Ժողովրդավարական չափանիշների երկակիությունը

Ժողովրդավարական չափանիշների երկակիությունը

Ուզում եմ հասկանալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին հետապնդելու սևեռուն մտայնությունը: Առաջին հայացքից նմանություն է առկա գեներալ Մանվելի նկատմամբ վերաբերմունքի հետ: Բայց այդ երկու դեպքն արտաքնապես են միայն նման իրար: Սակայն վերաբերմունքի պատճառականությունը նույնը չէ: Գեներալ Մանվելի դեպքը հետհեղափոխական էյֆորիկ  փուլում էր՝ երբ խնդիր էր դրված բարոյապես ոչնչացնել նախկիններին՝ նրանցից մեկին բարոյապես սպանելու միջոցով: Եվ այդ նպատակով բեմադրվեց նամակների, «տուշոնկեքի ու գուշոնկեքի» սցենարը:

Ինչ մնում է ֆիզիկապես սպանելուն, ապա դա սովորական վրեժխնդրության ակցիա էր, քանի որ առաջնային նպատակն արդեն 100 տոկոսով կյանքի էր կոչվել: Ենթադրում եմ, որ վրեժխնդրության հիմքը 2008-ին գեներալի կողմից Լ. Տեր-Պետրոսյանին տրված խոսքը դրժելն էր. գեներալը չհայտնվեց Ազատության հրապարակում: Մինչ այդ էլ երկրապահը կիսվել էր երկու մասի՝ մեկն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը, մյուսը հավատարիմ էր մնացել իշխանությանը: Իսկ գեներալը երկրապահի ղեկավարն էր:

Բժիշկ Արմեն Չարչյանի առումով որևէ մեկին բարոյապես սպանելու խնդիր դրված չէ: Նաև արձանագրենք՝ բժշկին հնարավոր չէ բարոյապես սպանել: Ընդհակառակը, ի տարբերություն գեներալ Մանվելի, այս դեպքում բարոյական վնաս կրողը Նիկոլն է: Նիկոլին ձեռ չի տալիս նաև բժշկի մահը՝ դրա վկայությունն անհրաժեշտության դեպքում բժշկին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է: Իսկ գեներալին, հիշում ենք, չափազանց մեծ ուշացումով տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Այսպիսով, բացառում ենք նաև բժիշկ Չարչյանին ֆիզիկապես սպանելու խնդիրը: Մնում է չոր քաղաքական վրիժառությունը: Չնայած բժշկական կենտրոնը պետական սեփականություն չէ (2001 թ.-ից պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին), սակայն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազա: Դա է հենց տվյալ դեպքում նիկոլական վրիժառության հիմքը՝ համարյա թե պետական կառույցի ղեկավարն իրեն թույլ է տալիս դառնալ ընդդիմադիր: Դե իսկ նախընտրական հավաքում բժշկի ելույթն ընդամենը քրեական գործ կարելու առիթ էր:

Այնինչ, Արմեն Չարչյանի առողջական վիճակը ծանր է, բավականին անհանգստացնող: Դա բարձրաձայնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ Չարչյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո: Այսպիսով, կարող ենք արձանագրել, իբրև թե ժողովրդավարական Հայաստանում իշխանության կողմից խախտվում է մարդու հիմնական իրավունքը՝ կյանքի իրավունքը: Զարմանալիորեն դա չի արձանագրվում արևմտյան երկրների կողմից, որոնք ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կյանքի և առողջության պատճառով պատրաստ էին համարյա թե պատերազմ հայտարարել Ռուսաստանին: Ժողովրդավարական չափանիշների երկակիությունը մենք տեսանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, շարունակում ենք տեսնել հայաստանյահն ընդդիմադիր գործիչների առումով: Ահա, այսպիսի ժողովրդավարություն ստացանք՝ 2018-ի ապրիլին ազգովի մերժելով նախկիններին: