ԱԺ-ում, ինչպես սարսափ-ֆիլմում

ԱԺ-ում, ինչպես սարսափ-ֆիլմում

ԱԺ արտահերթ նիստի հաջորդ հարցերի քննարկումը սարսափ-ֆիլմ էր հիշեցնում: Պատգամավորները քննարկում էին կորոնավիրուսով հիվանդներին չհերձելու կառավարության առաջարկը, եւ նրանց  գերակշիռ մասն այնքան մանրակրկիտ էր խոսում զմռսած դիակի, դագաղների եւ նման այլ բաների մասին, ասես պրոֆեսիոնալ դիահերձողներ լինեին:

«ՀՀ–ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռեւս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռեւս ամբողջովին ուսումնասիրված եւ բացահայտված չէ, ինչպես նաեւ դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում` վարակի հետագա եւ մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- հիմնավորեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս առաջարկն էլ միանշանակ չընդունվեց, իշխանության պատգամավորները եւ հատկապես Հովհաննես Իգիթյանը, միջազգային փորձից ելնելով, առաջարկեց հերձել, որ հասկանալ՝ ինչն ինչոց է, սակայն սրան էլ կողմ քվեարկեցին:

Ներկայացված մյուս նախագծով էլ հնարավորություն է տրվում, որպեսզի բաժնետիրական ընկերությունները բաժնետիրական ժողովներն անցկացնեն առցանց ու որոշումներն ընդունեն առցանց քվեարկությամբ:­ Այս նախագիծն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց: Առհասարակ, անգամ այն դեպքերում, երբ իշխանական ֆրակցիայի կարծիքը միանշանակ չէ, եւ ակնհայտ է, որ պատգամավորների մի մասը դեմ է բերված նախագծին, ղեկավարությունը հրահանգում է կողմ քվեարկել՝ առանց առարկության, եւ բոլորը կողմ են քվեարկում։ Եվ ամենավիճելի նախագծերն անգամ անցնում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունի այնպիսի մեծամասնություն, որ եթե վաղը ԱԺ բերվի իրեն խան հռչակելու մասին օրինագիծ, այն եւս անտրտունջ կընդունվի։ Պարզապես ժամանակին մենք բողոքում էինք կոճակ սեղմող շմայսների ու լֆիկների դեմ, հիմա ունենք կոճակ սեղմողների 88 հոգանոց խմբակցություն, որտեղ որեւէ ինքնուրույնություն արգելված է։ Մի՞թե սրա համար էինք հեղափոխություն անում։