Մարզային հիվանդանոցը թիկունքային հոսպիտալ է դարձել 

Մարզային հիվանդանոցը թիկունքային հոսպիտալ է դարձել 

Երեկ, հաշված ժամերի ընթացքում, առողջապահության նախարարության կողմից մարզային հիվանդանոցներից մեկը ծավալվել է որպես թիկունքային հոսպիտալ: Ծավալումը իրականացվել է համապատասխան մարզպետարանի և պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ընդամենը 4 ժամվա ընթացքում ներդրվել է համապատասխան ուղղությունից դեպի թիկունքային հոսպիտալ տեղափոխման և հետագա դուրսգրման սխեման, ծավալված հոսպիտալը ապահովվել է անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, տարանջատվել են քաղաքացիական պացիենտների և վիրավորների հոսքերը, ապահովվել է հաստատության անվտանգությունը` ոստիկանության ուժերով: Թիկունքային հոսպիտալը համալրվել է շտապ բժշկական օգնության լրացուցիչ մեքենաներով: Այն արդեն իսկ գործում է և սպասարկում է:

Նաև անխափան գործում է արյան բաղադրամասերի ապահովման ծառայությունը:

Այսպես. սեպտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ սահմանամերձ համապատասխան ուղղություններով գործարկվել է վիրավորների տարհանման համակարգը ներառյալ համապատասխան ուղղություններով տեղակայված բժշկական կազմակերպություններում և Արցախի Հանրապետությունում տասնյակ շտապ օգնության մեքենաների տեղակայումը, որոնց միջոցով օպերատիվ իրականացվել է բազմաթիվ վիրավորների տեղափոխում` դեպի մայրաքաղաքի և այլ վայրերի բժշկական հաստատություններ: Երևանում տեղակայված բոլոր հիվանդանոցները առաջին իսկ օրվանից ընդունում են վիրավորներին և իրականացնում են նրանց որակյալ բժշկական օգնությունը: Առայսօր հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ:

Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ: