Նախկին զինդատախազի ռեինկարնացիան

Նախկին զինդատախազի ռեինկարնացիան

Այն, որ Փաշինյանի խոսքն ու գործն իրար հակասում են, այլեւս անհերքելի է: Նախկինների դեմ անողոք պայքար սկսած Նիկոլ Փաշինյանն իր շուրջն է հավաքել մի կողմից հասարակությանն անհայտ, չգիտես որտեղից եկած եւ ինչ ճանապարհ անցած նորելուկների, մյուս կողմից` նախկինների ամենահին ու հասարակության կողմից անընդունելի կադրերին: 

Օրերս ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ասել, թե նա նախկին է, մեղմ կլինի. Ջհանգիրյանի գործունեությունը գալիս է անկախ Հայաստանի «վաղնջական» ժամանակաշրջանից` Լեւոն Տեր- Պետրոսյանի նախագահության տարիներից: Ջհանգիրյանը նախկինների նախկինների նախկիններից է, բայց, լինելով ճարպիկ մարդ, կարողացել է հեշտությամբ քաղաքական մի ճամբարից սահուն անցնել մյուս ճամբար եւ միշտ զբաղեցնել  բարձր պաշտոններ:

Կեղծիքս գաղտնի թող մնա…

Ջհանգիրյանը 1991-1997 թվականներին աշխատել է արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության պետ, այնուհետեւ` արդարադատության նախարարի առաջին տեղակալ։ 1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինդատախազ, 2006-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Հասարակական-քաղաքական գործիչներից շատերն են նրան համարում Հայաստանում ընտրությունների եւ հանրաքվեի կեղծարարության հիմնադիրը:  Ավետիք Իշխանյանը գրում է.«1995թ․հուլիսի 5-ին անկախ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին համապետական՝ Ազգային Ժողովի ընտրություններ, միաժամանակ սահմանադրական հանրաքվե։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականում ղեկավարում էր ԿԸՀ փոխնախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Ընտրություններն ու հանրաքվեն ուղեկցվեցին բոլոր հնարավոր և անհնար կեղծարարություններով՝ բռնություններ, ծեծ ու ջարդ, լցոնումներ, քվեատուփերի գողացումներ, զինվորական ստորաբաժանումների տարբեր տեղամասերում միաձայն քվեարկություններ, արձանագրությունների կեղծումներ և այլն։….Նույնիսկ այդ ամենից հետո, ըստ նույն Ջհանգիրյանի հաշվարկների, հանրաքվեի արդյունքները գոհացուցիչ չէին։ Եվ խախտելով օրենքը, քվեարկությունը երկարացվեց երկու ժամով, մինչև ժ 22-ը։ Հաջորդ իսկ օրը Ջհանգիրյանը զանգահարում էր բոլոր ընտրատեղամասերն ու հանձնարարում․ «Մինչև հանրաքվեի 70%-ից ավել ցուցանիշ չունենաք, արձանագրությունը չեմ ընդունի»: Իսկ Ջհանգիրյանի` ՀՀ Զինդատախազ եղած տարիներին շատ էին դժգոհությունները զինվորական հանցագործությունների բացահայտման ու կեղծման առումներով: «Մատաղիսի» գործը Ջհանգիրյանի «աքիլլեսյան գարշապարն» է:

Հոկտեմբերի 27-ի «սեւ արկղը»

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ջհանգիրյանը ՀՀ  զինդատախազն էր, այնուհետեւ` գլխավոր դատախազի տեղակալ: Նա հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազն էր: Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս նույնպես իրականացվել է զինվորական դատախազությունում՝ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ: Ասել է թե` Ջհանգիրյանն այդ գործի «սեւ արկղն» է. նա ամենատեղյակ մարդն է, թե ինչպես է քննվել այդ գործը, ինչպիսի քննություն է ընթացել, խեղաթյուրվել են արդյոք փաստեր եւ իրողություններ, վկայություններ: Եթե  այդպիսիք եղել են, ապա եղել են հենց իր իմացությամբ եւ գլխավորությամբ: Ուշագրավ է, որ իր պաշտոնավարման տարիներին Ջհանգիրյանը չի բարձրաձայնել գործից անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու դեմ իր դժգոհության մասին: Սակայն, 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հանրահավաքային պայքարի, եւ թվում էր, թե մոտ է այդ պայքարի հաղթանակը, Ջհանգիրյանը հարթակում կանգնեց առաջին նախագահի կողքին եւ սկսեց բարձրաձայնել իր` այդ գործի կարճման ապօրինի լինելու մասին: Ակնհայտ է, որ այսօրվա իշխանության համար գերնպատակ է Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելը: Մարտի մեկի գործով այդ հարցը, կարծես թե, չի լուծվում, ուստի սկսել են շահարկել հոկտեմբերի 27-ի թեման, եւ ելնելով Ջհանգիրյանի` վերջին շրջանում արված հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը հենց դրա համար է Ջհանգիրյանին բերում առաջ: Ջհանգիրյանն իրո՞ք անկեղծորեն ցանկանում է բացահայտել հոկտեմբերի 27-ի մութ կողմերը, թե՞ պարզապես, նա օգտագործվելու է Փաշինյանի քաղաքական նպատակների համար: Այդ քայլին գնալը  Ջհանգիրյանի համար վտանգավոր կարող է լինել: Չէ՞ որ, եթե եղել են հոկտեմբերի 27-ի գործով իրավական կեղծիքներ, ապա դա արվել է հենց իր իմացությամբ ու ձեռամբ, անկախ այն բանից, թե ով է նրան կարգադրել գնալ ակեղծիքների, հենց ինքն է պատասխանատուն, իր պաշտոնավարման տարիներին ինքը լռել է, չի բարձրաձայնել: Ի դեպ, 27-ից հետո ՊՆ-ում՝ Ալիկ Հարությունյանի մասնակցությամբ արված մի տեսանյութի մասին տարիներ շարունակ ասում էին, որ դրա օրինակը Ջհանգիրյանի մոտ է եւ կարծիք կար, որ վերջինս այլ գաղտնիքների էլ է տիրապետում։

 «Ապաքաղաքական» Ջհանգիրյանը

Որքան էլ Ջհանգիրյանը հայտարարի, որ ինքը քաղաքական մարդ չէ, նրա կենսագրությունն այլ բան է վկայում. նա իրավական համակարգի ամենաքաղաքական մարդն է: Ոչ քաղաքական գործիչն ի՞նչ գործ ուներ 2008 թ-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին` քաղաքական հարթակում, եւ ինչու էր գոռում «Լեւո՛ն, Լեւո՛ն»: Իսկ իր բոցաշունչ ելույթում պնդում էր, որ Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին եւ երրորդ նախագահն է: Ջհանգիրյանի ելույթից մի քանի ժամ անց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանին միջնորդում է պաշտոնից ազատել ու դատախազական համակարգից հեռացնել՝ քաղաքականությամբ զբաղվելու համար: Այնուհետեւ` ազատազրկվել է: «Ոչ քաղաքական» Ջհանգիրյանը  եղել է Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ՀԱԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Սակայն հետագայում խիստ սերտացել է ՀՀԿ թիմի հետ եւ բոլոր մերձավորներին տեղավորել աշխատանքի։

Դղյակի նման գոմը, կամ` փուշիկ տվի լոշիկ առա…

ԱԺ-ում, Ջհանգիրյանի` ԲԴԽ անդամ ընտրվելու կապակցությամբ հարցեր էին տալիս ԱԺ պատգամավորները: Թագուհի Թոմվասյանը, նախ Ջհանգիրյանին հիշեցրեց, որ իրենք քաղաքական պայքարի դաժան ճանապարհ են անցել…ասել է թե` կապ չունի` ով որտեղ է, իրենք մնում են ընկերներ: Այնուհետեւ շոյիչ նրբերանգով հարց ուղղեց` կապված նրա դղյակի  ծագումնաբանության հետ: Դրան ի պատասխան Ջհանգիրյանն ասաց. «Դղյակային որևէ բան չկա։ Էնտեղ հարևանությամբ էնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»։ Իսկ այդ «գոմի»  ծագումնաբանությունը ներկայացնելիս ակամա հիշում ես ծտի մասին հայտնի հեքիաթը. փուշիկ տվի, լոշիկ առա, լոշիկ տվի, գառնուկ առա, գառնուկ տվի, սազիկ առա…»: