Եռակողմ հայտարարության տակ մեխանիզմ չկա՝ մշակութային արժեքները պահպանելու համար

Եռակողմ հայտարարության տակ մեխանիզմ չկա՝ մշակութային արժեքները պահպանելու համար

Շուշիի թանգարանների հավաքածուների տարհանման հետ կատարվածը մշակութային դավաճանություն էր, քանի որ թանգարաններից եւ ռմբապաստարաններից չեն տարհանվել փաթեթավորված արժեքները: Տեղի ունեցածն այսպես էր բնութագրել «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ դրանում մեղադրելով նախեւառաջ Արցախի ԿԳՄ նախարարությանը, որ ոչ մի ջանք չի գործադրել այդ ուղղությամբ: 

Թե ինչ ջանքեր է գործադրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնավորապես Շուշիի թանգարաններից մշակութային ժառանգությունը տարհանելու համար, փոխնախարար Նարինե Թուխիկյանը նշեց, որ դեռ պատերազմի ընթացքում Շուշիից բերել են այն էքսպոնատները, որոնք Ազգային պատկերասրահին են պատկանում, բայց քանի որ պատերազմի ժամանակ ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ինչ արհավիրք կլինի, շատ բաներ էլ չեն տարհանվել: 

Թուխիկյանը վստահեցնում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո շատ բան է արվել, բայց ամեն ինչ չեն կարող բացեիբաց ասել։ «Սքանավորվել են շատ բաներ, եռաչափ մոդելավորվել, այդ առումով շատ լավ գործընկերներ ենք ունեցել` Թումոն, Թուֆենկյան ընկերությունը, ճարտարապետության համալսարանը»,- ասում է նա ու հավելում, որ հիմա վտանգավոր է այս հարցերի մասին խոսելը, քանի որ Ադրբեջանն արդեն սկսում է դատական հայցեր ներկայացնել, որ իբրեւ թե իրենց հայրենիքից բան է դուրս հանվում։ «Մենք շատ բան ենք արել, բայց չենք ասում, որովհետեւ վտանգավոր է դրա մասին խոսելը, մարդիկ էլ կարծում են, որ այստեղ նստած՝ ոչինչ չենք անում»,- ասում է Թուխիկյանը: 

Պատերազմից անմիջապես հետո Մայր Աթոռում եւս քննարկվեց մշակութային ժառանգության տեղափոխման հարցը: ԿԳՄՍՆ-ն տեղյա՞կ է, թե Մայր Աթոռն ինչ է անում այդ ուղղությամբ, համագործակցո՞ւմ են միմյանց հետ։ «Մայր Աթոռը դիմել է Ռուսիո պատրիարքին, մանրամասները չեմ կարող ասել»: 

Օրեր առաջ ռուսական մշակույթի մի քանի անվանի գործիչներ դիմել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու եւ այդ ժառանգության միջազգային պաշտպանության համար։ Սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ։

«Միջազգային հանրությունը հիմա շատ է ակտիվացել, եւ հուսանք` ինչ-որ բանի կհասնենք, բայց մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանի նախագահի հորդորից հետո, որ պետք է քրիստոնեական արժեքները պահպանել, Կանաչ ժամի հետ ինչ արեցին` պայթեցնելով եկեղեցու գմբեթները»:

Մոտ տասն օր առաջ ԿԳՄՍ նախարարությունը եւս դիմել էր միջազգային պատկան մարմիններին՝ պահանջելով անհապաղ կանխել մշակութային վանդալիզմը․ այս հայտարությունն է՞լ որեւէ արձագանք չի ունեցել։ «Մինչեւ հիմա ոչ մի հետեւանք եւ ազդեցություն չի ունեցել»,- ասում է Թուխիկյանն ու նշում, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը ոչ մի մեխանիզմ չի երաշխավորում՝ մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու համար. «Հիմա էլ չգիտենք, թե ոնց պետք է պահպանվեն դրանք` այն, ինչ մնում է թշնամու տարածքում, իսկ մնում է ահռելի քանակությամբ բան... Ամսի 1-ին ամեն ինչ վերջանում է, դռները փակվում են, հիմա ով ինչ կարողացավ, իր անձնական միջոցներով կանի...»: 

Ճարտարապետ Կարեն Բալյանի հայտնած կարծիքի առնչությամբ, թե պետք է պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, ինչպես այս օրերին անում է հենց Ադրբեջանը՝ Հայաստանից պահանջելով փոխհատուցում՝ տարածքային, գույքային մի շարք հարցերի հետ կապված, Թուխիկյանը կարծում է, որ միամտություն է Ադրբեջանից ինչ-որ բան պահանջելը. «Ասենք թե պահանջեցինք, ե՞ւ...հերիք է ինչքան մենք խոսքով ինչ-որ տեքստեր օդ կրակենք»: 

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նոր նախարարին, ապա Թուխիկյանը դեռ չի հասցրել հանդիպել եւ զրուցել նրա հետ, ուստի չի կարող կարծիք հայտնել, ինչպես որ չի կարող կարծիք հայտնել Արայիկ Հարությունյանի իրականացրած «լուրջ բարեփոխումների» վերաբերյալ, որի մասին Հարությունյանը նշել էր իր հայտարարության տեքստում. «Այսօր դրա ժամանակը չէ, եւ հեչ ակտուալ չէ»: