոմսեր (եվրաբոնդեր): Ռուսաստանի օգտին թողարկված եվրաբոնդերն ունեցել են ոչ շուկայական՝ տարեկան 5% արժեկտրոնային տոկոսադրույք: Մինչև 2015 թվականի վերջը Կիևը կատարել է պարտքի սպասարկման պարտավորությունը, այնուհետև այն դադարեցվել է: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայց է ներկայացրել Լոնդոնի արբիտրաժային դատարան և 2017 թվականի մարտին շահել է այն։ Ի դեպ, դատավարության ընթացքում ուկրաինական կողմը փորձել է ձգձգել գործընթացը՝ շահարկելով «ագրեսիա, անեքսիա, նյութական վնաս» և այլ արտահայտություններ, ինչը, սակայն, չի հարուցել լոնդոնյան դատավորների համակրանքը: 

Որպեսզի պարզ լինի, թե ինչ տնտեսում է ենթադրում եվրաբոնդերի առումով տարեկան 5%-ը, ասեմ, որ նույն տարվա նոյեմբերի 1-ին տասնօրյակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկվել էին 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով սուվերեն եվրապարտատոմսեր: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն: Իսկ ռուսական տարբերակի դեպքում 3 միլիարդի հաշվով, շուկայականի հետ համեմատած, Ուկրաինան առնվազն շահում էր տարեկան 375 հազար դոլար ((6.25-5)*3000000000/100): Այսինքն՝ շուկայականի դեպքում որպես տոկոսագումար պետք է վճարեր 1 մլն 875 հազար, բայց վճարում էր մեկուկես միլիոն դոլար: 

Ավելի ուշ Կիևը բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ։ Գործը քննվել է նույն դատարանում, բայց քանի որ արդեն սկսվել էր ռուս-ուկրաինական հակամարտությունը, փոխվել է նաև լոնդոնյան դատավորների կարծիքը տվյալ գործի առնչությամբ: Արդյունքում Ուկրաինան շահել է դատը: Դատարանն, ըստ «Բլումբերգի», «հաշվի է առել ուկրաինական կողմի պնդումները, որ 2013 թվականին Եվրամայդանի ժամանակ վաճառված պարտատոմսերը Մոսկվայի անօրինական քաղաքական և ռազմական ագրեսիայի մաս են կազմել»։ Այնինչ, 2013 թվականին Մոսկվայի կողմից առկա չէր և չէր կարող լինել քաղաքական կամ ռազմական որևէ ագրեսիա: 

Չնայած այդ հանգամանքին, դատարանը վճռել է, որ «դատավորները պետք է հաշվի առնեն Ղրիմի բռնակցմանն ընդառաջ Ռուսաստանի սպառնալից պահվածքը, այն է՝ Ռուսաստանի Դաշնության փորձերը ստիպել Ուկրաինային թողարկել այդ պարտատոմսերը»։ Փաստորեն, եվրապարտատոմսերի թողարկման ժամանակ՝ 2013-ի դեկտեմբերին, երբ դեռ նոր էր ծավալվում «Եվրամայդանը», արդեն պարզ էր, որ Ղրիմը պետք է բռնակցվի ՌԴ-ին: Ինչն (կոչենք այն բռնակցում թե միավորում), ի դեպ, տեղի է ունեցել 2014-ի փետրվար-մարտին՝ որպես պատասխան «Եվրամայդանին»: Փաստորեն, դատավորները հետին թվով իրենց դրել են բուլղարուհի Վանգայի տեղը՝ որպես հիմնավորում ընդունելով այն, ինչ պետք է պատահեր եվրաբոնդերի թողարկումից 2-3 ամիս անց: Դատարանի որոշմամբ, բնականաբար, չեղյալ է հայտարարվել գործը շահելու Ռուսաստանի հնարավորությունը: Թեև Արևմուտքում 2-3 հարյուր միլիարդի հասնող ռուսական ակտիվների սառեցման պայմաններում 3 միլիարդի (իր տոկոսագումարով) կորուստը, ենթադրաբար, այնքան էլ էական չէ: Իսկ 2017 թվականին, ինչպես հասկացաք, վերը նշված պնդումները դատարանը հաշվի չէր առել, քանի որ առողջ տրամաբանությունը Արևմտյան Եվրոպայում դեռևս չէր չեղարկվել: 

Ուկրաինայի փաստաբանների հաջողության շարունակությունն, ըստ պարբերականի, կախված է այն հանգամանքից, թե կկարողանան, արդյոք, նրանք ապացուցել ճնշում գործադրելու հանգամանքը: Ուկրաինայի ֆինանսների նախարարությունն ավելի արմատական պահանջ է դրել՝ հենց Ռուսաստանը պետք է համոզի դատարանին, որ իր սպառնալիքները չեն ազդել պարտատոմսերի թողարկման՝ Կիևի որոշման վրա: Փաստորեն, արդեն ոչ միայն առկա են եղել սպառնալիքներ, այլև սպառնացող կողմը, առողջ տրամաբանությանն ի տրիտուր, պետք է ապացուցի, որ չնայած ինքը սպառնացել է, բայց դա բանի տեղ չի դրվել: Ինչը, բնականաբար, Մոսկվային չի հաջողվի: Թեև դատավորներն, այնուամենայնիվ, նշել են, որ վարկի պատրաստման գործում ներգրավված են եղել Ուկրաինայի և՛ նախագահը, և՛ ֆինանսների նախարարը: Եվ ըստ այդմ՝ չի կարելի ասել, որ կառավարությունը դրանում չի մասնակցել, իսկ Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրել։ Սակայն, միաժամանակ, նշվել է, որ զինված ուժերի և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներն իսկապես կարող են նույնականացվել հարկադրանքի հետ: Դատարանի նմանօրինակ որոշումը ես կբնութագրեի հայկական՝ «հարված հա՛մ նալին, հա՛ մեխին», ինչը չեմ կարծում, թե արդարադատության էությունն է: 

Այժմ ներկայացնեմ Լոնդոնում քաղաքական աստառ ստացած տնտեսական այս գործի քաղաքական նախապատմությունը: 2013 թվականի աշնանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փորձեց հետաձգել Եվրամիության և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի կնքումը: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ասոցացման պայմանագրի կնքման դեպքում պետք է խզվեին տնտեսական կապերը երկրի հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ: Դրանից բացի առկա էր նաև, և այստեղ մոտեցանք վերը նկարագրված գործին, Ուկրաինային տնտեսապես օժանդակելու մրցակցություն ԵՄ-ի և ՌԴ-ի միջև: ԵՄ-ն առաջարկում էր ընդամենը 610 միլիոն եվրոյի (838 միլիոն դոլարի) օժանդակություն: ՌԴ-ն առաջարկում էր ավելի լավ պայմաններ՝ 2 միլիարդ դոլարի  վարկ և ՌԴ-ից ներկրվող գազի ընդունելի գին: Որպես պետության ողջամիտ ղեկավար, Յանուկովիչը, բնականաբար, ընդունեց ռուսական առաջարկը: Դրան ի պատասխան 2013 թ.-ի նոյեմբերին ընդդիմությունը վրաններ տեղադրեց Կիևի կենտրոնում: Դրանք բռնի ուժով ցրելն էլ ոչ թե մարդկանց ուղարկեց տները, այլ հանգեցրեց «Եվրամայդան» կոչված հեղափոխությանը: Այն տևեց 3 ամիս և մեկ օր, և ավարտվեց հաղթանակով՝ տեղի ունեցավ իշխանափոխություն: Ի դեպ, արդեն ավելի քան մեկ տարի ընթացող ռուս-ուկրաինական պատերազմն էլ դրա տրամաբանական շարունակությունն է: