Հադրութ ներթափանցել են հայկական զինվորական հագուստով ազերիներ. Պեգով

 Հադրութ ներթափանցել են հայկական զինվորական հագուստով ազերիներ. Պեգով

Պատերազմի 44 օրերին Արցախում գտնված «Wargonzo» նախագծի հեղինակ ու լրագրող Սեմյոն Պեգովը, որը դրանից առաջ, որպես ռազմական լրագրող, աշխատել է Սիրիայում ու Դոնբասում, ասում է, որ երբևէ նման պատերազմ չի տեսել։

Այսօր «Wargonzo» նախագծի հեղինակ ու լրագրող Սեմյոն Պեգովը Երևան-Մոսկվա տեսակամրջի միջոցով շարունակեց ներկայացնել իր տպավորություններն ու եզրահանգումները արցախյան երրորդ պատերազմից։ Ըստ նրա՝ կասետային զենքերը մարդկանց վրա կարող էին ընկնել, Արցախի որ հատվածում էլ լիներ․ ոչ միայն բլինդաժում ու խրամատում, այլև մայրաքաղաքի փողոցներում ու անգամ՝ նկուղներում։ «ԱԹՍ-ների գործոնը մի առանձին պատմություն էր, քանի որ իսրայելական անօդաչու կամիկաձեները, որոնց Արցախի պաշտպանության բանակը սկզբնական շրջանում չէր կարողանում փակել, մի իսկական վիճակախաղ էր։ Մի խիստ վայրի էքզիստենցալ փորձառություն, երբ հասկանում ես, որ բացարձակապես կյանքի ու մահվան եզրագծին ես, և քեզնից ոչ մի բան կախված չէ»։

Կրկին անդրադառնալով Շուշիի հանձնմանը՝ Պեգովը կրկնեց իր նախկինում հնչեցրած եզրահանգումը․ սա ավելի շատ քաղաքական որոշման արդյունք էր։

Նրա խոսքով՝ ամսի 9-ին այստեղ կային հայկական կողմից 400 մարտիկներ, որոնք պատրաստ էին շարունակել դիմադրությունը և մաքրել քաղաքը Շուշի ներթափանցելու փորձ անող ազերիներից ու թուրքերից։

«Ավելին, ինձ հայտնի է, որ ամսի 7-ին, երբ Ալիևը հայտարարել էր քաղաքը վերցնելու մասին, բայց նման բան դեռ չկար, բայց 6 դիպուկահարների իրոք հաջողվել էր ներթափանցել, որոնք հետո չեզոքացվել էին։ Եվ նորից եմ կրկնում՝ ավելի շատ քաղաքական որոշում էր»,-ասաց Պեգովը՝ չբացառելով, որ հայկական կողմի ռեսուրսներն արդեն հյուծման շեմին էին, և իրավիճակը կարող էր էլ ավելի վատթարանալ:

Հադրութն էլ, Պեգովի տպավորությամբ, ոչ այնքան հետախուզության սխալների հետևանքով հանձնվեց, որքան սխալ պաշտպանական գծի։ «Ինչ վերաբերում է Հադրութին, ապա, ըստ իս, սա ավելի շուտ ռազմական-օբյեկտիվ բնույթի կորուստ էր, քան` քաղաքական»։

Պեգովը հաղորդեց, որ Հադրութ ներթափանցել են հայկական զինվորական հագուստով ազերիներ, որոնք հայերեն են խոսել: Ինչի պատճառով կամավորները քաղաքից դուրս են հանվել, իսկ քաղաքը մարել են հայ զինվորականները։ «Ու որպեսզի յուրայիններին չոչնչացնեին, այս խանաշփոթի պատճառով․․․ մի տեսակ հակաահաբեկչական պատերազմի ռեժիմ էր»,- մանրամասնեց Պեգովը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակում քաղաքը 2-3 անգամ ձեռքից ձեռք անցավ։ 

Պարտության պատճառները․ ադրբեջանական բանակի՝ տեխնիկական միջոցների թերագնահատում և հայկական կողմի հակաօդային պաշտպանության կետերի դիրքերի վերաբերյալ տվյալների արտահոսք, ինչը ևս ճակատագրական եղավ։

Ինչ վերաբերում է տեղերում հրամանատարական որոշումներին, ապա, Պեգովի խոսքով, կային բացթողումներ էլ, թեև շատերը ոչ միայն արագ և ճիշտ որոշումներ էին կայացնում, հերոսություն ցուցաբերում իրենց մի քանի անգամ գերազանցող թշնամուն հակահարված տալով։  

Նրա ամփոփմամբ՝ այս պատերազմը Ադրբեջանը հաղթեց ոչ թե հողի վրա, այլ օդում՝ տեխնոլոգիաների շնորհիվ։ 

Սեմյոն Պեգովին հարց ուղղվեց՝ ինչու՞ է Պեգովը հակամարտությունները լուսաբանելիս մշտապես պաշտպանում կողմերից մեկին։

«Եթե Սիրիայում ու Դոնբասում Ձեր վերաբերմունքը միանգամայն հասկանալի էր, ապա արցախյան պատերազմում ինչո՞վ էր պայմանավորված Ձեր դիրքորոշումը»,-Պեգովին նման հարց ուղղեց ռուս լրագրողը։ Վերջինիս խոսքով․ «Կողմերից մեկին պաշտպանելու հարցում այս պարագայում  առավել քան հասկանալի է, քան, օրինակ, Դոնբասում, որովհետև ես Արցախում եղել եմ այս պատերազմի ակտիվ փուլից առաջ, միշտ պրոֆեսիոնալ հետաքրքրություն եմ ցուցաբերել չճանաչված պետությունների նկատմամբ, Աբխազիայում եմ ապրել 4 տարի։ Այնտեղ գնացել էի գրող Էդուարդ Լիմոնովի հետ` ֆիլմ նկարահանելու համար, և այնտեղ իմացա, որ հետայսու Ադրբեջան մուտքի արտոնագիրն ինձ համար փակ է։ Եվ դա հասկանալի էր այն ժամանակ, երբ պատերազմը սկսվեց, և ժամանակ չկար ինչ-ինչ բանակցությունների համար, ես պոկվեցի ու Արցախ թռա։ Հետո, չեմ թաքցնում, ինձ ադրբեջանական կողմից բազմաթիվ սպառնալիքներ էին հասնում և այլն։ Կային ոչ միայն անմեղսունակներ, որոնք գրում էին, որ պատրաստ են ինձ համար նաև ադրբեջանական կողմից առաջնագիծ մեկնելու հնարավորություն ընձեռել, և ասացի, որ դա ինձ կհետաքրքրի միայն այն պարագայում, եթե ես իրենց առաջնագծում լինելու նույնպիսի հնարավորություններ ունենամ, ինչպես Արցախում։ Բացատրեցի, որ մենք քաղաքացիական լրագրողներ չենք, որոնք ասուլիսից ասուլիս են գնում, մեզ հետաքրքիր է դաշտային պայմաններում աշխատանքը»,-ասաց Պեգովը։

Նրա խոսքով՝ սրանից հետո պատասխան չի ստացել։ Առհասարակ, նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը որևէ լրատվամիջոցի այնտեղ չի թողել, չհաշված թուրքական և «Եվրոնյուզ» հեռուստաընկերության մեկ-երկու ռեպորտաժը: