Ինչպես հասանք այս օրվան

Թե որքան է պետական կառավարման համակարգը կորցրել էթիկայի նորմերի տարրական գիտակցումը, եւ ինչ անկում է ապրել մեր հանրային կուլտուրան, դժվար է չափել: ՀՀ ոստիկանապետը կարող է ընդդիմության առաջնորդին «համբալ» անվանել, Հանրայինի հաղորդավարը կարող է հեգնել ու խոսելու հնարավորություն չտալ ոչ իշխանական հյուրին, դատավորը կարող է անթաքույց պաշտպանել կողմերից մեկի շահերը` չվախենալով պատժվելուց, պատգամավորը կարող է հպարտանալ իր հայացքները չկիսող քաղաքական գործչին վիրավորելու փաստով: Այս անկման մեղավորը, իհարկե, բոլորս ենք, բայց շատ ավելի մեծ չափով՝ պետության ղեկին նստած անձն է, ով նման մթնոլորտի գլխավոր հովանավորն է ու պատվիրատուն: Նա` 2018-ից հետո բարձր ամբիոններից տարածվող իր մերժելի լեքսիկոնով, սուբյեկտիվիզմով եւ հանրությանը պառակտող կոչերով հանրային դաշտ ներմուծեց այս «կուլտուրան»: Իսկ թիմը, որի բոլոր անդամները` ջահել թե ահել, իրեն աստվածացնում էին, կարծեցին, թե սա է շփվելու, արտահայտվելու, դրսեւորվելու միակ ճիշտ եղանակը։
Պատահական չէ, որ առաջին տարին դեռ իշխանության մեջ կային կիրթ եւ դաստիարակված մարդիկ: Հետո նրանց սկսեցին դուրս մղել անզուսպներն ու անդաստիարակները, որոնք ո՛չ մեծ են ճանաչում, ո՛չ փոքր, ո՛չ չափի զգացում ունեն, ո՛չ խոսելու կուլտուրա: Չափանիշը դարձան «լափառոշ» խոսելը, դիմացինին որքան հնարավոր է ցավոտ խոցելը, «քլնգելն ու սատկացնելը», ինչպես արտահայտվում են որոշ վայ-լրագրողներ: Եվ քանի որ ամեն անգամ «հակառակորդին» «սատկացնելուց» հետո իշխանության մեջ գտնվողներն արձանագրում էին առաջնորդի հիացմունքն ու հավանությունը, այդ ոճը դարձավ տիրապետող: Հասկացվեց, որ պաշտոնն ու կարգավիճակը պահպանելու համար իրենցից միայն դա է պահանջվում: Եվ մենք հասանք այս օրվան։
Կարծիքներ