Որևէ երկրի «անկախության, անվտանգության և ինքնիշխանության հիշատակին նվիրված լինելը» նշանակում է այդ երկրի նշված երևույթների կորստի արձանագրում

Որևէ երկրի «անկախության, անվտանգության և ինքնիշխանության հիշատակին նվիրված լինելը» նշանակում է այդ երկրի նշված երևույթների կորստի արձանագրում

Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստին Փաշինյան Նիկոլն, ինչպես միշտ, ելույթ է ունեցել: Եվ որքան էլ տհաճ է նրա ելույթներին առնչվելը՝ չեմ կարող մեջբերում չանել նրա ելույթից: Ահա այս հատվածը. «Հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»:

Իսկ այժմ կատարենք մի փոքր վերլուծություն: Մեր տրամադրությունը տոնական չէ ոչ թե հանգամանքների բերումով, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի դավաճանության և կամ ապաշնորհ «գերագույն գլխավոր» հրամանատարության «շնորհիվ»: Եվ 30-րդ տարեդարձն էլ չի կարող նշվել պատշաճ ձևով, եթե 29-րդ և 30-րդ տարեդարձերի արանքում Հայաստանի Հանրապետությունը ջախջախիչ ու խայտառակ պարտություն է կրել արևելյան թուրքից, որը նախկին իշխանության օրոք արհամարհված էր (վերհիշենք «ազերի բ…ն» արտահայտությունը): Եվ ըստ այդմ, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարություն տեղի ունենալու դեպքում այն չի կարող նվիրված լինել  Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին, քանի որ նահատակների հիշատակին  գունագեղ տոնակատարություն չի նվիրվում՝ եթե, իհարկե, երկրի իշխանությունն ադեկվատ է: 

Եվ գլխավորը. «Հայաստանի անկախության, անվտանգության և ինքնիշխանության հիշատակին նվիրված լինելուն» արտահայտությունը, դժբախտաբար, ճշմարտություն է: Եթե ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի 4 կորս անցած և 10-15 տարի թերթի գլխավոր խմբագիր աշխատած անձը լեզվական տրամաբանության հետ խնդիր չունենար, ապա կհասկանար, որ որևէ երկրի «անկախության, անվտանգության և ինքնիշխանության հիշատակին նվիրված լինելը» նշանակում է այդ երկրի նշված երևույթների կորստի արձանագրում: Իսկապես, Փաշինյան Նիկոլի «գերագույն գլխավոր» հրամանատարության «շնորհիվ» Հայաստանը կրեց անկախության, անվտանգության և ինքնիշխանության աննախադեպ կորուստներ: