Արդեն 200-ից ավելի զոհ ունենք. Վահե Հակոբյան

Արդեն 200-ից ավելի զոհ ունենք. Վահե Հակոբյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

- Պարոն Հակոբյան, մենք տեղեկություն ունենք, որ այժմ Դուք Ռուսաստանում եք գտնվում:

- Այո, հիմա Մոսկվայում եմ:

- Իսկ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ:

- Չեմ կարող ասել:

- Արդեն երկրորդ օրն է Հայաստանն Ադրբեջանի հրետակոծությունների թիրախում է, իշխանական շրջանակներն էլ տարատեսակ անկարևոր հարցեր են պառլամենտում քննարկում, սակայն ամենակարևորից` գրեթե չեն խոսում....

- Օրվա իշխանությունները հանցավոր պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ: Ուրիշ բան ես չեմ էլ սպասում նրանցից:

- Ի՞նչ պայմանավորվածություն: Ի՞նչ եք ակնարկում:

- Չեմ կարող ասել: Ի՞նչ կարևոր է նոր է, թե՞ հին է: Քաջատեղյակ են, թե ինչ է կատարվում, դա լրիվ հերիք է: Հիմա էլ ԱԺ-ում նստած սերմացուների հարց են քննարկում: Երևի հիմա ամենակարևոր հարցը դա է:

- Իրավիճակից դուրս գալու ելքը տեսնո՞ւմ եք:

- Իշխանություններին պետք է վռնդել հենց այս պահին: Բոլորով պետք է համախմբվենք և տանք համապատասխան, արժանի պատասխան: Էստեղ էական չէ, թե ամերիկացիների, ֆրանսիացիների, թե պարսիկների ձեռքը կբռնենք, պետք է համախմբվել անհապաղ` առանց լիրիկական զեղումների:

- Որոշ շրջանակներ նաև մեղադրում են ընդդիմությանը, նշելով, թե դուք չեք համախմբվում իշխանության շուրջ, ձեր կեցվածքը կրավորական է:

- Ինչքան ուզում են թող մեղադրեն, դա էնքան մեկ է ինձ համար:

- Բայց նրանց շարքերում նաև ձեզ ձայն տված քաղաքացիներն են:

- Ինչո՞ւմ են մեղադրում, բայց:

- Ոչ այնքան վճռական լինելու մեջ:

- Հա, եղավ, ես իրենց շնորհավորում եմ այդ կապակցությամբ:

- Նիկոլ Փաշինյանը հայտնել է 49 զոհի մասին: Դուք Սյունիքից տեղեկություն ունե՞ք:

- 200-ը վաղուց անցել է: 200-ից ավելի զոհ ունենք:

- Լարված իրավիճակը կարո՞ղ է լայնամասշտաբ պատերազմի վերածվել:

- Էս փուլում ոչ, բայց քանի որ ադրբեջանցիները հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պատրաստ են տալ ամեն ինչ, ես ոչինչ էլ չեմ բացառում:

- Ամեն ինչ ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Նրանց նպատակը Սյունիքը կտրելն է և դրանով Երևանից Սյունիք կապը խզելը: Թշնամու ախորժակը շատ մեծ է, դեռ շատ բաներ են ուզելու: Ոտնձգություններ կարող են կատարել նաև Երևանի ուղղությամբ: Որտեղ կարողանան` գրավելու են:

- Դե եթե Հայաստանի վարչապետն, ինչպես Դուք նշեցիք, պայմանավորվածություն ունի նրանց հետ, էլ ինչո՞ւ չպետք է կարողանան....

- Իմ ասածը հենց դա է: