Մայր Աթոռում կաթողիկոսի բարձր հրամանով տարիներ շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

Մայր Աթոռում կաթողիկոսի բարձր հրամանով տարիներ շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

Մենք փետրվարի 6-ին հոդված էինք հրապարակել․ «Սարկավագներ՝ 60 հազար դրամ, Մայր աթոռի քահանաները՝ 1000 դոլար․ որքան աշխատավարձ են ստանում հոգեւորականները» վերնագրով։ Այս հոդվածին արձագանքել է եկեղեցու սարկավագներից մեկը՝ նոր մանրամասներ ներկայացնելով․

«Այո՛, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաները՝ թվով մոտ մեկ տասնյակ են, կոչվում են «էլիտար» քահանաներ, որոնք ավարտել են Գևորգյան Հոգևոր ճեմարանը, և ոչ միայն ստանում են ամսական աշխատավարձ՝ 1000 ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ, այլև շաբաթ և կիրակի օրերին նշանակված են Էջմիածնի վանքերում՝ իբրև ծիսական քահանաներ, իսկ Հայաստանի թեմերում ծառայող քահանաները ոչ միայն չեն ստանում որևէ աշխատավարձ իրենց թեմից, այլև պարտավորված են «Լուսավորչի լումա», «Նարեկացու լումա» ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը կլորիկ գումար է՝ այսպես կոչված ներքին «նալոգ»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճեմարանավարտ սարկավագները ամսական ստանում են 1000 դրամ, այո՛, այո՛ հազար դրամ։ Սա ստանում են այնքան ժամանակ մինչև դիպլոմային կգրեն և կպաշտպանեն։ Պաշտպանությունից հետո միայն ամսական ստանում են 60 հազար դրամ, այն էլ եթե բախտավոր են։ Ինչու՞։ Քանի որ, Կաթողիկոսական բարձր հրամանով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամերգությունները գումարով են։ Գոյություն ունի ժամերգության տաբել, որտեղ ֆիքսվում է սարկավագների, աբեղաների, վարդապետների բացակայությունը։ Ամեն անգամ բացակայելուց աշխատավարձից ապօրինաբար պահումներ են կատարվում՝ գումարը գնում է միաբանական ֆոնդին, որի մասին գրեթե բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի տեսել։ Պետք է արձանագրել այն փաստը, որ այն Կաթողիկոսը, ով կյանքում ժամերգության չի մասնակցում, հրամայել է ժամերգությունից բացակայող հոգևորականների աշխատավարձից ապօրինաբար պահումներ կատարել։

Արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում այն սկզբունքը, որ ամուսնացյալ սարկավագները մեկ տարի պետք է ստանան 150.000 դրամ ամսական աշխատավարձ, հիմա ամուսնացյալ սարկավագները պարզապես ստանում են 60.000 դրամ, եթե մասնակցում են ժամերգություններին, եթե ոչ՝ այդ գումարը կարող է լինել 10 հազար, 20 հազար՝ ոչ ավելի։

Բանակում հոգևոր սպասավորություն բերող մոտ 45 հոգևորականի ամբողջապես վարձատրում է Պաշտպանության նախարարությունը, ամսական վարձատրության չափը կազմում է 120.000 դրամ: Տարիներ առաջ ՊՆ Նախարարը դիմել էր Կաթողիկոսին, սպասավորների աշխատավարձի վերաբերյալ, կամ՝ նրանք որոշակի գումար ստանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, կամ՝ Կաթողիկոսը թույլ տա, որ նախարարությունը բարձրացնի նրանց աշխատավարձը, որովհետև չեն կարողանում ընտանիք պահել։ Սակայն Կաթողիկոսը, իբրև բարի կամքի դրսևորում, ոչ միայն մերժել էր Նախարարի խնդրանքը, այլև պարտադրել, որ որևէ մեկի աշխատավարձը չբարձրացվի։
Հոգևոր ծառայողները չեն օգտվում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրենց հասանելիք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ պետության կողմից տրամադրվելիք որևէ ծրագրից։ Մայր Աթոռում Կաթողիկոսի բարձր հրամանով տարիներ շարունակ բացեիբաց ոտնահարվում են մարդու պարզ իրավունքները։ Հոգևորականը, ով ցանկանում է ֆինանսական որևէ կազմակերպությունից կամ բանկից վարկ կամ հիպոթեկ վերցնել, պարտավորված է տվյալ կառույցներ դիմել աշխատանքի վայրից տեղեկանքով, սակայն այդ տեղեկանքը տրվում է միայն ու միայն Կաթողիկոսի հրամանով։ Մայր Աթոռում միայն Կաթողիկոսն է թույլ տալիս, որ հոգևորականը ստանա աշխատանքի ու աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք։ Ավելին, Ամենայն Հայոց կաթողիկոսն է Մայր Աթոռում ստորագրում և պահեստից բաց թողնում Մայր Աթոռում բնակվող հոգևորականների տնտեսական ապրանքները՝ ատամի մածուկ, օճառ, զուգարանի թուղթ և այլն։ Երևակայեք Կաթողիկոսական ստորագրությունը զուգարանի թղթի ստացականի վրա է դրված․․․

Իսկ երբ հոգևորականը պարտքով ֆինանսական օգնություն է խնդրում Կաթողիկոսից, վերջինս վաշխառուի նման, պատասխանում է, որ սեփականությունդ գրավ պիտի դնես Մայր Աթոռում։ Դրա վառ օրինակը Իրաքում ծառայող Հայր Նորայրն է, որի հայրական տունը մինչև օրս գրավադրված է Մայր Աթոռում՝ գումարի դիմաց։ Սա Կաթողիկոսական-հայրական սերն է հոգևորականի հանդեպ։ Ավելին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող Իզմիրլյան բժշկական կենտրոնում ստուգվելու կամ բուժվելու համար նույնիսկ հոգևորականները վճարում են, բացառությամբ եպիսկոպոսների։
Հայաստանյան թեմերում սպասավորող հոգևորականները, անկախ իրենց ընտանեկան կարգավիճակից, չունեն հստակ ֆիքսված աշխատավարձ, այլ վարձատրվում են թեմակալների քմահաճույքով, օրինակ՝ Գուգարաց Թեմում աշխատավարձ կստանաս այնքան ժամանակ մինչև Գերաշնորհ Սրբազանը լավ տրամադրություն ունի։

Մայր Աթոռի կուսակրոն հոգևորականները, սկսած աբեղայից, ստանում են ամսական 400 ԱՄՆ դոլարի համապատասխան աշխատավարձ, բայց հետաքրքրականն այն է, որ Մայր Աթոռի մաթեմատիկան տարբերվում է մնացածից։ Մայր Աթոռի կուսակրոն հոգևորականները ստանում են ամսական 70 hազար դրամ աշխատավարձ, մնացածը վճարվում է իբրև նվիրատվություն Մայր Աթոռից, այսպես կոչված «ներկայացուցչական»։ Այս կերպ Մայր Աթոռը խուսափում է հարկերից, որպեսզի քիչ հարկ վճարի։ Հարցում կատարելով Կոնվերս բանկ, որտեղ Մայր Աթոռը 12% բաժնետեր է կհամոզվեք դրանում, իսկ ժամերգություններից բացակայության դիմաց աշխատավարձից պահելու վերաբերյալ համոզվելու համար հարցում կատարեք Լուսարարապետություն կամ կադրերի բաժին։

Եպիսկոպոսը և արքեպիսկոպոսը ստանում են ամսական 1000 ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ։ Եպիսկոպոսը և արքեպիսկոպոսը Վի-Այ-Փի են, նրանք ազատված են ժամերգությունից և առհասարակ ամեն ինչից։ Ծիծաղալի է, որ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան սպասավորները Կաթողիկոսական հրամանով ազատված են աղոթելուց, բայց զարմանալի չէ, քանի որ Կաթողիկոսը ինքը չի աղոթում։ Պատկերացրեք, Քրիստոսն առաքյալներին հրամայեր աղոթքի չմասնակցել, բայց աշակերտներին պարտադրեր աղոթել։

Մայր Աթոռում այսօր մի քանի հոգևոր սպասավորներ կան, որոնք ընդհանրապես աշխատավարձ չեն ստանում, նրանք կոչվում եմ աղոթող միաբաններ, կարծես մյուս միաբանները աղոթող չեն, չնայած, եթե եպիսկոպոսը պաշտոնապես՝ Կաթողիկոսական «կոնդակով», ազատված է աղոթքից, ուրեմն, այո՛, մնացածը աղոթող չեն, ամեն դեպքում այս հոգևորականները Կաթողիկոսի քմահաճույքին զոհ գնալով ետ են կանչվել իրենց ծառայության վայրերից և փաստացի ապրում են Մայր Աթոռում, Լուսարարապետի տնօրինության տակ և ամիսներով աշխատավարձի երես չեն տեսնում։

Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհիկ աշխատողները ստրկատիրական ռեժիմով են աշխատում, այցելեք Մայր Աթոռի բակային տնտեսություն և կհամոզվեք, կամ՝ այցելեք Մայր Աթոռի ավտոտնակ և զրուցեք վարորդների հետ, կամ այցելեք Մայր Աթոռի ճաշարան, կամ որևէ կառույց և զրուցեք աշխատակիցների հետ, կամ համեմատության կարգով հրապարակեք Մայր Աթոռի լվացքատան լուսանկարը և Կաթողիկոսական գրասենյակի լուսանկարը։

Ամեն անգամ երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհիկ աշխատողները հանդիպում են Կաթողիկոսին, միակ բանը, որ խնդրում են, ոչ թե նրա օրհնությունն է, այլ աշխատավարձի բարձրացումը։ Վերջինս էլ միշտ պատասխանում է․ «Հնարավորություն չկա»։

Սովորաբար, բոլոր նորմալ կառույցներում այսպես կոչված սոց-փաթեթները կամ ապահովագրությունը կապ չունեն ամսական աշխատավարձի հետ, իսկ Մայր Աթոռում հակառակն է՝ Կաթողիկոսը հայտարարել է․ «Տեսեք՝ խնդրեցիք ձեր աշխատավարձերը բարձրացնեմ, ես ձեր առողջության մասին եմ մտածել ու ձեր աշխատավարձի հաշվին սոց-փաթեթ և ապահովագրություն եմ տրամադրում ձեզ և դուք պարտավորված եք այն օգտագործել միայն ու միայն Իզմիրլյան կենտրոնում, ուրիշ տեղ չեք կարող։ Պիտի աշխատավարձը բարձրացնեի, անիմաստ ծախսեիք ու բժշկի չգնայիք, հիմա հաշվեք, որ բարձրացրել եմ, ձրի բժշկի եք գնում ի՞նչ վատ ա․․․»։ Այլ խոսքով՝ մի գրպանից մյուս գրպանը։

Ծիծաղելի է նաև այն փաստը, որ զինվորականին կամ ոստիկանին իր համազգեստը տրամադրում է համապատասխան կառույցը, սակայն որևէ հոգևորականին որևէ համազգեստ Մայր Աթոռը չի տրամադրում․ «Ուզում ես նոր համազգեստ՝ գնա կարել տուր, բա աշխատավարձ խի՞ եմ տալիս, կամ բարերար ճարի, ընկի ոտքերը, խնդրի՝ թող փող տա, գնա կարի, բա ես ո՞նց եմ անում՝ սրան-նրան խնդրում եմ սարքում եմ էս ամեն ինչը, հո իմ փողերով չեմ սարքո՞ւմ․․․ »։