Որդեգրումների գործով մի մեղադրյալի մեղադրանքը եւս փոփոխվել է․ դատարանը նրան չի կալանավորել

Որդեգրումների գործով մի մեղադրյալի մեղադրանքը եւս փոփոխվել է․ դատարանը նրան չի կալանավորել

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ա․ Գարսանցյանի մեղադրանքը  փոփոխվել եւ լրացվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել` Քրօրենսգրքի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Նշենք, որ գործով անցնող գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը երեկ եւս փոփոխվել էր, նրան նույնպես մեղադրանք է առաջադրվել Քրօրենսգրքի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով։

Լուսինե Մարտիրոսյանը նշեց․ «Սկզբից ասեմ, թե ինչ է եղել։ Երբ Գարսանցյանին ձերբակալեցին, նույն օրը ձերբակալումը բողոքարկվել է դատարան։ Հաջորդ օրը, երբ սպասում էինք ձերբակալման բողոքի իրավաչափությանը, պարզ է դառնում, որ քննչականը դատարան է մուտք արել կալանավորման միջնորդություն, այն դեպքում, երբ անձին դեռեւս մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի եղել։ Ժամը 20։30-ին գնում ենք նիստի, պարզվում է, որ քննիչն առանց պաշտպանի մտել է ձերբակալվածների պահման վայր եւ այդ պահի դրությամբ կասկածյալին փոխանցել մեղադրյալ ներգրավելու մասին որոշում։ Դատարանը կալանավորման միջնորդությունը եւ ձերբակալման դեմ իմ բողոքը քննարկեց միաժամանակ։ Ձերբակալման բողոքը բավարարվել է։ Քննիչի միջնորդության քննարկման ժամանակ դատարանը հիմքերից մեկը հանել է, ներկայացվել էր երկու հիմք, որ կթաքնվի եւ կխոչընդոտի քննությունից, թաքնվելը հանեց, խոչընդոտելով կալանավորեց եւ կիրառեց գրավ՝ 5 միլիոն դրամ։ Այդ որոշման դեմ իմ կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոք, բողոք ներկայացվեց նաեւ դատախազության կողմից գրավի կիրառման դեմ, ես բերել էի ընդհանուր հիմնավոր կասկածի հետ կապված։ Դատախազի բողոքը մերժվեց, իմ բողոքը բավարարվեց»։

Ըստ պաշտպանի՝ նոր մեղադրանքով կալանքի միջնորդությունը եւս մերժվել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից․ «Նոր միջնորդության մեջ ներկայացվում է նույն հիմքերը կալանավորման, ամեն դեպքում, դատարանը հիմնավոր կասկածով մերժեց քննիչի միջնորդությունը»:

Հիշեցնենք, որ Անուշ Գարսանցյանը նախկինում մեղադրվում էր ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):