Նիկոլ, ինչո՞ւ ես միայն տականքներին ու ստրուկներին առաջ քաշում

Նիկոլ, ինչո՞ւ ես միայն տականքներին ու ստրուկներին առաջ քաշում

Չորս տարի շարունակ զարմանում ենք, թե ինչու են պաշտոն ստանում, առաջ քաշվում միայն հեղինակազրկված, տգետ, ստրկամիտ մարդիկ։ Սա ի՜նչ անհասկանալի սեր է նման թերի, վտանգավոր, հանրության եւ պետության համար վնասակար մարդկանց հանդեպ։ Գրեթե յուրաքանչյուր նշանակում, յուրաքանչյուր կադր, ում բարձր պաշտոն է վստահվում, ում խրախուսում են, բարձրացնում կարիերային սանդուղքով, ճանաչողների կողմից, մեղմ ասած, լավ չեն բնութագրվում։ Եթե չասենք, որ տվյալ համակարգի ու ոլորտի տականքն են, թափթփուկը, ամենավատ որակն ունեցող, բանսարկու, չար, ագրեսիվ, հանրային համակեցության կանոնները բազմիցս խախտած մարդիկ։ 

Հարցրեք, թե ովքեր են դատավոր դառնում, ում են նախարար ու դատախազ նշանակում, Սահմանադրական դատարանի ու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկում, նախարար ու փոխնախարար, մարզպետ ու փոխմարզպետ դառնում, ովքեր են մեդալներ ու կոչումներ ստանում՝ եթե անգամ չասեն, որ էսինչը մեր համակարգում ամենավատ համբավն ունեցող տականք է, ապա լավ բան լսելն էլ շատ դժվար է։ Այդ ճանապարհով բոլոր համակարգերում բարձրացել են, եղանակ են ստեղծում սրիկաներն ու հիմարները, տգետներն ու ապաշնորհները, ծառայամիտներն ու պաշտոնի համար կյանք տվողները։ Արդյունքում արժեզրկվում է ոչ միայն պաշտոնը, այլեւ համակարգը սկսում է կամաց քանդվել ու ոչնչանալ։ Իհարկե, այս գործընթացի դեմը կարող էր առնել խորհրդարանը, որը որոշ կադրերի ընտրության հարցում դերակատարում ունի, կարող էին կանգնեցնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամները։ Բայց սրանք ստրկության, անմռունչ ծառայելու ցածրակարգ օրինակներ են ցուցադրում՝ երբեւէ, որեւէ հարցում չհակառակվելով «առաջնորդին»։

Ամեն անգամ մտածում ես, որ այլեւս հնարավոր չէ ավելի վատ կադր նշանակել, քան նախկինն էր, բայց Նիկոլ Փաշինյանը կրկին գերազանցում է սպասելիքներդ եւ ապացուցում, որ տականքից տականք էլ կա, վատից՝ վատ էլ կա, տգիտությունը սահմաններ չի ճանաչում եւ հիմարին միշտ կարելի է փոխարինել տխմարով։ Այնպես, որ Այգեկցու առակի նման մարդիկ երանի տան նախորդին ու աղոթեն նրա արեւշատության համար, քանի որ եթե նրան հեռացնեն կամ հեռանա՝ նրանից վատն է գալու։

Կարող ենք, իհարկե, եզրակացնել, որ վարչապետի աթոռին նստածը փորձում է այնպես անել, որ իր կադրերի ֆոնին ինքը բարձրանա եւ մարդիկ ասեն՝ խեղճ Նիկոլ, ի՞նչ անի այս կադրերով։ Կարող ենք նաեւ եզրակացնել, որ սա դավադիր ծրագրի մասն է՝ ավերել ու ապականել բոլոր համակարգերը եւ այնպես անել, որ պետությունը հետզհետե, ինքնիրեն վերանա։ Կարող ենք նաեւ կարծել, որ սա ապաշնորհության հետեւանք է, նշանակողի եւ կադրերի։ Այն բանի հետեւանք, որ մեզանում գրագետ, ազնիվ, խելացի, ազատ մտածող, աշխատասեր, կրեատիվ կադրեր չեն մնացել, դրա համար է տիղմը բարձրացել ջրի երես։ Տարբերակներն ինքներդ ընտրեք։ 

Փաստ է, որ բոլոր պետական համակարգերում նշանակովի, անգամ՝ ընտրովի պաշտոններում հայտնվել են ապուշներն ու սրիկաները, հանրության կողմից մերժված ու արհամարհված մարդիկ։ Վնասակար ու կոմպլեքսավոր էակներ, որոնք ի վիճակի չեն աշխատելու, ինչ որ բան ստեղծելու եւ հանրային օգուտ տալու։

Սվետա Մարտիրոսյան