Ողբերգական հիասթափությունների կրկնությունը

Ողբերգական հիասթափությունների կրկնությունը

1870-ական թթ. որքան միջազգայնացավ հայկական հարցը, եւ արեւմտահայության ազատագրման խնդիրը կապվեց եվրոպական պետությունների ու դիվանագիտության հետ, այնքան մեծացան հայ ժողովրդի՝ քրիստոնյա մեծ տերությունների միջոցով ազատագրվելու հույսերը:

Հայերին հատկապես ոգեւորեց Բալկանյան ժողովուրդների ազատագրումն օսմանյան տիրապետությունից: Թվում էր, թե նույն ձեւով պետք է ազատագրվի նաեւ Հայաստանը: Այս ոգեւորությունն աստիճանաբար տեղի տվեց խորը հիասթափության: Բյուզանդական կայսրության կողմից Հայաստանը Սասանյան Պարսկաստանի դեմ մենակ թողնելու մասին գրելով «Սամվել» պատմավեպում՝ Րաֆֆին նկատի ուներ եվրոպական պետությունների կողմից արեւմտահայությանն Օսմանյան կայսրության դեմ միայնակ թողնելը: Այս պատճառով է, որ վեպի հերոսները ցասումով ասում են՝ «նենգավոր Բյուզանդիոն»:

Հայ ազատագրական պայքարի երգիչ Ռաֆայել Պատկանյանը նույն ձեւով գրեց «Բողոք առ Եվրոպ» բանաստեղծությունը: 1880-90-ական թթ. ստեղծվեց բողոքի եւ հիասթափության մի ողջ գրականություն, որը ոչ միայն տխուր, այլեւ մտահոգիչ զուգահեռներ է գծում այսօրվա իրականության հետ:

Նման բողոքի գեղարվեստական խորունկ արտահայտությունը դարձավ Հովհաննես Թումանյանի 1890-ական թթ. գրել սկսած «Հին կռիվը» պոեմի առաջին՝ «Տանը» մասի նախերգանքը: Ստորեւ նախերգանքը ներկայացնենք այն տողերի մեկնաբանությամբ, որոնք ստուգաբանվում են ժամանակի եվրոպական դիվանագիտության համատեքստում:


Մենք կարծում էինք, թե իր շանթերով
Հըսկում է Աստված Սասմա սարերին.
Մենք ասում էինք՝ անթիվ նավերով
Կըգան օգնության մեր ծանըր օրին…

Ավա՜ղ մեր պայծառ հույսերի համար.
Ահա խորտակված, եւ ահա կըրկին
Նայում ենք անհույս, մենա՛կ, դալկահար՝
Մորթող թըշնամու արյունոտ ձեռքին։

Երկրի մեծերը չեն փոխում իրենց
Մեռելի ոսկրին ողջ ազգը հայի,
Մեր տունն են ուզում, մեր տեղն են ուզում,
Մեր բուն երկիրը՝ մեզնից ամայի…

Նա էլ, որ Աստծու անունով եկավ,
Փըրկչական խաչով, խոսքով գըթության,
Նա էլ Աստըծուն՝ կանգնեց՝ փառք տըվավ,
Որ մենք հոշոտված, տանջված ենք էսքան…

Ու հոսո՜ւմ, հոսո՜ւմ, հոսում է անմեղ
Արյունն-արցունքը տարաբախտ ազգի,
Հոսում ամեն օր, հոսում ամեն տեղ,
Եվ դեռ սոսկալին չի եկել իսկի…

Եվ ահա մենակ, խոցված ու ցավոտ,
Թե մարմնով տանջված՝ հոգով առավել,
Մենք միտք ենք անում մինչեւ առավոտ․
- Տե՜ր ամենագետ, մենք ի՞նչ ենք արել…

Առաջին տան 3-4-րդ տողերի եւ երկրորդ տան միջոցով Թումանյանը նկատի ունի Անգլիայի վարչապետ լորդ Սոլսբերիի այն հայտարարությունը, թե «մեր նավերը չեն կարող լողալ Հայոց լեռների գագաթները»:

Երրորդ տան առաջին երկու տողերը գրեթե բառացի վկայակոչումն են Գերմանիայի կանցլեր Բիսմարկի այն խոսքերի, թե հայերի կոտորածների մասին բոլոր ասվածները «չարժեն գերմանական մի զինվորի փտած ոսկորներին»:

Վերջին տան վերջին երկու տողերի եւ հաջորդ տան միջոցով Թումանյանն արդեն խտացրել է Լոբանով-Ռոստովսկու եւ մի շարք այլ գործիչների շուրթերով ցարական դիվանագիտության հռչակած «Հայաստանն առանց հայերի» դրույթը:

Ամենասարսափելին, սակայն, հինգերորդ տունն է: Թումանյանը ոչ միայն գրում է հայի շարունակ հոսող արյան մասին, այլեւ մարգարեական կանխասացությամբ ավելացնում, որ «դեռ սոսկալին չի եկել իսկի…», որը եկավ ավելի քան մեկ տասնամյակ անց՝ 1915թ․:
19-րդ դարավերջից հնչող թումանյանական այս տողերը գալիս են մեկ անգամ եւս ուսուցանելու, որ համամարդկային արժեքների վրա հիմնված արտաքին օգնություն չի եղել եւ չի կարող լինել: 
Եթե չենք ցանկանում հայ գրականությունը եւ հայ հրապարակախոսությունը Եվրոպային ուղղված նոր բողոքներով հարստացնել՝ առկա հատորներին ավելացնելով եւս մեկը կամ երկուսը, ապա հարկավոր է այսօր տարածաշրջանում միակ իրական դերակատարումն ունեցող Ռուսաստանի Դաշնության հետ ամենժամյա աշխատանք: Այնպիսի աշխատանք, սակայն, որը հիմնված կլինի ոչ թե «դուխով» զառանցանքների, այլ լուռ գործելակերպով փոխադարձ շահերի հնարավորինս ներդաշնակեցման վրա:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն