Ոչ՝ դիվանագիտական լեքսիկոնին

Ոչ՝ դիվանագիտական լեքսիկոնին

Ադրբեջանական մամուլը հեղեղված է Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության շուրջ մեկնաբանություններով: Որ Բաքվում իշխանությունն ադեկվատ չէ առհասարակ քաղաքակրթությանը՝ հայտնի էր իրազեկ փորձագետներին, միջազգային կառույցներին: Եւ հայկական կողմերն այդ մասին ահազանգում էին վաղուց: Բայց որ այդ իշխանությունն ինքը դա կխոստովանի, ավելին՝ այդ «ինքնությունը» գործընկերներներին եւ համաշխարհային հաանրությանը պարտադրելու փորձ կանի, անպատկերացնելի էր:

Ալիեւն անցավ նաեւ այդ սահմանը՝ պետական քարոզչամեքենային հրահանգավորելով գեներացնել թեզ, որ Մամեդյարովը «փափուկ դիվանագետ էր» եւ նրան պետք է փոխարիներ նոր մարդ, որ «հարձակողական արտաքին քաղաքականության արժեքների կրող է»: Ի՞նչ է նշանակում «հարձակողական արտաքին քաղաքականություն»:

Ըստ բազմաթիվ եւ նույն կաղապարից դուրս բերած հրապարակումների՝ դա այն է, ինչ ասում է Իլհամ Ալիեւը: Ստացվում է, որ Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարին հանձնարարական է տրված կոնկրետ իր հայ պաշտոնակցի հետ շփումներում, առավել եւս՝ հնարավոր բանակցություններում հայտարարել, որ Հայաստանը «ռուսական նախագծով ստեղծված արհեստական պետություն է, որ ստեղծվել է վաղնջական ադրբեջանական հողերի վրա»:

Որ Լեռնային Ղարաբաղի հայերը «եկվոր են, այնտեղ են տեղափոխվել Իրանից, Թուրքիայից եւ չունեն ինքնորոշման իրավունք»: Եւ էլի նման բաներ, նույն ոգով եւ բառապաշարով: Ալիեւն այսպիսով խնդիր է դրել կազմաքանդել ԼՂ կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների առնվազն չորս հայտարարությամբ հանրայնացված հայեցակարգը, չեղարկել այդ հիման վրա մշակված առաջարկությունները: Այն ամենը, ինչ ձեռք է բերվել ավելի քան քառորդ դար տեւած դիվանագիտական տքնաջան աշխատանքի շնորհիվ: Մի կողմ թողնենք իրողությունը, որ նույն Ալիեւը բազմիցս սեփական հանրությանը համոզել է, որ ամբողջ աշխարհը «պաշտպանում է Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը»: Մի կողմ թողնենք ակնհայտ հակասությունը. եթե իրոք այդպես լիներ, չէր ծագի «հարձակողական դիվանագիտության» անցնելու անհրաժեշտություն: Հարցը խորքային է՝ ինչպե՞ս է Ալիեւը պատկերացնում իր եւ Հայաստանի արտգործնախարարի երկխոսությունը: Նրան թվում է, թե Զոհրաբ Մնացականյանը պետք է լսի՞ Ջեյհուն Բայրամովի «պատմագիտական դասախոսությունները»:

Թե կարծում է, որ ի պատասխան իր քայլի՝ Հայաստանն էլ պետք է արտգործնախարար նշանակի, դիցուք, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենին, որպեսզի նստեն եւ քննարկեն Երեւանի եւ Ղարաբաղի խանության ժամանակնե՞րը: Հարցը տեղափոխվում է Զիա Բունիաթով-հայ պատմաբաններ բանավեճի հարթությու՞ն: Այդ դեպքում ինչու՞ ժամանակ եւ միջոցներ ծախսել եւ արտգործնախարարներին գործուղել Վիեննա, Փարիզ, Մոսկվա կամ Վաշինգտոն: Եկեք միջազգային գիտաժողով կազմակերպենք, հրավիրենք հեղինակավոր պատմաբանների, հնագետների, էթնագրաֆների եւ քննարկենք՝ ո՞վ է նախաբնիկ, ո՞վ՝ եկվոր: Ինչպիսին կլինի գիտնականների «վերդիկը»՝ ըստ այդմ էլ կլուծվեն հայ-ադրբեջանական սահմանազատման, Արցախի պատկանելիության հետ կապված հարցերը: Պատրա՞ստ է Ադրբեջանը գիտական ատյանների վճիռն ընդունել որպես իրավական հիմք: Ալիեւի վարքն, ըստ էության, որեւէ տրամաբանության չի տրվում: Չի կարող լինել «հարձակողական դիվանագիտություն»: Դիվանագիտությունը սուր անկյունները հարթելու, ներհակ տեսակետների միջակայքում փոխզիջում փնտրելու, հակասությունները եթե ոչ հիմնավորապես լուծելու, այլ գոնե «մոռացության մատնելու» արվեստ է: Ոչ ասել դիվանագիտական լեքսիկոնին՝ նշանակում է հայտարարել բանակցություններից դուրս գալու մասին: Ալիեւը մինչեւ վե՞րջ է հաշվարկել: Ավելի շատ տպավորություն է, որ ամեն ինչ ուղղված է սեփական հանրությանը եւս մեկ անգամ հիմարացնելու եւ ժամանակ շահելու նպատակի իրացմանը: Կապրենք՝ կտեսնենք: