Դիլիջանի համայնքապետարանը մերժել է «Հայաքվեի» նախաձեռնությունը

Դիլիջանի համայնքապետարանը մերժել է «Հայաքվեի» նախաձեռնությունը

Դեռ հունիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նախաձեռնող խումբը գրանցման համար հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե օրենքով սահմանված պահանջները պահպանված չեն:

Նշենք, որ խոսքը «Հայաքվե» նախաձեռնության մասին է, որը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է մշակել, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Ըստ օրենքի`«Հայաքվեի» ստորագրահավաքի համար 60-օրյա ժամկետ է նախատեսված։ 

«Հայաքվեի» նախաձեռնողներից Արամ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ԿԸՀ-ի որոշումը ստանալուց՝ հունիսի 21-ից անմիջապես հետո նախաձեռնությունը դիմել է վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերի բոլոր համայնքների ղեկավարներին՝ իրենց նախաձեռնությունն ընդունելու առաջարկով: Վարչական շրջանների ղեկավարներն ու համայնքապետարանները եռօրյա ժամկետում պետք է պատասխանեն իրենց: Պետրոսյանի խոսքով` հունիսի 21-ին դիմել են, այսօր լրանում է երրորդ օրը, սակայն համայնքապետարաններից ու վարչական շրջանների ղեկավարներից գրեթե արձագանք չեն ստացել:

- Ինչո՞ւ դեռևս չկա արձագանք:

- Նրանք պատասխանելու եռօրյա ժամկետ ունեն: Մենք դեռևս խելոք սպասում ենք:

- Եթե այսօր էլ չլինի արձագանք, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

- Արդեն կբարձրաձայնենք խնդիրը:

- Ստորագրահավաքը փաստորեն չեք սկսել, պատասխաններին եք սպասում:

- Այո, սպասում ենք պատասխաններին, որից հետո պարզ կդառնան մեր անելիքները:

- Ինչպե՞ս եք ստորագրահավաքը պատկերացնում: Ի՞նչ ֆորմատով:

- Նախատեսում ենք թաղապետարանների շենքերում իրականացնել, նաև էլեկտրոնային տարբերակներով: Այժմ ԿԸՀ-ի կայքով այն ընթացքի մեջ է, սակայն ոչ մի թիվ չենք տեսնում: Դեռ կոնկրետ ստորագրահավաք չկա, որովհետև չկան պատասխաններ, սակայն ամեն ինչ օրենքի շրջանակներում է դեռևս: Երկուշաբթի օրը պլանավորել ենք աշխատանքային ռեժիմով ամեն ինչ անել:

- Առհասարակ չկա՞ն պատասխաններ:

- Օրինակ` Դիլիջանի համայնքապետարանը մերժել է արդեն: Երևանից էլ Նոր-Նորքի վարչական շրջանն է մերժել: Սակայն Նոր-Նորքի մերժումն ապօրինի է և այդ հարցը ԿԸՀ-ի հետ երեկ քննարկել ենք: Արձանագրել ենք, որ օրենքը պարտադրում է, կամայական մերժումներ չպետք է լինեն: Նշել էին, որ իրենց մոտ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, ազատ կաբինետ չկա: Մեզ պետք են վայրեր, որտեղ կիրականացվի քվեարկությունը: Սակայն այնպես չլինի, որ ինչ-որ վարչական շրջանի 8-րդ հարկում լինի: Հաշմանդամներ ու բազում խնդիր ունեցողներ կան:

- Իսկ ինչպե՞ս է պատճառաբանել Դիլիջանի համայնքապետարանը իր մերժումը։

- Մերժել է` պատճառաբանելով, որ ազատ սենյակ չկա, սակայն այժմ արդեն կան նաև նախաձեռնությունն ընդունող համայնքներ:

 -Ո՞ր համայնքները:

- Արարատ, Արմավիր, էլի կան, սակայն այս պահին ձեռքիս տակ դրանք են:

- Բոլոր մարզեր դիմե՞լ եք:

- Այո, բոլոր մարզեր, բոլոր քաղաքներ: